Ասուլիս՝ պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ
Ինչպես հայտնի է՝ քաղաքապետարանը սեպտեմբերի 26-ին կայանալիք ընդդիմության հերթական հանրահավաքը չի արտոնել Մատենադարանին հարող հրապարակում, մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները հակադարձել են, որ հանրահավաքը կայանալու է: Ի պատասխան լրագրողների հարցադրումներին, թե սեպտեմբերի 26-ին ինչպիսի՞ քայլեր է անելու ոստիկանությունը, երեկ իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսում ոստիկանապետ, Արարատի մարզի նախկին մարզպետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Երբ ընդդիմությունն անցկացնում է չարտոնված հանրահավաք, ապա այդպես, ըստ էության, ոտնահարում է ոստիկանության պատիվն ու արժանապատվությունը: Դա նշանակում է, որ ընդդիմությունն ուղղակի թքած ունի ոստիկանության վրա եւ կարող է խախտել օրենքն ու իրականացնել չարտոնված հանրահավաքը: Սա այն դեպքում, երբ ոստիկանությունը կոչված է ապահովել հասարակական կարգի պահպանությունն ու օրինականությունը»: Համաձայն Ա. Սարգսյանի, ոստիկանության համակարգը քաղաքականությամբ չի զբաղվում եւ մինչ օրս «համբերատար» են եղել չարտոնված հանրահավաքներն արտոնելու հարցում, սակայն երբ ընդդիմությունն անցկացնում է չարտոնված հանրահավաքներ, ուղղակի ոտնահարում է ոստիկանության պատիվը: «Կգա մի օր, ու համբերության բաժակը կլցվի եւ միգուցե ոստիկանությունն իր իրավունքը կպաշտպանի, կգա մի օր, եւ ոստիկանությունն այլեւս չի հանդուրժի չարտոնված հանրահավաքների անցկացումը»,- հայտարարեց ոստիկանապետը: Ինչ վերաբերում է բուն սեպտեմբերի 26-ի հանրահավաքն արգելելուն, ապա Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունն իր դիրքորոշման մասին որոշում չի կայացրել, որովհետեւ ցանկացած որոշում կայացվում է բոլոր հանգամանքները ուսումնասիրելուց եւ իրադրությունը գնահատելուց հետո. «Սեպտեմբերի 26-ի կապակցությամբ ոստիկանությունը դեռ պետք է քննարկի իրավիճակը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի արտոնված հանրահավաքի ժամանակ ոստիկանները ծեծել էին հանրահավաքի գնացող «Հիմա» եւ այլ երիտասարդական կազմակերպությունների անդամներին՝ պատառոտելով նրանց պաստառները: Ավելին՝ ծեծն իրականացնող սպաները փաստել են, որ ծեծն իրագործում են Ա. Սարգսյանի ցուցումով: Ի պատասխան այս ոստիկանների վարքագծի այս փաստարկին՝ ոստիկանապետն ասաց, որ ծեծի ցուցում չի եղել եւ ոչ մեկը չի ծեծվել, իսկ բերման ենթարկվածները, ըստ ոստիկանապետի, եղել են մարզերից եկած քրեածին տարրերը, որոնք եղել են հարբած եւ որոնց մոտ հայտնաբերվել են կտրող գործիքներ, նույնիսկ՝ հաշիշ: Իր երախտագիտությունը հայտնելով ընդդիմությանը, որը սեպտեմբերի 15-ին ընդառաջել է ոստիկանությանը եւ չի կազմակերպել նախատեսված երթը, Ա. Սարգսյանն ասաց. «Այդ օրն իմ հրամանով իրականացվել է ուժեղ հսկողություն: Այդ օրը Սուրբ Խաչի տոնն էր, եւ մենք օպերատիվ տեղեկություն ունեինք, որ այդ օրը, նաեւ օգտվելով արտոնված հանրահավաքի հնարավորությունից, մարզերից Երեւան էին ժամանելու քրեածին տարրեր եւ կար հասարակական կարգի խախտման սպառնալիքի մասին օպերատիվ տեղեկություն»:
Ա. Սարգսյանը հայտնեց նաեւ, որ այս 100 օրերի ընթացքում ոստիկանության համակարգում զգալի կադրային փոփոխություններ են գրանցվել, բացվել է «թեժ գիծ», հաստատվել է քաղաքացիների ընդունելության կազմակերպման նոր կարգը: Ոստիկանապետը վստահեցրեց, որ ամենամոտ ժամանակներում հանրությունը ականատես կլինի միանգամայն նոր իրողության, քանի որ վերանալու են բոլոր այն բացասական երեւույթները, որ տեղ են գտել ոստիկանության գործունեության մեջ։ Ներկայացնելով ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները՝ Ա. Սարգսյանը անդրադարձավ հատկապես անչափահասներին անձնագրեր տալու նոր կարգին։
Ոստիկանապետը լրագրողներին հիշեցրեց նույնիսկ վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած խորհրդակցությունը, որի ժամանակ երկրի նախագահը նշել էր, որ առկա խնդիրների հաջող իրականացումը պայմանավորված է ոստիկանների մասնագիտական գործառույթների պատշաճ կատարմամբ: