Չորեքշաբթի օրը Նյու Յորքի իր կեցավայրում Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Ինչպես փոխանցում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Ի պատասխան, պետքարտուղարը նշել է, որ Հայաստանը քաղաքական բարեփոխումներում արձանագրում է առաջընթաց, ինչը լավ հիմք է նման օժանդակության շարունակականության ապահովման համար:
Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով փոխզիջումային լուծման հարցում: Քոնդոլիզա Ռայսը, իր հերթին, կարեւորել է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը եւ ընդգծել, որ նման հանգուցալուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատմանը: Պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի նախագահին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար եւ հույս հայտնել, որ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան եւ հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում:
Քիչ ավելի վաղ Նյու Յորքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցեր: Նույն օրը Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ: Երկու նախագահները կարեւորել են Հայաստանի եւ Սերբիայի միջեւ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության հետագա խորացումը եւ նշել, որ այդ ուղղությամբ առկա է բավականին մեծ ներուժ, ինչի արդյունավետ իրացման ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր:
Սերժ Սարգսյանը եւ Բորիս Տադիչը նկատել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, հայ եւ սերբ ժողովուրդները պատմամշակութային շատ ընդհանրություններ եւ փոխադարձաբար ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Տադիչը Սերժ Սարգսյանին առաջարկել է պաշտոնական այց կատարել Սերբիա:
Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը, որի ժամանակ հանդես է եկել ծավալուն ելույթով: