Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էջմիածնում ՀՀԿ-ն կսատարի Հակոբ Հակոբյանին

Սեպտեմբեր 25,2008 00:00

\"\"Երեկ բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը

– Կարծես կատարվում է Ձեր երազանքը, երբ ասում էիք, թե համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը նախ թող մասնակցի ՏԻՄ ընտրություններին:

– ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մոտ 700 համայնքներում, նաեւ ավագանու ընտրություններ են սպասվում, եւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը դրանց որոշակի տոկոս չի կազմում: Եթե նկատի ունեք Կենտրոնի ղեկավարի ընտրությունը, ապա այստեղ ընդդիմության հակադրությունը բեւեռվում է ոչ թե գործող թաղապետին, այլ՝ փորձում են վերջին շրջանում իրենց ծավալած գործողությունների արդյունքների գնահատականը ունենալ: Իրենց խնդիրը ոչ թե թաղապետի ընտրությունն է, այլ հարցը քաղաքական են դարձնում: Կարող է լինել նաեւ հետեւյալ պայմանը. եթե ընդդիմությունը համատարած ընտրություններում որոշակի տոկոսներ չի վերցնում, ուրեմն փորձում է Կենտրոն համայնքում ինչ-որ տեղ համագործակցել իշխանության հետ: Կենտրոն համայնքը բնորոշվում է նրանով, որ քաղաքական բոլոր կուսակցությունների գրասենյակները գտնվում են հենց կենտրոնում, եւ ընդդիմությունը փորձում է ինքն իր համար ապացուցելի որակներ ստեղծել: Այս ամենը զգայացունց է հանրության տեսանկյունից, բեւեռվածություն կա, հասարակական երեւույթ է դարձել:

– Թվում է, թե այս անգամ առավել լարված են լինելու Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները, ՀՀԿ-ն կողմնորոշվե՞լ է՝ ո՞ւմ եք պաշտպանելու այստեղ:

– Մենք բավականին լուրջ քննարկումներ ենք արել, եւ այս դեպքում վճռորոշ են եղել նաեւ ժողովրդի մոտեցումները, ցանկությունները: Մենք մեր թեկնածուն համարում ենք Հակոբ Հակոբյանին, որը հանրապետական է, եւ ՀՀԿ-ն Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է նրան: Սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն ընտրության է գնում ոչ թե ինքնանպատակ, այլ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ավելի ռեալ նայել ժողովրդի մոտեցումներին, որովհետեւ համայնքի ղեկավարներն օրվա իշխանությունների հետ են աշխատելու, եւ եթե ժողովրդի հավատը ապահովված չէ, ընտրություններից անմիջապես հետո բողոքի ամբողջ ալիքը, որ կապված է համայնքային գործառույթների հետ, վերագրվելու է իշխանություններին: Դա է պատճառը, որ մեծ ակտիվությամբ ենք մասնակցել եւ մասնակցում ՏԻՄ ընտրություններին:

– ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների ժամանակ Հ. Հակոբյանին թողեց խաղից դուրս, գրեթե ոչնչացրիք այդ մարդուն, հիմա ի՞նչ փոխվեց, որ նրան եք սատարում:

– Դա ռազմավարություն է, մեխանիզմներ են: Եթե որեւէ թեկնածու չի ներկայացվում մեր կողմից, դա չի նշանակում, որ կուսակցության տվյալ անդամի դերակատարությունն ավարտվում է: Կարող են նաեւ նեղացածներ լինել, կուսակցությունն այնպիսի մեխանիզմ է, որն անընդհատ պիտի ալիքվի, անընդհատ նոր որոշումների ճանապարհով պիտի գնա, իսկ ըմբռնումը մեկն է. կարողանալ ՏԻՄ պատշաճ ընտրությամբ՝ համայնքային կառույցների միջոցով, հիմնավորապես լուծել ժողովրդի օրվա խնդիրը:

– Հ. Հակոբյանին սատարելու մասին որոշումը ՀՀԿ խորհրդի որոշո՞ւմն է, եթե՝ այո, ապա նշանակո՞ւմ է սա, որ Հ. Հակոբյանին արդեն «թույլ եք տալիս» վերադառնալ իր երբեմնի «ակունքներին»:

– Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ Հակոբ Հակոբյանի կենսագրությունը կամ մոտեցումները հարի՞ր են իրեն, թե՞ ոչ: Ես չէի ասի, թե մոտենում է իր նախկին ակունքներին, իհարկե, Հ. Հակոբյանի հետ կապված՝ ժողովրդի մեջ տարբեր կարծիքներ կան, բայց ես կարծում եմ, որ մենք ոչ թե պիտի այդ ճանապարհով գնանք, այդ խնդիրները վերլուծենք, այլ մտածենք, որ, վերջին հաշվով, ժողովուրդն ինքն է ընտրում իր համայնքի ղեկավարին: Եթե մենք թեկնածու ենք դնում եւ սատարում, դա չի նշանակում, թե ընտրողը մենք ենք, ամեն դեպքում ընտրողը լինում է ժողովուրդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել