Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Սեպտեմբեր 24,2008 00:00

\"\"Սարիթաղցիները զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից

Էրեբունի համայնքի Սարի թաղ կոչվող տարածքում մայիսի 5-ից արտակարգ դրություն է: Նախ հանվեցին այնտեղով անցնող գնացքի գծերը եւ բացվեց 6 մ տարածք: Գնացքի գծերի կողքին, ինչպես հնաբնակներն են ասում՝ «հարյուր տարուց ավելի» կար մի ճանապարհ, որտեղով թաղի 2-րդ, 5-րդ, 6-րդ շարքերի բնակիչները անցնում էին իրենց ավտոմեքենաներով: Ճանապարհը հավասար էր գնացքի գծերին, ճանապարհից քիչ այն կողմ մարդկանց ավտոտնակներն էին:

\"\"«Արարատճանշինը» արդեն մի քանի ամիս է՝ ինչ շինարարություն է իրականացնում վերոհիշյալ տարածքում: Ասֆալտապատվել է տարածքը, բարձրացել է ճանապարհը, անգամ արգելաճաղեր են դրվել բետոնե պատվանդանների վրա: Իսկ մարդկանց ավտոտնակները մնացել են նկարում պատկերված փոսերում:

«Բոլորի ավտոտնակների դռները փակված են: Մարդկանց անգամ չեն զգուշացրել մեքենաները տարածքից դուրս բերելու մասին: Ոչինչ չի առաջարկվել»,- ասում է այդ պահին կողքիս հայտնված բնակիչներից մեկը:

\"\"«6 մ տարածքը ժողովրդի համար վտանգավոր է: Էլ չեմ խոսում վարորդների մասին, որոնք օգտվելու են այս ճանապարհից»,- ասում է զրուցակիցներիցս մեկը: Նրա դիտարկմամբ, ձմռանը արտակարգ իրավիճակ կարող է ստեղծվել անգամ այն ժամանակ, երբ որեւէ մեքենա անսարքության հետեւանքով հայտնվի ճանապարհին: Օգնության հնարավորությունը բացառվում է: «Անտառից հոսող ջրերը ո՞ւր կգնան: Նկարի՛ այս աղբը, որը անձրեւների հետեւանքով է: Ջրատարները չեն հասցնելու ջուրը «հավաքել»,- ասում է մեկ այլ բնակիչ:

«Գնացքի գծերը մեզ չեն խանգարել: Մենք ազատ ելումուտ ենք արել: Ճանապարհն անհարմար է: Ճանապարհաշինարարները ինչպես ուզել են՝ այնպես էլ վարվել են: Մենք հողամաս ունեինք, 10-15 պտղատու ծառ, հանեցին՝ չառաջարկելով դրա դիմաց ոչ մի բան»,- բողոքում է Սարի թաղի 2-րդ շարքի 69 տան բնակիչ Սուրեն Պետրոսյանը: Վերջինիս կինը (54 տարի ապրում է այդ տարածքում) հավելում է. «Ծառերի համար հատուցում չտվեցին, պատճառաբանելով, թե տարածքը սեփականաշնորհված չէ»:

Ի դեպ, սարիթաղցիները նամակ են ուղարկել Էրեբունու համայնքապետին, որ իրենք ազատ շարժվելու հնարավորությունից զրկվել են: Համայնքային իշխանությունը հարկ չի համարել անգամ պատասխանել նրանց: «Աստիճաններ ենք դրել»,- տեղեկացնում են 5-րդ շարքի 141 տան բնակիչները: Եռաշարք աստիճանը հնարավորություն կտա գոնե «մայթ բարձրանալ» եւ քայլել ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհով:

«Մեքենաս չեմ կարողանում ավտոտնակից հանել, որպեսզի հոգամ բազմանդամ ընտանիքիս հոգսերը: Մարդկանց մեքենաները «կալանավորել» են, ի՞նչ է, էսպիսի գո՞րծ են անում»,- հարցնում է 60 տարի այդ տարածքում ապրող բնակիչը: Ի դեպ, փոսում է հայտնվել տարածքը սպասարկող այս փոքրիկ խանութը: Տաքսիները հրաժարվում են բարձրանալ վիճելի տարածք: Սա դեռ հիմա, երբ ամառ է: Ձմռանը եւ սպասվող անձրեւներին մեքենաները հնարավոր է մարդկանց տներում հայտնվեն: Էլ չենք խոսում շտապօգնությունների եւ արտակարգ դեպքերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել