Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Սեպտեմբեր 25,2008 00:00

\"\"Թիվ 124 դպրոցում թեժ պայքար է տնօրենի թափուր պաշտոնի համար

Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիսյանին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը՝ իր աշխատաոճի համաձայն, հենց ծննդյան օրը նվեր տվեց ազատման հրամանը. լրացել էր պարոն Ավետիսյանի ծննդյան 65-ամյակը: Ու օգոստոս ամսից պաշտոնակատար դարձավ դպրոցի կազմակերպիչ Աստղիկ Թադեւոսյանը, որն, ասում են, ցանկանում է հաստատվել այդ պաշտոնում: Ըստ մեր տեղեկությունների, մյուս հավակնորդներն են դասվար Քնարիկ Սարգսյանը, հայոց լեզվի եւ գրականության երկարամյա ուսուցչուհի Սվետլանա Հովսեփյանը, դասվարական կրթությամբ արդեն 3,5 տարի ուսմասվար աշխատող Հայկուշ Նիկոյանը: Վերջինս քաղաքապետարանի ֆավորիտն է ու Ավանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Իսրայելյանի կինը: Ասում են, առայժմ կրքերն է՛լ ավելի չբորբոքելու համար նրան օրերս խորհուրդ են տվել պաշտոնասիրական ցանկությունները հայտնելու առումով փոքր-ինչ ժուժկալ լինել: Թիվ 124 դպրոցի կոլեկտիվի մեծամասնությունը, ինչպես մեզ հայտնեցին դպրոցից, չի ցանկանում տիկին Հայկուշին տեսնել տնօրենի պաշտոնում, ինչի պատճառով դպրոցում անպակաս են լեզվակռիվն ու անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը: Մինչեւ վերջերս նույնիսկ աշխատավարձ չէր փոխանցվում. կրթության վարչությունն այդկերպ էր փորձում մանկավարժներին կարգի հրավիրել: Ինչ վերաբերում է այս դպրոցը սպասարկող՝ պոլիտեխնիկական կրթությամբ տեսուչ Լուսինե Օհանյանին, նա էլ բավարարվում էր դպրոց այցելելիս «Դե կերեք իրար, կերեք-պրծեք» արտահայտությունն անելով: Դպրոցի կոլեկտիվի մեծամասնությունն է՛լ ատյան չի մնացել, որ նամակներ չհղի՝ նախագահի վերահսկողականին, վարչապետին, քաղաքապետին… 30 ուսուցչից 18-ին ընդունել է նաեւ Ավանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, հանգստացրել, բայց դրանով հարցը չի լուծվել:

Նշենք, որ դեռ սեպտեմբերի առաջին 10-օրյակում պիտի տնօրենի ընտրություններն ավարտված լինեին, մինչդեռ կառավարման խորհուրդը չի էլ տվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի մասին հայտարարություն: Ու քաղաքապետարանը որոշել է միջամտել, որովհետեւ, եթե խորհրդի այդ կազմը անցկացնի ընտրություններ, բնականաբար, Հայկուշ Նիկոյանը չի անցնի: Մանկավարժները «Առավոտին» դժգոհեցին, թե տիկին Հայկուշը բոլորին ասում է, որ իր թիկունքին Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանն է ու ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, եւ ինքն էլ դառնալու է տնօրեն ու մի 20 հոգու անմիջապես կրճատելու է: Ըստ նույն աղբյուրի, ոստիկանի կինը հարեւան՝ թույլ տեսնող երեխաների դպրոցում աշխատած ժամանակ երեխա էր ծեծել ու գործն ընկել էր դատարան, ինչի համար ազատվել էր աշխատանքից եւ տեղափոխվել 124 դպրոց: Դպրոցից նաեւ նեղսրտեցին, որ կրթօջախը ասես վերածվել է ոստիկանատանը կից կառույցի, որովհետեւ, երբ երկու աշակերտ վիճում են, անպայման Հ. Նիկոյանի «միջոցով» հայտնվում են ոստիկանության բաժանմունքում:

Հավելենք, որ Հ. Նիկոյանին սատարող պաշտոնյաները որոշել են ցրել «անհաջող» կառավարման խորհուրդը եւ նոր կազմ ձեւավորել: Մինչդեռ, ըստ կանոնադրության, դպրոցի կառավարման խորհուրդը ձեւավորվում է 3 տարին մեկ, ու վերջին անգամ դա եղել է 2008-ի ապրիլին: Ուսուցիչները դժգոհեցին նաեւ, որ ինչ բովանդակությամբ նամակ գրում են՝ վերջում «հանգրվանում» է քաղաքապետարանում, դրա տակ ստորագրածների մասին տեսուչ Լ. Օհանյանի միջոցով անմիջապես իմանում է Հ. Նիկոյանը եւ խոստանում տեսանելի ապագայում վրեժխնդիր լինել:

Լ. Օհանյանից հեռախոսով հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են, ի վերջո, կայանալու տնօրենի ընտրությունները: «Երբ կհաստատվի խորհրդի կազմը, նա էլ կորոշի ընտրության օրը»,- պատասխանեց տեսուչը: Երբ ասացինք, որ խորհուրդը վերջերս էր ձեւավորվել, ի պատասխան՝ տիկին Օհանյանն ասաց. «Խորհուրդ կար, բայց կազմը սխալ էր հաստատված, խախտումով»: Իսկ այն մասին, որ ցանկացած բողոք իր միջոցով հասնում է Հ. Նիկոյանին, Լ. Օհանյանը նշեց. «Ես այդ դպրոցը սպասարկող տեսուչն եմ, բայց դա չի նշանակում, որ լրտես եմ»:

Հ. Նիկոյանն էլ հեռախոսով փոխանցեց, որ իր թեկնածությունը չի դնելու ու պահանջեց ասել նրանց անունները, ովքեր իրենից դժգոհել են: Ինչ վերաբերում է իր կապերին ու կոլեգաներին սպառնալուն, այդ մասին ասաց. «Ամեն ինչ հերյուրանք է… երկրորդ անգամ նման բան կրկնվելու դեպքում հակահարված կտամ… Եվ խնդրում եմ չշահարկել ամուսնուս անունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել