Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 26,2008 00:00

«ԿՈԱԼԻՑԻՈՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԱՍԻՍՈՒՄ

\"\"Քաղաքապետի թեկնածուները յուրովի են հասկանում կուսակցական դառ նալու իմաստը

Հոկտեմբերի 12-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում համայնքապետի հերթական ընտրություններ են: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սաշա Հակոբյանը, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանն ու Դմիտրի Նազարյանը, որը երկար տարիներ ՀՀԿ անդամ է եղել, սակայն սեպտեմբերի 22-ին դիմում է գրել կուսակցությունից դուրս գալու համար եւ հիմա մտորում է՝ անցնել ԲՀԿ-ի շարքե՞րը, թե՞ ոչ: Չորրորդ թեկնածուն ՕԵԿ անդամ Ռուբեն Աթանեսյանն է: Պաշտոնապես քարոզարշավը մեկնարկել է ամսի 23-ին, բայց արդեն թեկնածուներից մի քանիսն անցել են «սեւ PR»-ի:

Արդեն խլրտոց է սկսվել ԲՀԿ Մասիսի տարածքային կենտրոնում: Բանն այն է, որ թեկնածուներից Դմիտրի Նազարյանը, առաջադրման փաստաթղթերը ներկայացնելիս, իր կուսակցական պատկանելությունը նշել է ՀՀԿ անդամ, այդպես է նշագրված նաեւ ԿԸՀ կայքէջում, սակայն ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրելուց հետո նա, թեեւ դեռ ԲՀԿ անդամ չէ, ամենուր հայտարարում է, որ հենց ինքն է այդ կուսակցության թեկնածուն եւ Գագիկ Ծառուկյանն իրեն «դաբրո» է տվել:

«Առավոտի» հետ զրույցում նա այսպես ներկայացրեց իր կուսակցական «վազքը». «Այս ընտրություններին իմ նախաձեռնությամբ եմ առաջադրվել, ոչ մի կուսակցություն ինձ պաշտոնապես չի առաջադրել: Եղել եմ ՀՀԿ անդամ, եւ ինձ այսօր սատարում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ճիշտ է, դեռ այդ կուսակցության անդամ չեմ, բայց մտածում եմ անդամակցելու մասին: Ինչո՞ւ: Որովհետեւ ինձ նախապես ասացին եւ զգում էի, որ ՀՀԿ-ն չի պաշտպանում իմ թեկնածությունը եւ եթե իր անդամին չի պաշտպանում, ուրեմն երեւի մտածում է, որ արժանի չեմ: Ես էլ որոշեցի, որ ինձ օգնելու, ինձ սատար կանգնելու համար անցնեմ մեկ այլ իշխանական կուսակցություն: Վաղուց է, որ լավ վերաբերմունք ունեմ ԲՀԿ-ի եւ իր նախագահի նկատմամբ»,- ասաց Դ. Նազարյանը: Նա նշեց, որ եթե նույնիսկ ԲՀԿ-ն իրեն չպաշտպանի, այլ կանգնի Կ. Օհանյանի կողքին, միեւնույն է, այդ կուսակցությունից չի «հիասթափվի». «Իհարկե, ուրախ կլինեմ, որ ինձ ՀՀԿ-ն պաշտպանի, բայց դա չի նշանակում, որ կուսակցությունից դուրս գալու դիմումս ետ կվերցնեմ: ԲՀԿ-ում շատ կան ինձ հարազատ մարդիկ եւ կուսակցության ակտիվությունն ինձ ավելի է մոտեցնում իրենց, քան ՀՀԿ-ի շարքերում մնալը»: Նրա ասածն ինքնակոչության դրսեւորում է, քանի որ դեռեւս 06.09.08թ. ԲՀԿ-ի Մասիսի տարածքային գրասենյակի խորհուրդը գրավոր ամրագրել է իրենց կուսակից Կ. Օհանյանին սատարելու մասին որոշումը: Այս առնչությամբ «իսկական» ԲՀԿ-ական Կ. Օհանյանը նշեց. «Մինչ օրս գիտեմ, որ նա առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, իսկ ինձ սատարելու մասին ԲՀԿ որոշումը չի փոխվել: Բայց եթե Մասիսի տարածքային խորհուրդը որոշի, որ պիտի Նազարյանին սատարի, թող սատարի՝ ես պայքարս կշարունակեմ առանց կուսակցության եւ կլքեմ կուսակցության շարքերը»: Ըստ նրա, այժմ այդ մտադրությունը չունի եւ հույս հայտնեց, որ խորհուրդն իր կայացրած որոշումը չի փոխի. «Շատ ներդրում ունեմ ԲՀԿ-ի համար: Իմ սեփական «Իկարուս» ավտոբուսն արդեն 2,5 տարի բարեգործական կարգով աշխատում է ուսանողների համար: 1,5 տարի է՝ անվճար տարածք եմ տվել կուսակցության երիտասարդական թեւին, որի ղեկավարը որդիս է: Եթե դրանից հետո կգտնեն, որ իմ նման մարդն այլեւս անելիք չունի՝ կհեռանամ այդ կուսակցությունից»: Կ. Օհանյանի խոսքերով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի սոցհարցումների կենտրոնից եկել են հարցումներ անելու եւ դիտավորյալ բլանկներում չէին ներառել իր եւ ՕԵԿ-ի թեկնածուի անունները, դրանով հասարակության մեջ տպավորություն են թողել, որ իրենք որպես թեկնածու չկան. «Մինչեւ անգամ մեկ օր առաջ Դմիտրի Նազարյանն իրենց բակում հայտարարել է, թե ես հօգուտ իրեն հանել եմ թեկնածությունս ու իրեն եմ միացել. դա բացարձակ ապատեղեկատվություն է: Այս հարցումների պատմությունն էլ, կասկածում եմ, որ հենց իր ձեռքի գործն է»: Նշենք, որ Դ. Նազարյանը 1996-99թթ. եղել է Մասիսի քաղաքապետ, որից հետո մինչեւ վերջերս աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում, բայց աշխատանքից դուրս է եկել եւ որոշել է քաղաքապետ դառնալ:

Մասիսցիներն ավելի քիչ են գնահատում Ռուբեն Աթանեսյանի ընտրվելու հնարավորությունը: Մեր փոքր հարցախույզն էլ դրա վկայությունն էր. 40 հարցվածից նրան ձայն տվեց ընդամենը 5 մարդ. «Այսօր բնակչության զգալի մասը իշխանական լծակի մոտ գտնվող մարդկանցից, ճիշտ է, չի վախենում, բայց խուսափում է եւ ազատ կարծիք չի արտահայտում: Մեր թիմը նորմալ, ազնիվ մարդկանց թիմ է, որը բացարձակ կապ չունի կրիմինալ, կոռումպացված շերտի կամ կլանի հետ: Իմ հիմնական ընտրազանգվածը կլինի հասարակ խավը եւ մտավորականությունը»,- ասաց Ռ. Աթանեսյանը:

Հիմնականում հասարակ խավի վրա է հույսը դրել նաեւ գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը, որն արդեն չորրորդ անգամ է առաջադրվում: «Իմ կողքին կանգնած են բոլոր խավերից, ով կասի, որ թքած ունի ժողովրդի վրա, ուրեմն նա ամենավերջին մարդն է: Այդ վերջին բառը ով ինչպես ուզում է՝ թող հասկանա: Ես էլ եմ բանվորի ընտանիքում մեծացել, երիտասարդական տարիներս էլ վատ պայմաններում եմ ապրել: Իմ կողքին կանգնած մեքենաների շարասյան մեջ մի 2 «ջիփեր» կտեսնեք, հիմնականը՝ Սովետի մեքենաներ են»: Նա մեր թերթի միջոցով մասիսցիներին հետեւյալ խոստումը տվեց. «Ընտրությունների գնալու եմ քաղաքակիրթ ձեւով, իմ կողմից օրենքի խախտում որեւէ մեկը չի նկատի, նույնիսկ հիմա արձակուրդի մեջ եմ, որ դիրքի չարաշահում չդիտվի: Խոստանում եմ, որ որպես գործող քաղաքապետ, ոչ մի ավելորդ քայլ չեմ անի, բայց պիտի իմ հաղթանակի համար աշխատեմ: Եկեք բոլորս քաղաքակիրթ ձեւով գնանք ընտրության, ով կհաղթի՝ պատրաստ եմ առաջինը ես շնորհավորելու»:

Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել