Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանի «էլիտարը»՝ գարշահոտության մեջ

Սեպտեմբեր 26,2008 00:00

Գյուղի Գերմանա-հարավսլավական թաղամաս մտնելու համար անհրաժեշտ է առնվազն հակագազ կրել:

«Արդեն 10 տարի է՝ մաքուր օդ չենք շնչել, կեղտաջրերը կենտրոնական փողոցն ու նկուղներն են լցվում, գյուղապետն էլ ձմեռը ասֆալտապատ կարգին փողոցը քանդեց, իբր թե կոյուղու խողովակներ է անցկացնում, սակայն այդպես էլ կիսատ թողեց: Մի՞թե էդքան դժվար է 50 ընտանիքի հարց լուծելը: Վարչապետն էլ թեեւ րոպեն մեկ Ախուրյան է գալիս ու ասում, որ անօթեւանների համար էլիտար թաղամաս են կառուցելու, բայց չի հետաքրքրվում, թե մի քանի մետր այն կողմ ինչ վիճակ է»,- օրերս նման բողոքով «Առավոտին» դիմեցին Ախուրյան գյուղի Գերմանա-հարավսլավական թաղամասի բնակիչները: Այս թաղամասում է ապրում երկրաշարժի ժամանակ իրենց հարազատներին կորցրած 50 ընտանիք: Չնայած թաղամասը համարվում է «էլիտար», սակայն այն 17 տարի առաջ շահագործման է հանձնվել լուրջ թերություններով՝ կոյուղին միացված չի եղել գլխավոր կոլեկտորին, որի հետեւանքով կոյուղաջրերը շարունակ թափվել են բաց դաշտ: Որոշ ժամանակ անց կեղտաջրերը բաց դաշտից հետ են հոսել բնակարաններ, ու բնակիչները պարզել են, որ «տարածքներ վաճառելու մոլուցքով տառապող» իրենց գյուղապետ Արծրուն Իգիթյանը, տուն կառուցելու նպատակով, վաճառել է այն տարածքը, որտեղ վերջանում է թաղամասի կոյուղագիծը: Տարածքի սեփականատերն էլ փակել է կոյուղաջրերի հորը ու ասֆալտապատել տարածքը: Այժմ բնակիչները լսել անգամ չեն ուզում իրենց գյուղապետի պատճառաբանությունը, թե փող չկա՝ կոյուղու խողովակներն անցկացնելու համար. «Ինչո՞ւ չկա, հիմա պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հսկայական հարկեր է մուծում տեղական բյուջե, Ախուրյանի տարածքում շաքարի գործարան է կառուցում, եթե փող չկա, էդ ինչպե՞ս է գյուղապետ Արծրուն Իգիթյանն անձնական բիզնեսն ընդլայնում՝ Ախուրյանում խանութ է կառուցել, Երեւանում՝ բնակարան գնել»:

Այս առնչությամբ Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանն «Առավոտի» հետ զրույցում արդարացավ, որ այս թաղամասի խնդիրը բնակիչներից շատ ինքն է բարձրաձայնել: Նա հերքեց այն մեղադրանքները, թե ինքն այս թաղամասում հողատարածք է վաճառել. «Եթե բնակիչների խոսքը վերաբերում է ազատ տարածքներին, որոնք ոչ մի բանի չեն խանգարում, շատ ճիշտ ենք արել, որ օտարել ենք: Այն հողերը, որոնք եկամուտ չեն բերում համայնքին՝ պետք է այնպես անենք, որ հարկվեն թե՛ գույքահարկով, թե՛ հողահարկով»: Մեր այն հարցին, թե Սամվել Ալեքսանյանի՝ շաքարի գործարանից գանձվող հարկերը չէի՞ն կարող կոյուղագիծ անցկացնելու գործին նպաստել, Ա. Իգիթյանը պատասխանեց. «Շաքարի գործարանը կառուցելու համար մենք էլ ենք փող ծախսել, քանի որ նախկինում այդ տարածքը զբաղեցնող «Շիրառսպաս» կազմակերպությունը 25 միլիոն դրամի հարկային բեռ ուներ, որը մենք ենք փակել: Գործարանը շահագործման չի հանձնվել, ուստի այն դեռ չի հարկվում»: Թե պարոն Իգիթյանը ի՞նչ միջոցներով է մայրաքաղաքում բնակարան գնել, նա պատասխանեց. «Հաճելի կլիներ, որ կարողանայի Երեւանում բնակարան գնել։ Ես միայն Ախուրյանում ունեմ կիսակառույց բնակարան: Նույնիսկ ինչ-որ տեղ վիրավորական է, որ սովորական համայնքի բնակիչը կարող է թանկարժեք մեքենա վարել, իսկ ես էսօր սեփական մեքենա չունեմ»:

Նշենք, որ Ա. Իգիթյանն արդեն 5-րդ անգամ է պատրաստվում մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Տարածված խոսակցությունների համաձայն՝ այս անգամ դաշնակցականի հետ կմրցեն 2 ԲՀԿ-ականներ՝ երիտասարդ Միքայել Անտոնյանը, որը Ախուրյանում տաքսի ծառայություն, բաղնիք ու սեփական խանութ ունի, եւ գործազուրկ Մանվել Մաթեւոսյանը, որը Ա. Իգիթյանի համադասարանցին է: Գյուղապետը նրանց լուրջ հակառակորդներ չի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել