Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՔՐ ԴԵՐԵՐԳԵՐ ՉԿԱՆ»

Սեպտեմբեր 26,2008 00:00

\"\"Օպերային թատրոնի մեներգչուհի Լիլիթ Գրիգորյանը կարծում է, որ աննշան դերերգեր չեն լինում

Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, Հայաստանում 2000թ. անցկացված վոկալիստների հայ-գերմանական առայժմ առաջին ու վերջին միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր Լիլիթ Գրիգորյանի հետ «Առավոտի» հանդիպման առիթը Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի բեմադրությունում նրա ստացած փոքր դերերգն է: Մասնագետների փոխանցմամբ՝ երգչուհու հյութեղ մեցցո- սոպրանոն ժամանակին գրավել է նույնիսկ հանրահայտ Ելենա Օբրազցովային, որի եւ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգիչների ընկերակցությամբ Լ. Գրիգորյանը Պոլինայի դերերգով Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերային ներկայացման մեջ 2004թ. հանդես է եկել Հունգարիայի Միշկոլցի թատրոնում, դրանից առաջ էլ՝ Ամներիսի դերերգով (Վերդիի «Աիդա»)՝ Վաշինգտոնում, Մոսկվայի Չայկովսկու անվան դահլիճում Ա. Խաչատրյանի 100-ամյակի միջոցառումների շրջանակում կոմպոզիտորի «Ձոն ցնծության» ստեղծագործության մեկնաբանմամբ՝ Ա. Յուրշովի ղեկավարած կապելլայի եւ Յու. Բաշմետի նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Հովհ. Չեքիջյան) եւ այլն: Լ. Գրիգորյանը ժամանակին Ֆիլհարմոնիկ նվագախմբի, կապելլայի եւ իր գործընկերների հետ հանդես է եկել Մոցարտի, Վերդիի, Ռոսինիի ռեքվիեմներում:

Թեեւ երգչուհին Ազգային օպերային թատրոնում զբաղվածության առումով նեղսրտելու առիթ չունի (նա զբաղված է Վերդիի «Տրուբադուր», «Տրավիատա», Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», Ռախմանինովի «Ալեկո», Էդ. Սադոյանի «Գրիգոր Լուսավորիչ» եւ մյուս ներկայացումներում՝ մեցցո սոպրանոյի համար գրված գլխավոր դերերգերով), այնուամենայնիվ, մեզ հետաքրքրեց երգչուհու՝ «Երկրաշարժ» օպերայում նրան առաջարկված փոքր պարտիայով հանդես գալու համաձայնությունը: Նշելով, որ փոքր ու մեծ, նշանավոր կամ աննշան դերերգ արտահայտություն իր համար չկա եւ «Երկրաշարժը» 20-րդ դարի աշխարհահռչակ կոմպոզիտոր Տերտերյանի գործն է, մեր զրուցակիցն ասաց. «Այս օպերայում գլխավոր դերերգ մեցցոյի համար գրված չէ: Իսկ հովվական, առաջին հայացքից գուցե աննշան թվացող տերտերյանական մեղեդին վստահելը ինձ համար պատիվ է եւ պարտավորեցնող»:

Օգտագործելով երգչուհու հետ հանդիպման առիթը, հարցրինք՝ իրո՞ք իրականություն է մեզ հասած այն տեղեկությունը, որ թեեւ այս տարի «21-ի հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում «Շչեդրինյան օրերը Հայաստանում» համերգաշարում ինքն ընդգրկված չէր, սակայն նրան, այնուամենայնիվ, հաջողվել է ելույթ ունենալ կոմպոզիտորի եւ նրա կնոջ՝ Մայա Պլիսեցկայայի առջեւ: Առանց մանրամասնելու՝ երգչուհին տեղեկացրեց հետեւյալը. «Այո, ես ընդգրկված չէի նշված համերգներում, սակայն ինձ համար պատրաստել էին անակնկալ. մեծանուն արվեստագետների հետ ծանոթությունից հետո, ես էլ իմ հերթին մատուցեցի նրանց անակնկալ, կատարելով Շչեդրինի «Ոչ միայն սեր» օպերայից Վարվառայի քառյակները»: Երգչուհին տեղեկացրեց նաեւ, որ Արարատյան թեմի առաջնորդարանի կազմակերպած միջոցառումներին «համուհոտ» տալու անհրաժեշտությունից ելնելով, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբից (որտեղ Լ. Գրիգորյանը հանդես է գալիս այլ «դերում»՝ խմբավար), առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջարկով, 2007թ. ստեղծվեց ութ հոգուց կազմված «Ծաղկազարդ» կանանց վոկալ օկտետը. «Օկտետի բոլոր անդամներն ունեն համապատասխան բարձրագույն կրթություն, իսկ երկուսը՝ Ռոզա Հովսեփյանն ու Սյուզաննա Մելքոնյանը, մեր օպերային թատրոնի մեներգչուհիներ են: Հասցրել ենք համերգներ ունենալ, այդ թվում՝ նաեւ բարեգործական: Առաջիկայում նախատեսվում են ձայնագրություններ եւ, Աստծո կամոք, մենահամերգ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել