16 տարի շարունակ քաղաքացին զրկված է մնացել իր սեփական բնակարանն ունենալու՝ օրենքով ընձեռված հնարավորությունից:
Մանուշակ Մխիթարյանը դեռեւս 1980-ից 6 անձից բաղկացած ընտանիքով բնակվել է Երեւանի Ֆուրմանովի փողոցի 35 շենքի թիվ 23 բնակարանում եւ որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր՝ վերցվել է հաշվառման: Բնակարանային հերթը հասնելու կապակցությամբ՝ ներկայիս «Երկրաբան» սպառողական կոոպերատիվի իրավանախորդ «Հայ երկրաբան» կենտրոնական լաբորատորիան միջնորդել է, որ Մխիթարյանի ընտանիքին հատկացվի Երեւանի Քանաքեռ թաղամասի Կամոյի (ներկայիս Զ. Սարկավագի) փողոցի 72 շենքի 1-ին մասնաշենքի թիվ 4 հասցեի չորս սենյականոց բնակարանը: 1992թ. փետրվարի 20-ին Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի թիվ 3/1 որոշմամբ թույլատրվել է հատկացնել նշված բնակարանը: Իսկ գործկոմի բնակհաշվառման եւ բաշխման բաժնի կողմից հաստատված բնակարան ստացողների ցուցակում ընդգրկվել է նաեւ նրանց ընտանիքը: 1994-ից հետո այդ շենքի շինարարական աշխատանքները դադարեցվել են, սակայն ընտանիքը սպասել է նոր բնակարան տեղափոխվելուն:
2003-ին «Երկրաբան» ՍԿ-ի նախագահ Գեղամ Հովակիմյանը եւ Մհեր Այվազյանը հայտնել են, որ ցանկանում են վերականգնել կոոպերատիվը: Ինչպես փաստում է տիկին Մանուշակը, Մ. Այվազյանը՝ սկսած 2003-ից, գիտեր, որ նշված բնակարանը հատկացված է իր ընտանիքին, սակայն անտեսելով այդ հանգամանքը, Գ. Հովակիմյանի հետ գալով գաղտնի եւ անօրինական համաձայնության, տիրացել է իրենց հատկացված բնակարանին եւ կատարել շինաշխատանքներ: Իրավունքները վերականգնելու ակնկալիքով Մ. Մխիթարյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, որի 21.12.06թ. վճռով հայցը բավարարվել է եւ դատարանը պարտավորեցրել է «Երկրաբան» ՍԿ-ին իր հետ կնքելու նշված վիճահարույց բնակարանի առուծախի նախնական պայմանագիր՝ 8 հազար դոլարին համարժեք դրամի չափով: Ինչպես նաեւ ՍԿ-ին պարտավորեցրել է վերացնել Մ. Մխիթարյանին հատկացված բնակարանից օգտվելու խոչընդոտները: Մհեր Այվազյանի բողոքի հիման վրա գործը քննվել է վերաքննիչ դատարանում եւ 25.04.07թ. վճռով հայցը նույնպես բավարարվել է եւ վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Դատական գործընթացներն այսքանով չեն ավարտվել. Մ. Այվազյանը նորից վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ հուլիսի 11-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ն. Տավարացյանի նախագահությամբ, վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն եւ բեկանել է վճռի այն մասը, որը վերաբերում էր բնակարանից օգտվելու խոչընդոտները վերացնելուն, ինչպես նաեւ բնակարանից Մ. Այվազյանին վտարելուն, որից հետո բնակարանը պիտի թողնվեր Մ. Մխիթարյանին:
Նշենք, որ կատարած քրեորեն պատժելի հանցագործությունների համար Գեղամ Հովակիմյանը 2007թ. դեկտեմբերի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով ազատազրկվել է 8 տարի ժամկետով: Նրա գույքն ամբողջությամբ բռնագրավվել է եւ նա զրկվել է նյութապես պատասխանատու եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: Հովակիմյանն իր պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում եւ կոնկրետ Մ. Մխիթարյանի գործին «լույս սփռելու» համար այնտեղից դիմում-բացատրագիր է ուղարկել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ն. Տավարացյանին, նշելով. «Հանդիսանալով «Երկրաբան» ՍԿ-ի նախագահ, Մանուշակ Մխիթարյանին ճանաչել եմ կոոպերատիվի հիմնադրման առաջին օրերից: Իրեն հատկացվելիք բնակարանի համար իրենից պահանջում էի 8500 դոլար, սակայն նա լավ գիտեր, որ իրեն հատկացվող բնակարանի գումարը 4000 դոլար է: Ես նրա հետ անօրինական ձեւով չէի կնքում պայմանագիր, չէի մտցնում նրան կոոպերատիվի կազմի մեջ, քանի որ չէր վճարում իմ պահանջած գումարը: Ես խախտել եմ ՀՀ կառավարության 18.06.97թ. թիվ 191 որոշումը, որը պահանջում էր Կամոյի 72 հասցեի շինությունը ներառել «Երկրաբան» ՍԿ-ի բալանս, որից հետո նոր միայն բնակարանները օտարել շրջգործկոմի որոշումներ ունեցող քաղաքացիներին, որոնցից մեկն էլ Մանուշակ Մխիթարյանն է: Ես Մհեր Այվազյանին իրավունք չունեի 04.11.04-ին վաճառել նշված բնակարանը, քանի որ այն այդ թվականին չի հանդիսացել «Երկրաբան» ՍԿ-ի սեփականությունը: Ես բազմաթիվ խախտումներ եւ անօրինականություններ կատարելով՝ կնքել եմ Մհեր Այվազյանի հետ պայմանագիր, որն անօրինական է եւ չի համապատասխանում օրենքի պահանջներին»: Այս ամենից հետո դատավորը, չգիտես ինչու, վճիռը բեկանել է: Գ. Հովակիմյանը, նպատակ ունենալով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ, չարաշահելով 5 տասնյակից ավելի քաղաքացիների վստահությունը, պայմանագրով նրանց է վաճառել բնակարաններ, որոնք իր տնօրինության տակ չեն գտնվել կամ էլ իր տնօրինության տակ գտնվող բնակարանն արդեն իսկ վաճառած լինելով, այն վաճառել է այլ անձի եւ գործարքներից ստացած 25 միլիոն 241 հազար 288 դրամ ընդհանուր գումարը ծախսել է իր կարիքների համար: