Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ճանաչվեցին Օսեթիան եւ Աբխազիան

Սեպտեմբեր 24,2008 00:00

\"\"Հայ կոմունիստները վերջապես կմիավորվե՞ն

Կոմկուսի «նորացված», «միավորված», «առաջադիմական» եւ այլ դրսեւորումները միավորման հերթական փուլում են: Հայաստանի առաջադիմական միավորված կոմունիստական կուսակցությունը օրերս հանդես կգա կոչով՝ մերձենալու, համախմբվելու կոմունիստական գաղափարի շուրջ, որովհետեւ ՀԱՄԿԿ ղեկավար Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ հասարակության մեջ այդ գաղափարախոսության պահանջը կա. «Կարեւորը գաղափարի շուրջ համախմբվելն է, ոչ թե իմ, Յուրա Մանուկյանի կամ Ռուբեն Թովմասյանի: Դա կլինի միասնական համագումարի, թե մեկ այլ ձեւով՝ կարելի է համատեղ որոշել եւ հայտարարի գալ: Այսօր կոմունիստների լինելիության սոցիալական պահանջ կա: Սոցիալական արդարության եւ սոցիալիզմի գաղափարները, որոնք շատ մոտ են մեր ժողովրդին, դրանց մասին բարձրաձայնող այսօր չկա, մինչդեռ հասարակության որոշակի շերտն ունի դրա պահանջը: Մեր այդ ներքին սելեկցիոն աշխատանքները մինչեւ ամսվա վերջ կավարտվեն, եւ մենք կոչով հանդես կգանք»:

ՀԱՄԿԿ-ն նաեւ միջազգային գործունեություն է ծավալում, մասնավորապես՝ Միջազգային կոմունիստական շարժման հետ սերտ համագործակցություն ունի: Օրինակ, մայիսի երկրորդ տասնօրյակում Վազգեն Սաֆարյանը Բրյուսելում մասնակցել է Միջազգային կոմունիստական շարժման 17-րդ սեմինարին, թեման՝ «Արհմիությունների դերը եւ բանվոր դասակարգը»: «Այդ կոնտեքստում մենք խոսեցինք ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության խնդիրների մասին եւ կարողացանք 39 երկրների 53 կուսակցությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ԼՂՀ խնդրին, որը տեղ գտավ հիմնական բանաձեւում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքին առաջնահերթություն տալով: Մենք ելակետ էինք ընդունել Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենինի ընդունած ազգերի ինքնորոշման սկզբունքի կարեւորությունը»,- «Առավոտին» պատմեց պարոն Սաֆարյանը եւ հավելեց. «Եթե այսօր ՌԴ-ն ընդունում է ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ ճանաչում է Աբխազիայի եւ Օսեթիայի անկախությունը, ուզում եմ հավատալ, որ սա նաեւ մեր այդ կոնֆերանսում բարձրացրած հարցերի արձագանքն է նաեւ՝ գուցե մի փոքր այլ կոնտեքստում, բայց աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է»: Մեզ հասած տեղեկություններով, պարոն Սաֆարյանի ելույթը համաձայնեցված է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս նույնիսկ մատիտով աշխատել է հիշյալ ելույթի վրա, եւ պարոն Սաֆարյանը որոշակի շրջանակներում հպարտացել է այդ պատվով: «Նախագահի հետ համաձայնեցված չի եղել, բայց ԱԳՆ-ն տեղյակ է եղել մեր գնալու մասին, որովհետեւ նման միջազգային գործողությունների ժամանակ մենք տեղյակ ենք պահում: Հանդիպել եմ Բելգիայում մեր դեսպանատան ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել, թե ինչպիսի մոտեցումներ ենք մատուցել եւ ինչպիսի ձեռքբերում ենք ունեցել»,- պարզաբանեց Վազգեն Սաֆարյանը:

Չնայած մեզ հետ զրույցում Վազգեն Սաֆարյանը պնդեց, որ իրենք բելգիական եւ գերմանական որոշ քաղաքական շրջանակների հետ լավ կապեր ունեն ու այդ է պատճառը, որ ՀԱՄԿԿ-ին նման պատվի են արժանացրել, սակայն «Առավոտին» հայտնի դարձավ, որ սույն սեմինարին հրավիրված է եղել նաեւ մայր կոմկուսը: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը Միջազգային կոմունիստական շարժմանը «անլուրջ ու անհասկանալի» ուժ է համարում, եւ այդ է պատճառը, որ չի մասնակցել սույն միջոցառմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել