Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի իշխանություններին` մահապատի՞ժ

Սեպտեմբեր 25,2008 00:00

ԱԺ պատգամավորներն առաջարկում են պետական միջոցները յուրացնողներին գնդակահարել:

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին Սյունիքի մարզպետարանում, քաղաքային եւ գյուղական 23 համայնքներում կատարած ստուգումների արդյունքները: Ըստ այդմ, ինչպես ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, «բազմաթիվ խայտառակ չարաշահումներ են բացահայտվել», ինչի հետեւանքով պետությանը հասցվել է 394 միլիոն դրամի վնաս: Այս տվյալները մեկ առ մեկ հրապարակելուց հետո, խորհրդի նիստին ներկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, որն ուշիուշով հետեւում էր ՎՊ-ի հաշվետվությանը, ամենայն լրջությամբ առաջարկեց «մահապատիժը վերականգնել» եւ պետական միջոցները յուրացրած անձանց պարզապես գնդակահարել: «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանին հետաքրքրում էր, թե Վերահսկիչ պալատը Սյունիքի մարզում նման խոշոր չափերի յուրացումներ հայտնաբերելուց հետո՝ արդյոք կառավարությանը ներկայացրե՞լ է Սյունիքի մարզպետի «բարոյական» նկարագիրը, քանի որ՝ «Էդ մարդը բացահայտ գող է ու ավազակ»: Սրան ի պատասխան, պարոն Զաքարյանն ասաց. «Վերահսկիչ պալատը բարոյական նկարագիր չի տալիս»:

Խորհրդի նիստից հետո Ի. Զաքարյանը ասուլիս էր հրավիրել: Նախքան արդյունքներին անցնելը, պալատի նախագահը փաստեց, որ իրենց ուսումնասիրած գրեթե բոլոր համայնքներում գնումներն իրականացվել են գնումների մասին օրենքի կոպիտ խախտումներով:

Եվ այսպես, Սյունիք գյուղական համայնքի գյուղապետը 4 միլիոն դրամ, որպես ֆինանսական օգնություն, փոխանցել է մի կազմակերպության, որի իրավունքը, ըստ ՎՊ նախագահի, չուներ: 8 միլիոն դրամ էլ փոխանցել է մեկ այլ կազմակերպության՝ իր համար «Ֆորդ» մակնիշի մեքենա գնելու համար: «Վաղը-մյուս օրն այդ նույն գյուղապետը գալու է ձեռքը պարզի ու կառավարությանը, մարզպետարանին ասի՝ ինձ մի քանի միլիոն տվեք գյուղի փողոցները լուսավորելու, ճանապարհները սարքելու, մանկապարտեզը կամ դպրոցը վերանորոգելու համար»:

Հաջորդ խոշոր բացահայտումը, ըստ Ի. Զաքարյանի, 5 գյուղական համայնքներում հայտնաբերած 20 հազար 400 գծամետր խողովակաշարի վաճառքն է: Այդ համայնքների ղեկավարները 1 գծամետրը վաճառել են ընդամենը 200-300 դրամով, մինչդեռ քաղաքաշինության նախարարության տեղեկագրերում 1 գծամետրի գինը 3000-5000 դրամ է: Այս գործարքի պատճառով պետությանը վնաս է հասցվել շուրջ 100 միլիոն դրամ: ՎՊ-ն պարզել է նաեւ, որ այդ նույն խողովակները հետագայում պետությունը ոռոգման ջրերի եւ այլ նպատակներով օգտագործելու համար գնել է 1 գծամետրը 5000-6500 դրամով: Չարաշահումների գծով ռեկորդ է սահմանել հատկապես Կապանի քաղաքապետը: Նա որոշում է կայացրել 5200 քմ բնակելի ֆոնդը վաճառել 1 քմ-ն՝ 3-4 հազար դրամով: Այսինքն՝ կադաստրի արժեքից մոտ 10 անգամ պակաս: Ստուգման ընթացքում ՎՊ-ն հայտնաբերել է, որ Կապանի քաղաքապետարանում, որպես տեղական տուրք վճարողներ, գրանցված չէ 86 խանութ: ՎՊ-ն միայն այս քաղաքային համայնքում 133, 5 միլիոն դրամի խախտում է հայտնաբերել:

Երեկ Ի. Զաքարյանը պատասխանեց նաեւ նախօրեին տարածած Համաշխարհային բանկի հայտարարությանը: Նշենք, որ ՎՊ-ն հրապարակել էր ՀԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքային ջեռուցման ծրագրի ստուգման արդյունքները: Մասնավորապես, ՎՊ-ն ասել էր, որ ՀԲ-ն $500 հազար էր փոխանցել Պանամայում գրանցված մի կազմակերպության, որը պետք է գներ սարքավորումներ, սակայն ոչ սարքավորումները կային, ոչ էլ՝ գումարները: ՀԲ-ն իր հայտարարությամբ ճիշտ է՝ չէր ժխտել ՎՊ նախագահի ասածները, բայց նշել էր, որ ՎՊ-ն ժամկետները հաշվի չի առել, այսինքն՝ ՀԲ-ն մինչեւ այս տարվա դեկտեմբեր դեռ ժամանակ ունի այդ սարքավորումները բերելու: Ի. Զաքարյանի ներկայացմամբ, ՎՊ-ն այդ ոլորտում ստուգումներն ավարտել է ապրիլի 16-ին, իսկ «Երֆրեզ» ընկերությունը, որը ստանձնել էր այդ սարքավորումները բերելու պարտավորությունը, մայիս ամսին ժամկետը երկարացրել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել