Լրահոս
Օրվա լրահոսը

Ելույթներ՝ ՄԱԿ-ում

Սեպտեմբեր 25,2008 00:00

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվանից սկսվել են տարբեր երկրների ղեկավարների ելույթները: Մեզ համար, անշուշտ, երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ են երեքը՝ մատուցված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու կողմից: Այսպես:

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ Իրանը պաշտպանելու է միջուկային էներգիա արտադրելու իր իրավունքը, հակառակ՝ երկրի միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ ջանքեր գործադրող «կռվասեր տերությունների»: Ահմադինեջադն ասել է նաեւ, թե «ամերիկյան կայսրությունը» մոտենում է իր վախճանին, եւ որ Միացյալ Նահանգների «ապագա նախագահները պետք է իրենց միջամտությունը չտարածեն երկրի սահմաններից դուրս»: Իրանի նախագահը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների՝ Աֆղանստանում ունեցած ներկայությամբ է պայմանավորել թմրամիջոցների հետ կապված հիմնախնդիրների սրումը այդ երկրում: Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է նաեւ վրաստանյան վերջին իրադարձությունների համար:

Թուրքիայի նախագահ Գյուլը, ինչպես եւ սպասվում էր, անդրադարձել է Թուրքիայի կողմից առաջարկված «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման ծրագրին: Ըստ նրա, դա կարող է տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձեւավորման գործիք հանդիսանալ: «Հիմնվելով իմ՝ Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանի՝ Ռուսաստան եւ Վրաստան կատարած այցերից ստացած տպավորությունների վրա, հուսով եմ, որ բոլոր կողմերն իրենց ներդրումը կունենան այդ պլատֆորմի իրականացման գործում»,- ասել է Գյուլը: Խոսելով Կովկասի սառեցված հակամարտությունների մասին՝ նա հույս է հայտնել, որ «ստեղծված դրական հեռանկարները կնպաստեն այդ հակամարտությունների կարգավորմանը»: Մասնավորապես, «չկարգավորված ղարաբաղյան խնդրի» առնչությամբ Թուրքիայի նախագահն ասել է, թե իր երկիրը հանդես է գալիս հակամարտության այնպիսի կարգավորման օգտին, որը հիմնված կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա:

Վրաստանի նախագահն իր ելույթում կոչ է արել ՄԱԿ-ին՝ չճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի «անջատողական գավառների» անկախությունը, եւ հայտարարել է, որ Վրաստանի նկատմամբ «ագրեսիային» կպատասխանի «երկրորդ վարդերի հեղափոխությամբ»: Սահակաշվիլին ընդգծել է, որ «Վրաստանի օկուպացիան, նրա երկու շրջանների անկախության ճանաչումը եւ հազարավոր անձանց նկատմամբ կիրառվող էթնիկ զտումները ՄԱԿ-ին նետված տոտալ մարտահրավեր են»: «Մենք պետք է պարտավորվենք ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծել հակամարտությունների կարգավորման ազդու գործընթաց, որը կապահովի Վրաստանի խաղաղ վերամիավորումը»,- հայտարարել է Սահակաշվիլին՝ պատրաստակամություն հայտնելով սատարել Հարավային Օսեթիայի շուրջ հակամարտության էության եւ պատճառների հետաքննությանը, եւ խոստանալով նման հետաքննությանը տրամադրել «ցանկացած վկաներ եւ ցանկացած հանցանշաններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել