Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Սեպտեմբեր 26,2008 00:00

«Փյունիկը» նվաճեց վերնագավաթը

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» վեցերորդ անգամ նվաճեց Հակոբ Տոնայանի անվան վերնագավաթը՝ «Հրազդան» ստադիոնում երկրի գավաթակիր «Բանանցին» հաղթելով նվազագույն՝ 1:0 հաշվով:

Մեկական «արծաթ» եւ «բրոնզ»

Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի 10-18 տարեկանների պատանեկան առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էր 23 հոգի:

Մրցաշարում մեր հանրապետությունից գերազանց հանդես եկան ՖԻԴԵ-ի վարպետ Սամվել Տեր-Սահակյանը (16 տարեկաններ) եւ Կարեն Գրիգորյանը (14 տարեկաններ), որոնք մինչեւ վերջին օրը պայքարում էին չեմպիոնության համար: Ցավոք, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները նրանց, այնուամենայնիվ, բաժին չհասան:

Սամվելը եզրափակիչ տուրում միավորը բաժանեց իտալացի Աքսել Ռոմբալդոնիի հետ եւ ինը հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ լրացուցիչ գործակիցներով դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ չեմպիոնի կոչումը 8,0 միավորով նվաճեց Իլյա Նիժնիկը (Ուկրաինա):

14 տարեկանների խմբում հանդես եկող Կարեն Գրիգորյանը նույնպես վերջին տուրում կարողացավ կես միավոր վաստակել բելառուսցի Վլադիսլավ Կովալյովի հետ պայքարում եւ 7,0 միավորով հենց նրան էլ (կրկին լրացուցիչ գործակիցներով) զիջեց երկրորդ մրցանակային տեղը՝ բավարարվելով «բրոնզով»: Այստեղ չեմպիոն դարձած Իվան Բուկավշինը (Ռուսաստան) իր անվան դիմաց գրանցեց 7,5 միավոր:

Հերցեգ Նովիում հաջող կարելի է համարել նաեւ Սիրանուշ Ղուկասյանի (10 տարեկաններ, 13-րդ տեղ), Հայկ Վարդանյանի (16 տարեկաններ, 14-րդ տեղ), Արփի Ազիզբեկյանի (12 տարեկաններ, 19-րդ տեղ) մրցելույթները: Իսկ մեր մյուս շախմատիստներն իրենց տարիքային խմբերում առաջնությունը եզրափակեցին միջին եւ ստորին հորիզոնականներում:

Ֆուտբոլիստների սիրտն անպայման պետք է ստուգվի

Մոտ ժամանակներս ՖԻՖԱ-ն ազգային հավաքականներում (նաեւ կրտսեր տարիքային խմբերում) հանդես եկող ֆուտբոլիստներին պարտադիր սրտաբանական հետազոտության ենթարկելու կարգ կմտցնի: Այսպիսի որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել այն, որ ժամանակին սրտի հետ կապված խնդիրները չբացահայտելու պատճառով անցած մրցաշրջանում մահացել է Անգլիայի, Շոտլանդիայի, Իսրայելի եւ Իսպանիայի ակումբներում խաղացող չորս ֆուտբոլիստ, իսկ եւս երկուսի, այդ թվում՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թ, աշխարհի չեմպիոն Լիլիան Տյուրամի կյանքին վտանգ է սպառնացել: «Մենք բարձրակարգ ֆուտբոլիստների հետ աշխատող բոլոր բժիշկներին եւ ֆիզիոթերապեւտներին առաջարկում ենք այս խնդրին առանձնահատուկ ուշադրություն դարձնել»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի բժշկական դեպարտամենտի ղեկավար Իրժի Դվորժակը:

Սկսեցին պարտությունով

Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների (մինչեւ 19 տարեկաններ) հավաքականը Լեհաստանում մեկնարկած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպումը 0:3 հաշվով տանուլ տվեց տանտերերին: Գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանի սանուհիները հաջորդ խաղն անցկացնելու են վաղը՝ Ավստրիայի հավաքականի, իսկ սեպտեմբերի 30-ին՝ Թուրքիայի թիմի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել