Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՅԱՐԴԵՐԻ ՊԱՅՔԱՐ

Սեպտեմբեր 24,2008 00:00

\"\"Հերցեգ Նովիում ավարտվում է շախմատի Եվրոպայի երիտասարդական անհատական առաջնությունը

Այսօր շախմատիստները խաղատախտակի առջեւ նստելու են վերջին անգամ: Իսկ երեկոյան հայտնի կդառնան տղաների եւ աղջիկների տարիքային հինգ խմբերում չեմպիոնների եւ մրցանակակիրների անունները: Եվ հաջողությունը կժպտա նրան, ում նյարդերն ավելի ամուր կլինեն:

Հայաստանի 23 ներկայացուցիչներից մինչեւ նախավերջին տուրն իրենց գերազանց են դրսեւորել 16 տարեկանների խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը եւ Կարեն Գրիգորյանը (մինչեւ 14 տարեկաններ): Նրանք երկուսն էլ 7-րդ տուրից առաջ, չկրելով ոչ մի պարտություն, գլխավորում էին իրենց տարիքային խմբերի մրցաշարային աղյուսակները: Ճիշտ է, ոչ միանձնյա, այլ լրացուցիչ գործակիցներով:

Մեր այս երկու շախմատիստները հաջող անցան նաեւ 7-րդ արգելքը: Սամվելը, որ մինչ այդ ուներ 5,0 միավոր, սեւերով ոչ-ոքի արեց նույնքան միավոր վաստակած թուրք շախմատիստ Մուստաֆա Յիլմազի հետ: Սակայն ուկրաինացի Իլյա Նիժնիկը, առավելության հասնելով Հունգարիայի ներկայացուցիչ Պետեր Պրոհազկայի նկատմամբ, միավորների պա- շարը հասցրեց 6,0-ի եւ, կես քայլով առաջ անցնելով հայ շախմատիստից, դարձավ միանձնյա առաջատար: Այդուհանդերձ, 2-րդ տեղում հայտնված Սամվել Տեր-Սահակյանը երեկ հույն Անտոնիոս Պավլիդիսի հետ կայացած նախավերջին եւ այսօր՝ եզրափակիչ տուրում հաջող հանդես գալու դեպքում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու լավ հնարավորություններ ունի:

Պայքարն ավելի սուր է 14 տարեկան տղաների խմբում, որտեղ նույնպես մրցանակային տեղերի համար Կարեն Գրիգորյանի հետ միասին պայքարում են հավասար ուժերի տեր չորս շախմատիստներ: Կարենը յոթերորդ տուրում հերթական հաղթանակը տարավ, այս անգամ՝ ֆրանսիացի Մաքսիմ Լագարդեի նկատմամբ: Մեկական միավոր վաստակեցին նաեւ Իվան Բուկավշինը (Ռուսաստան) եւ Վլադիսլավ Կովալյովը (Բելառուս): Նրանք բոլորն էլ ունեին 6,0 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջատարների եռյակում դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ. Բուկավշին, Գրիգորյան, Կովալյով:

Երեկ՝ 8-րդ տուրում հանդիպում էին Կարենն ու Իվանը, իսկ Կովալյովի մրցակիցը 5,5 միավոր վաստակած Քրիստոֆ Սոշացկին էր (Ֆրանսիա):

Աղջիկների մրցապայքարում 18 տարեկանների խմբի մրցանակային տեղերից մեկին հավակնելու հեռանկար ուներ 10-րդ տեղում ընթացող Վարդուհի Քալաշյանը: Սակայն նա պարտվեց իսպանուհի Անաբել Տոռենտե Գաուդամուրոյին եւ 4,0 միավորով նահանջեց 15-րդ հորիզոնական՝ ամենայն հավանականությամբ կորցնելով որեւէ մեդալի արժանանալու հույսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել