Դավիթ Մաթեւոսյանի «3 տարին» վերաքննիչը թողեց անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Համաժողովրդական շարժման ակտիվիստ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի բողոքը՝ ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը Դ. Մաթեւոսյանին մեղավոր էր ճանաչել մարտի 1-ի առավոտյան «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ», եւ միայն ոստիկանների տված ցուցմունքի հիման վրա նա դատապարտվել էր այդ արարքի համար նախատեսված պատժի առավելագույն չափով՝ 3 տարվա ազատազրկման: Դ. Մաթեւոսյանի՝ Վերաքննիչ բողոքի մերժումն ու նախկին վճիռն անփոփոխ թողնելը նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը, ըստ «Ա1+»-ի, պայմանավորել է իր պաշտպանյալի անձով եւ նրա՝ «շարժման մեջ շատ կարեւոր եւ առանցքային դերակատարում» ունենալու հանգամանքով։
Պաշտպանը Վերաքննիչ դատարանում ներկայացրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի առաջին դատական նիստի հաջորդ օրը դատախազ Աշոտ Նադոյանը, ով 3,6 տարի ազատազրկում էր պահանջել Դավիթ Մաթեւոսյանի համար, հանդիպել է նրա հետ եւ, պաշտպանի խոսքերով, գլխավոր դատախազի անունից ասել, թե լիազորված է փոխանցելու, որ եթե շատ ակտիվ չլինի, ապա իրեն մեղմ կվերաբերվեն՝ նշելով նաեւ, թե գիտի, որ նա անհիմն է հետապնդվում, եւ ոչ մի ապացույց չկա:
Աղբյուրի փոխանցմամբ, Վերաքննիչում այս գործով դատավորների կազմը փոխվել էր, եւ Դ. Մաթեւոսյանը դեռ դատական նախորդ նիստում էր հայտարարել, որ այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ նախորդ կազմը հրաժարվել է պատվեր կատարելուց՝ դատավճիռը անփոփոխ թողնելուց:
Դատական բոլոր ատյանները սպառելուց հետո Դ. Մաթեւոսյանն ու նրա պաշտպանը վճիռը բողոքարկելու են Եվրոպական դատարանում: