Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՃԱՑԵԼ ԵՆՔ

Սեպտեմբեր 24,2008 00:00

Հայաստանում կոռուպցիան համակարգված բնույթ է կրում՝ վերեւից ներքեւ, աջից ձախ եւ գրեթե բոլոր ոլորտները կոռումպացված են, շատ քիչ ոլորտներ կան, որտեղ կոռուպցիա չկա: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը: Նրա ներկայացմամբ՝ թեեւ նոր կառավարությունն իր պարտականությունները ստանձնելուց ի վեր ցույց է տալիս, որ պայքարում է կաշառակերության դեմ եւ դատապարտում է այն, սակայն դա կոռուպցիայի դեմ պայքար չէ. «Ձերբակալում եւ բացահայտում են ցածր մակարդակի պաշտոնյաների: Հայաստանում ամենամեծ կաշառքը $5000 է, որը խոշոր կոռուպցիա չի համարվում, սա վարչական կամ ցածր մակարդակի կաշառակերություն է: Դրա համար մենք չենք կարող բավարարվել նման պայքարով, իշխանություններից ավելի լուրջ պայքար ենք ակնկալում, որը կվախեցնի եւ կդատապարտի ոչ թե ցածր մակարդակի չինովնիկներին, այլ՝ բոլորին»: Ա. Կոստանյանի խոսքերով՝ ամենատագնապալի վիճակը քաղաքական ոլորտն է՝ ընտրությունները: Կենտրոնի նախագահի կարծիքով՝ մինչ մեր իշխանությունները դրան չանդրադառնան եւ համարժեք գնահատական չտան, ոչ մի առաջընթաց երկրում չի արձանագրվի. «Իհարկե, շատ կարեւոր է պայքարել հարկայինում, մաքսայինում, կադաստրում, կրթության եւ առողջապահության ոլորտներում: Շարքային քաղաքացին ավելի շատ շփվում է այդ ոլորտների հետ, բայց կոռուպցիան համակարգային է եւ հնարավոր չէ հաղթահարել մեկ առանձին ոլորտում, սա մեր կառավարությունը պետք է նկատի ունենա: Ինչպե՞ս կարող ենք արդարացնել, երբ ստվերից հանում ենք փոքր բիզնեսի մարդուն, ոչ թե խոշորներին»:

Ըստ տիկին Կոստանյանի, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետք է պայքարել միաժամանակ բոլոր ուղղություններով եւ համակարգային: Գնահատելով այսօրվա հակակոռուպցիոն աշխատանքները, կենտրոնի նախագահն ասաց. «Իրավիճակը շատ հետաքրքիր է. այսօրվա ընդդիմություն-իշխանություն քաղաքական պայքարի արդյունքում՝ իշխանությունները հնարավոր է ստիպված բարեփոխում իրականացնեն, այլ հարց է, թե դա որքանով է երկարատեւ եւ թե ում են պատժելու, օլիգարխի՞, թե՞ փոքր մարդուն»: Ըստ կենտրոնի նախագահի, որոշ միջազգային ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանը վերջին տարիներին հակակոռուպցիոն պայքարում կամ չնչին հաջողություններ է արձանագրում, կամ էլ՝ լճացում է ապրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել