Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մրցանակի պատմություն

Սեպտեմբեր 24,2008 00:00

\"\"«Առավոտի» սեպտեմբերի 18-ի «Բյուլբյուլօղլին գնահատեց, Պողոսյանը՝ ոչ» հոդվածի առիթով

ՀՀ կառավարության սեպտեմբերի 12-ի որոշմամբ, ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական եւ գիտական մտավորականության 3-րդ համաժողովին, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի եւ Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով, 2008-ի սեպտեմբերի 17-20-ը Դուշամբե է գործուղվել 8 հոգանոց պատվիրակություն: Պատվիրակության անդամների ճանապարհածախսը կատարվել է Հայաստանի Հանրապետության 2008 թ. պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Սա ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի եւ Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ երրորդ համաժողովն էր: Նախորդ երկուսին Հայաստանը նույնպես մասնակցել է եւ այս շրջանակներում իրականացրել է բազմաթիվ լուրջ ծրագրեր: Դրանցից մեկն էլ «Դեբյուտների համագործակցություն» մրցանակաբաշխությունն էր: Ամիսներ առաջ ՀՀ մշակույթի նախարարությունը տարածել էր հայտարարություն, որով տեղեկացնում էր. «2008թ. ապրիլ-հունիս ամիսներին ԱՊՀ հումանիտար համագործակցություն միջպետական հիմնադրամի եւ հումանիտար համագործակցության նախաձեռնությամբ կազմակերպվում է ԱՊՀ երկրների երիտասարդ բանաստեղծների «Դեբյուտների համագործակցություն» մրցանակաբաշխությունը, որը նախատեսված էր 35-ը չբոլորած բանաստեղծների համար»: Այս մրցույթի մասնակիցների ընտրությունը ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ կատարել է Գրողների միությունը եւ որպես մրցույթի մասնակից՝ ուղարկել է բանաստեղծ Վահե Արսենի բանաստեղծությունները: Ժյուրին մրցանակակիրների հավակնորդների շարքում ընդգրկել էր նաեւ Վահե Արսենի անունը: Երիտասարդ բանաստեղծը, որն իրեն մամուլում հռչակել էր «Երիտասարդ գրողների համագործակցության» մրցանակաբաշխության մրցանակակիր, չի գրավել եւ ոչ մի մրցանակային տեղ (մրցանակային տեղերը բաժին են հասել Ռուսաստանին, Վրաստանին եւ Ուկրաինային), այլ՝ մրցութային անվանակարգում հայտնված բոլոր երիտասարդ բանաստեղծների պես արժանացել է դիպլոմի: Մրցանակի բոլոր հավակնորդներին ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը նախապես խոստացել էր հոգալ մրցույթի մասնակիցների ճանապարհածախսը, սակայն վերջին պահին հրաժարվել էր դա իրականացնել: Վահե Արսենի հայրը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն՝ խնդրանքով, որ պետությունը հոգա որդու ճանապարհածախսը: ՀՀ մշակույթի նախարարը միանգամից արձագանքել էր քաղաքացու խնդրանքին եւ Վահե Արսենին նույնպես ընդգրկել պատվիրակության կազմում: Դուշամբե մեկնելուց առաջ, պատվիրակության անդամների հավաքի ժամանակ հրավիրվել էր նաեւ Վահե Արսենը, որպեսզի մասնակցի նախապատրաստական քննարկումներին եւ վերցնի Երեւան-Դուշամբե-Երեւան ինքնաթիռի տոմսը…

ՀՀ մշակույթի նախարարություն

Նախարարության ուղարկած տառասխալներով պարզաբանմանը կցված են նաեւ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Գոհար Իսկանդարյանի եւ նկարչուհի Արեւիկ Պետրոսյանի վկայություններն այն մասին, թե ինչքա՜ն լավն է նախարար Հասմիկ Պողոսյանը եւ հակառակը՝ Վահե Արսենը: Ի դեպ, Արեւիկ Պետրոսյանը դուստրն է «Գիրք» միավորման ղեկավար Ալիս Ադամյանի, որի մեղքով Վահե Արսենի՝ պետպատվերով տպագրված գիրքը կալանված է նախարարության պահեստում: Ինչ վերաբերում է Գոհար Իսկանդարյանին, նա եւ իր դեկան հայրը դասավանդում են «Հրաչյա Աճառյան» համալսարանում, որտեղի պրոֆեսոր է նաեւ նախարարի հայրը՝ հարգարժան Ստեփան Պողոսյանը: Դառնալով Վահե Արսենին, փաստենք, որ ռուսական բազմաթիվ եւ անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ թվում՝ www.itar-tass.com, www.izvestia.ru, www.litnews.ru, www. 1news.az, գրել են, որ միայն հայազգի երիտասարդն է արժանացել անվանակարգային հատուկ՝ «Պոեզիայում նորարարության համար» մրցանակի, որը բաղկացած է դիպլոմից եւ 30000 ռուբլուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել