Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը կարծում է, որ զոհերի մահվան հանգամանքների բացահայտման հարցում հանձնաժողովը լուրջ առաջընթաց չի գրանցել:
– Հոկտեմբերի 25-ին պետք է ներկայացնեք մարտյան դեպքերի ուսումնասիրման ձեր աշխատանքի արդյունքները: Ի՞նչ վիճակում են ձեր «բացահայտո
ւմները», համագործակցությունն իրավապահ մարմինների հետ ինչ-որ բանի հանգեցրե՞լ է:
– Կարծում եմ, անհրաժեշտություն կլինի երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը, կդիմենք խորհրդարանին՝ այդ խնդրանքով: Հաշվի առնենք, որ ստեղծվելիք փաստահավաք խումբը եւս պետք է գործի եւ իր փաստերը ներկայացնի մեզ: Մինչ այժմ հանձնաժողովն իր բարձրացրած հարցերի պատասխանները կարողացել է ստանալ. ըստ էության, բացի զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության ամբողջական փաստերից, մնացածը պարզ է: Հանձնաժողովը գտնում է, որ արդեն մոտեցել է իր ստեղծման հիմնական առաքելությանը՝ զոհերի մահվան հանգամանքների ոսումնասիրությանը, որովհետեւ միջազգային հանրության եւ մեր հասարակության ուշադրությունը հենց դրա վրա է: Ցավոք, այդ առումով դեռեւս լուրջ առաջընթաց չենք գրանցել, բարդություններ շատ կան, բայց դրանք այն կարեւոր հարցերն են, որոնց պատասխաններն անպայման պետք է կարողանալ գտնել: Այդ պատճառով, բացի այն, որ կստեղծվի փաստահավաք խումբ, հրավիրել ենք ամերիկյան փորձագետների, ովքեր եղել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ուսումնասիրության հանձնաժողովում, մենք դարձյալ կհանդիպենք քննչական մարմինների, ոստիկանության հետ:
– Կան զոհեր, ապացուցվել է, որ նրանք զոհվել են հենց մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ, հրազենային վնասվածքներից: Նրանց մարմիններից երեւի հանվել են որոշակի գնդակներ, արդյոք այդքան դժվա՞ր է դրանք համեմատել օպերացիայի մասնակիցների կրած զենքերի հետ եւ պարզել, թե ո՞ր զենքից են այդ գնդակներն արձակվել:
– Նման հարցադրումներ անում եմ նաեւ ինքս, բայց ասեմ, որ ոչ բոլոր դեպքերում է գնդակը պահպանված, կան դեպքեր, երբ գնդակը մարմնից դուրս է եկել: Բայց կան դեպքեր, երբ գնդակը պահպանվել է, եւ դատաձգաբանական հետաքննությամբ, կարծում եմ, այդ խնդիրը պետք է մինչեւ հիմա լուծված լիներ: Ինչ վերաբերում է «Չերյոմուխա» 7-ի կիրառմանը, կարծում եմ՝ ժամանակն է, որ շատ արագ այդ փորձաքննություններն ավարտվեն, որպեսզի կարողանանք հստակ պատասխան տալ:
– Ձեր հանձնաժողովին ինչո՞վ է օգնելու փաստահավաք խումբը:
– Փաստահավաք խումբը ճիշտ կանի, եթե սկսի զոհերի մահվան հանգամանքների փաստերի հավաքագրումից: Մնացածը ժամանակի կորուստ կլինի:
– Ձեր աշխատանքում օգտվել եք թե՛ ոստիկանության ու դատախազության, թե՛ ընդդիմության ներկայացրած փաստերից: Ո՞ր կողմի ինֆորմացիան է եղել առավել օգտակար:
– Ցանկացած ինֆորմացիա շատ կարեւոր է, եւ եթե նույնիսկ ընդդիմությունը միջնորդավորված է մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, նկատի ունեմ՝ ընդդիմադիր թերթերում հարցեր բարձրացնելու միջոցով, ամեն դեպքում հանձնաժողովը շնորհակալ է, որովհետեւ հարցեր են բարձրացվում, նյութեր են ներկայացվում, որոնք պետք է պարզաբանենք: Մինչ այս պահը նորմալ ստացվում է իրավապահ մարմինների հետ աշխատանքը, եթե լինում են թերացումներ, մասնավորապես՝ ոստիկանի պատասխաններից դժգոհություն կար, ես հրապարակավ կարդացի իմ հարցերն ու ոստիկանության պատասխանները եւ ասացի՝ սրանով հնարավո՞ր է հանձնաժողովը եզրակացություններ անի: Ցավում եմ, բայց առանձնապես բավարարված չեմ դատախազության, քննչական մարմնի կողմից մահվան հանգամանքների ուսումնասիրության հետ կապված հարցերի պատասխաններից:
– Տեւական ժամանակ չեք այցելում կալանավորված պատգամավորներին, գիտե՞ք ինչպես է նրանց առողջական վիճակը:
– Հետաքրքրվում ենք նախաքննական մարմնի, կալանավայրերի ղեկավարության եւ մամուլի միջոցով: Հանձնաժողովը խնդիր ուներ՝ դրական ազդեցություն ունենալ նախաքննական պրոցեսների վրա: Եվ երբ հանձնաժողովը սկսեց այցելել ՔԿՀ-ներ, մենք լսում էինք նրանց եւ նրանց ասածը ներկայացնում էինք ձեզ, խոսափող էինք դարձել կալանավորների համար: Դա նախաքննական մարմնին դուր չեկավ, ասացին, թե միակողմանի ենք, մենք իրենց հրավիրեցինք եւ առաջարկեցինք, որ իրենք եւս հարցերի պատասխանեն: Մեր նպատակն էր ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ լիներ ոչ թե հակամարտություն, այլ՝ հանդուրժողականություն: Դրան հաջորդեց ընդդիմության «ուղեղային կենտրոնի» հակասությունը, եւ ամեն ինչ տեղափոխվեց հակամարտությունների դաշտ, եւ բանտարկյալներն ու նրանց ընտանիքները դարձան այդ «ուղեղային կենտրոնի» մշակած քաղաքական ծրագրի գործիքները: Ցավոք, հանձնաժողովն այդ առաքելությունը չկարողացավ իրականացնել:
– Համաձայնեք, որ 10 զոհի դեպքում յոթ ամիս չկարողանալ գտնել գոնե մեկ մարդասպանի՝ ուղղակի անհասկանալի է:
– Ձեր հարցադրումը հասկանում եմ, դա կա հասարակության մեջ, կա նաեւ իմ մեջ: Եվ ես կիսում եմ այդ մտահոգությունը: