Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆԴՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ

Սեպտեմբեր 25,2008 00:00

«Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեությունն իրականացնելու է բացառապես քաղաքական, օրինական մեթոդներով, այնպես որ, այդ մերժումները պարզապես անհեթեթություններ են»,- պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը հերթական անգամ մերժել ընդդիմության՝ հանրահավաք անցկացնելու դիմումը, ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Ս. Դեմիրճյանը չի կարծում, որ Հայ ազգային կոնգրեսը կդառնա կուսակցություն. «Տարբեր կուսակցություններ են ընդգրկված կոնգրեսում, կան նաեւ գաղափարական տարբերություններ, սակայն մենք ունենք միասնական մոտեցումներ մի շարք հարցերի շուրջ՝ երկրում սահմանադրական կարգի հաստատում, երկրի ժողովրդավարացում եւ այլն: Խոսել մեկ կուսակցություն ստեղծելու մասին խիստ վաղաժամ է, կոնգրեսի օրակարգում նման հարց այսօր չկա»: Ըստ պարոն Դեմիրճյանի, այսօրվա ԱԺ-ն ունի վստահության խնդիր, հետեւաբար՝ վստահության խնդիր ունի նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը. «Ակնկալիքները մեծ չեն, սակայն իսկապես անհրաժեշտ է, որ բացահայտվեն մարտի 1-2-ի բոլոր մեղավորները եւ պատասխանատվության ենթարկվեն»: Նկատեց, որ մարտիմեկյան բոլոր սպանությունների համար պետք է քրեական գործեր հարուցվեն, իսկ քանի որ չեն հարուցվում, հիմքեր կան պնդելու, որ ամեն ինչ արվում է գործը կոծկելու համար: Նա հայտարարեց. «Այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում, մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հետեւանքն էր, եւ մարդիկ հավաքվել էին ինքնաբուխ: Ես էլ եմ ցերեկը գնացել եւ կոչ արել, որ մարդիկ հանդարտ սպասեն, որովհետեւ մեր սկզբունքն է պայքարի խաղաղ ճանապարհը: Ընդդիմության շատ գործիչներ եւ անձամբ ես ամեն ինչ արել ենք, որ հանրահավաքը կրի խաղաղ բնույթ, եւ կրում էր խաղաղ բնույթ, իսկ առանձին ինչ-որ էմոցիոնալ արտահայտություններ բոլորովին հիմք չեն տալիս ասելու, թե կազմակերպված հեղաշրջում էր իրականացվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել