Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմռան ցրտերից հետո գազը կթանկանա

Սեպտեմբեր 24,2008 00:00

Բայց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի հավաստմամբ՝ դա

բնակչության գրպանին այնքան էլ չի հարվածի:

«2009-ի ապրիլի 1-ից Հայաստանում գազի գինը 1000 խմ-ի համար կկազմի $154: Փոփոխությունը հունվարի 1-ից չէ, այլ ապրիլի 1-ից է, որը թույլ է տալիս բնակչությանը ձմռան ցուրտ ամիսներից հետո ադապտացվել նոր գներին: Գազի գների փոփոխությունները համահունչ են Ռուսաստանում կատարվող փոփոխություններին»,- երեկ «ՀայՌուսգազարդում» տեղի ունեցած ասուլիսում հայտնեց գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Նշենք, որ այժմ մեր երկրի համար գազի գործող սակագինը $110 է: Երեկ ընկերություն էր այցելել նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա անձամբ էր եկել Կ. Կարապետյանի հաշվետվությունը լսելու: Մոտ օրերս «ՀայՌուսգազարդը» հայտ է ներկայացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գինը բարձրանալու համար: «Ես այս պահին զուտ փորձագիտական գնահատական եմ տալիս: Բայց համոզված եմ, որ պայմաններն այնպիսին են լինելու, որ ոչ մի բաժանորդ տրամաբանական ոչ մի դժգոհություն չի հայտնելու կառավարությանը կամ մեր ձեռնարկությանը: Թվերը մոտ ժամանակներս պարզ կլինեն»,- ասաց Կ. Կարապետյանը եւ համոզմունք հայտնեց, որ գազի նոր գինը ազդեցություն չի ունենա բաժանորդների վրա՝ հաշվի առնելով այն, որ վերջին տարվա ընթացքում դրամն արժեւորվել է դոլարի նկատմամբ: Գլխավոր տնօրենը միաժամանակ վստահ էր, որ բնական գազի գնի բարձրացումը չի բերի սպառման ծավալների կրճատման. «Համոզված եմ, որ գազի գների աճը խոչընդոտ չի դառնա երկրի տնտեսության համար»: Նա հավաստիացրեց, որ գազ մատակարարող «Գազպրոմը», որը «ՀայՌուսգազարդի» խոշորագույն բաժնետերն է, նույնպես շահագրգռված է Հայաստանի գազի շուկայի զարգացմամբ: Ըստ պարոն Կարապետյանի, 2010-ի հունվարի 1-ից էլ 1000 խմ գազի գինը կհասցվի $200-ի: Այսինքն՝ Կ. Կարապետյանի խոսքերով, մեր գազն էլ կհաշվարկվի եվրոպական գներով:

Նախագահ Սերժ Սարգսյանն ավելացրեց, որ «Գազպրոմի» հետ գազի գների շուրջ պայմանագրի բնույթն ամբողջությամբ տեղավորվում է բանակցությունների մեջ, ինչը հնարավորություն է տալիս բնակչությանն ու գործարարներին՝ կանխատեսել ապագան: Դիմելով Կարեն Կարապետյանին՝ նա ասաց. «Իհարկե, այն սակագները, որոնք գործելու են 2009-ի ապրիլի 1-ից, մեզ ստիպում են չնչին չափով ավելացնել սոցիալական ծանրաբեռնվածությունը, ուղղակի դուք ասում եք, որ գների բարձրացումը որեւէ ազդեցություն չի ունենա, դա կարող է մարդկանց կողմից ընկալվել այնպես, որ ընդհանրապես գազի գնի փոփոխություն չի լինելու, բայց համաձայն եմ, որ փոփոխությունը կլինի աննշան»: Ս. Սարգսյանն ասաց նաեւ, որ պետական մակարդակով պետք է լուծվի այն բնակավայրերի գազիֆիկացման խնդիրը, որտեղ «ՀայՌուսգազարդի» համար տնտեսապես շահավետ չէ գազի խողովակներ անցկացնել: Խոսելով ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի մասին՝ պարոն Սարգսյանն ասաց. «Իրան-Հայաստան գազատարի շահագործումը պետք է համադրել 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի հետ»: Հանրապետության նախագահը հիշեց վերջերս վրաց-օսեթական պատերազմի հետեւանքով մեր երկրում տեղի ունեցած ֆորս-մաժորային իրավիճակի մասին. «Բավական երկար ժամանակ մենք չէինք կարողանում հեղուկ վառելիք ներկրել Հայաստան, բնակչությունը սա իր վրա չզգաց, քանի որ ավտոմեքենաների մեծ մասը գազով է շահագործվում: Սա խոսում է այն մասին, որ մեր բնակչությունը հիմնականում օգտագործում է հենց գազ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել