Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարարվեստը դառնում է սպորտաձեւ»

Սեպտեմբեր 26,2008 00:00

Ասում է համառուսաստանյան պարային օլիմպիադայի նախագահ Անդրեյ Կակաուշինը

Երեկ մեկնարկեց Հայաստանի առաջին պարային օլիմպիադան, որի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 28-ին: Այդ շրջանակներում «Թեքեյան» մշակութային կենտրոնում պարարվեստի հայազգի եւ արտասահմանցի գործիչները երեկվա խորհրդաժողովի ընթացքում քննարկեցին ոլորտում առկա խնդիրներ: Օլիմպիադան կանցկացվի «Միկա» սպորտային համալիրում, որին կմասնակցեն ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից 100-ից ավելի պարային խմբեր: Հայաստանի առաջին պարային օլիմպիադան կկայանա միջազգային չափանիշներով, որոնք սահմանված են 45 անդամ երկրներից բաղկացած միջազգային պարային կազմակերպության (IDO) կողմից:

Կառույցի 1-ին փոխնախագահ Մայքլ Բենդից «Առավոտը» հետաքրքրվեց, թե պարային ուղղությունների զարգացման առումով ի՞նչ միտումներ կան աշխարհում: «Դրանք երբեմն թելադրվում են Ամերիկայի կողմից, հատկապես հիփ -հոփի դեպքում: Ֆիլմերի, տեսահոլովակների միջոցով այդ միտումները տարածվում են աշխարհով մեկ»: Համառուսաստանյան պարային օլիմպիադայի նախագահ Անդրեյ Կակաուշինն էլ «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Աստիճանաբար պարային բոլոր ուղղությունները, նույնիսկ՝ բալետը, դառնում են սպորտաձեւեր»: Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞ւր մնաց արվեստը: Ա. Կակաուշինը նշեց. «Ֆուտբոլում գեղեցիկ խփված գոլն էլ է արվեստ: Օլիմպիական խաղերում, նկատած կլինեք, որ գեղարվեստական գիմնաստիկան որոշ շարժումներ ժառանգել է բալետից: Այնպես որ, տարբեր ուղղությունների միաձուլումն էլ մեկ ուրիշ միտում է»:

«Անի», «Ժպիտներ» պարախմբերի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Խաչատրյանն «Առավոտի» այն հարցին՝ լա՞վ է, որ այժմ երեխաները ձգտում են «լատինո» ուղղությանը, պատասխանեց. «Դա նախասիրության հարց է: Այլ խնդիր է, թե արժե՞, որ մեր երեխաները անճաշակության մեջ սովորեն եվրոպական պարեր: Մյուս կողմից էլ որպես հայ՝ առաջին հերթին երեխաները ժողովրդական եւ ազգագրական պարերը պիտի սովորեն, բայց դրանք էլ պիտի լինեն

անարատ: Ուստի պարախմբի ղեկավարը պիտի լինի գիտակ, ստանա համապատասխան կրթություն, որակավորում»:

ՀՀ սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Գեւորգ Մարկոսյանն այս հարցի կապակցությամբ նշեց. «Բոքսն էլ հայկական սպորտաձեւ չէ, բայց երեխաները սովորում են այն: Միջազգային ասպարեզ դուրս գալու, մրցելու համար այլ տարբերակ չկա»: ՀՀ ժողովրդական արտիստ, «Կանազ» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյանն «Առավոտին» հայտնեց իր մտահոգությունը. «Երբեմն ծնողներին են մեղադրում, որ այդքան ձգտում են օտար պարային ուղղություններին: Հաճախ չեն էլ հասկանում, թե «լատինոն» ինչ է: Անկեղծ ասած, «լածինոյին» ասում եմ լածիրակների պար, քանի որ հաճախ այն սովորեցնում են վուլգար ձեւերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել