Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԴԵՊԵՐ՝ «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ»

Սեպտեմբեր 24,2008 00:00

Մեկ ամիս տեւած դադարից հետո երեկ Շիրակի մարզի Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց «Մատաղիսի գործի» քննությունը: Դատաքննությունը չսկսված, տեղի ունեցավ միջադեպ: (Ի դեպ, նախորդ դատական նիստը դեռ չսկսված, ուշաթափվեց ամբաստանյալներից Ռազմիկ Սարգսյանի մայրը՝ Ջուլիետան, եւ դատարանը ստիպված եղավ ընդմիջել դատավարությունը ու շտապօգնություն կանչել): Երեկ դատարան էին ներկայացել Ֆ. Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի որոշ ներկայացուցիչներ, որոնք ընդմիջման ժամին թունդ վիճաբանություն սկսեցին զինվորների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի փաստաբանների հետ: Իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Սարգսյանը վիրավորեց փաստաբաններին՝ ասելով, որ վերջիններս «քամում» են ամբաստանյալների ծնողներին, անհրաժեշտ է դատի տալ փաստաբաններին, որոնք ստվեր են գցում հայկական «կայացած» բանակի վրա: Վիճաբանությանը ներկա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ի սկզբանե այս գործով եղել է որպես փաստաբան, վերջինիս «նստեցրեց» իր տեղը: Պատգամավորը հիշեցրեց, որ եթե բանակում հարյուրավոր սպանություններ են տեղի ունենում, ապա կայացած բանակի մասին խոսք լինել չի կարող եւ հարցրեց. «Դուք ո՞ւր էիք, երբ մենք մենակ էինք պայքարում, ո՞ւր էին էդ սպաները, երբ երկու երեխաներ էին սպանվում, ես չեմ հավատում, որ դուք պայքարում եք, դուք հատուկ պատվեր եք կատարում»: Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այս գործը արդեն իսկ քննության առարկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այն անձինք, ովքեր կատարել են սպանությունները՝ գտնվում են ազատության մեջ, այս հարցերին գնահատական պետք է տրվի, իրավական գնահատական, որը մինչեւ օրս տեղի չի ունենում»: Երեկ դատավարությունը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 8-ը: Դատարանը մերժեց փաստաբան Ստեփան Ոսկանյանի այն միջնորդությունը, որով նա պահանջում էր հետաձգել դատական պրոցեսը մինչեւ նոյեմբերի 4-ը՝ Սահմանադրական դատարանի որոշման օրը: Իսկ Սահմանադրական դատարանը որոշելու է Հյուսիսային դատարանի լեգիտիմության հարցը: Նշենք, որ Ս. Ոսկանյանը պնդում է, որ դատարանը «արտակարգ» է, քանի որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորները՝ Արմեն Խաչատրյանն ու Մարտին Սարոյանը, իրավունք չունեն Հյուսիսային քրեական դատարանում գործեր քննելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել