Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն ընդունեց իր մեղքը

Սեպտեմբեր 26,2008 00:00

Սպասե՞նք Գայանե Կարախանյանի հրաժարականին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, անսպասելի եւ մեր դատական համակարգի համար բացառիկ որոշում է կայացրել՝ ընդունելով «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ նրա պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: «Հասարակության մեջ բեկում է տեղի ունեցել: Դատարանը փորձել է հասկանալ, որ ինքը գործիք չէ, քաղաքական իշխանության կցորդը չէ, այլ՝ իշխանության մարմին»,- «Առավոտի» հետ զրույցում այս անսպասելի երեւույթի մասին կարծիք հայտնեց Սմբատ Այվազյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը: Ոչ պակաս զարմանալի է որոշման հիմնավորումը, որը Գայանե Կարախանյանը համարել է հենց միջնորդության տեքստում փաստաբանների նշած պատճառները. սեպտեմբերի 10-ին գործը վարույթ ընդունելով՝ Գայանե Կարախանյանը չի սահմանել միջնորդությունների եւ դիմումների՝ դատարան ուղարկելու կարգը եւ ժամկետները: Այդ որոշումը փաստաբաններին ուղարկվել է մոտ մեկ շաբաթ անց, եւ պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել մինչեւ դատական քննություն նշանակելու մասին որոշում կայացնելը՝ միջնորդություններ ներկայացնել: Գայանե Կարախանյանն անօրինական կերպով ընտրել, ապա 2 անգամ երկարացրել է Սմբատ Այվազյանի խափանման միջոց կալանքը, այն դեպքում, երբ, փաստաբանների պնդմամբ, Այվազյանն ապօրինաբար է պահվում կալանքի տակ: «Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Սմբատ Այվազյանի եւ նրա պաշտպանների մոտ համոզմունք է ձեւավորվել, որ իմ կողմից այդ որոշումները կայացվել են անօրինական, առանց հիմնավոր կասկածների առկայության եւ քաղաքական ճնշման տակ»,- ասված է որոշման տեքստում: Բացի այդ՝ «ինքնաբացարկը չընդունելու դեպքում ամբաստանյալը բացառում է իր հետագա մասնակցությունը դատական քննությանը՝ առաջարկելով միանգամից, առանց դատական քննությունը շարունակելու, դատավճիռ կայացնել: Ինքնաբացարկը ընդունելով՝ դատարանը հաշվի է առնում նաեւ քրեական գործի արդարացի լուծման շահը, դատական նիստերի հնարավոր հետագա ձգձգման կանխումը ՀՀ սահմանադրությամբ, Եվրոպական կոնվենցիայով նախատեսված քրեական գործի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի նկատմամբ ամբաստանյալի եւ նրա պաշտպանների կասկածը հարուցող հանգամանքների վերացման նկատառումը»: Դատական նիստին ներկաները բուռն ծափահարություններով են դատավորին դահլիճից դուրս ուղեկցել: Իսկ Սմբատ Այվազյանը հայտարարել է, որ սա «Մարտի 1»-ի գործի փլուզման հիմքն է եւ ընդդիմության հերթական հաղթանակը. «Մյուս անգամ մեղադրողները կհրաժարվեն, որովհետեւ իրենք այլ ելք չունեն, քրեական գործ այստեղ չկա: Սա հանցագործ ռեժիմի հերթական պարտությունն է»: Դատարանի նման որոշումը անակնկալ է եղել նաեւ մեղադրողի համար, ով, ի պատասխան լրագրողների հարցերի, ասել է՝ «դատարանի գործն է», եւ արագ հեռացել դատարանի դահլիճից:

«Որոշման մեջ առարկայական չի երեւում, բայց զգացվում է զղջումի ինչ-որ մի բան, ինչը հատուկ է միայն բարձր առաքինություն ունեցող մարդուն: Այս առումով՝ դատարանն արժանի է հարգանքի: Մենք հույս ենք հայտնում, որ պրոցեսի հետագա գործողությունների մասնակիցները անպայման հաշվի կառնեն պաշտպանության կողմի այսօր ներկայացրած հանգամանքները՝ քրեական գործի հարուցման փուլից մինչ օրս իրականացրած դատավարական նորմերի խախտումները: Գործը վարույթ ընդունող դատավորը պետք է հաշվի առնի այս ինքնաբացարկի նախադեպը»,- ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Ըստ նրա, եթե Գ. Կարախանյանի այս վարքագիծը օրինակ դառնա մեր դատական համակարգում, ապա կարելի է Հայաստանում արդարադատության հիմքերը դրված համարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել