Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԻ՛Ք Է ԿԱՐԿԱՏԵՔ ՕՐԵՆՔԸ

Սեպտեմբեր 24,2008 00:00

\"\"Ասում է ԵՄԱ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, որն էլի է կազուսներ գտել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 10 տողանոց լրացման մեջ:

Քանի՞ բացթողում կարող է լինել ընդամենը մեկ պարբերություն կազմող օրենքի մեջ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում վերջերս արված 10 տողանոց լրացման մի բացթողման մասին Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն արդեն ազդարարել է: Ըստ այդ լրացման՝ մինչեւ 2010-ի հուլիսը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում. «Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011-ի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով»: Միայն փորձագետը նկատեց, որ լրացման մեջ ոչինչ ասված չէ այն ռադիոընկերությունների մասին, որոնց արտոնագրի ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը:

Այժմ Մեսրոպ Հարությունյանը մի քանի այլ բացթողումներ էլ մատնանշեց արված լրացման մեջ, սակայն նախ վերահաստատեց. «Այն, որ օրենքը հապշտապ ընդունեցին ու միակ նպատակը պարզ է, թե որն էր՝ անմիջապես երեւում է, երբ ուսումնասիրում ես տեքստը: Գրել են՝ «այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011-ի հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով»: Իսկ ե՞րբ պիտի հայտ ներկայացնեն: Կա՛մ այստեղ մի կետ էլ պիտի լիներ, թե դիմելու կարգը եւ ժամկետները սահմանում է ՀՌԱՀ-ը, կա՛մ էլ օրենքում պիտի հստակ նշված լիներ, թե արտոնագրի ժամկետը լրանալուց, ասենք, 6 ամիս առաջ կարող են հայտ ներկայացնել՝ երկարացնելու համար: Իսկապես հարց չի՞ առաջանում՝ կարող է տվյալ հեռուստաընկերության արտոնագրի ժամկետը լրանում է 2010-ին, այսօրվանի՞ց պիտի դիմի: Եվ էլի հարց է առաջանում՝ ինչքա՞ն ժամանակում է ՀՌԱՀ-ը քննարկում արտոնագրի ժամկետի երկարաձգման հայտը: Եվ վերջապես՝ Ազգային հանձնաժողովին այս օրենքով դրել են խորհրդարանի դակիչ պատգամավորների տեղ. գրել են «Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը»: Ես լինեի ՀՌԱՀ-ի տեղը՝ կնեղանայի, թե այստեղ ընդամենը «մեխի գլո՞ւխ» եմ՝ իրենք դիմեն, ես էլ անպայման երկարացնեմ: Իսկ ինչո՞ւ իրավունք չեն տալիս մերժելու կամ գոնե պարզապես քննելու՝ արժե՞ երկարացնել, թե՞ ոչ»:

ԵՄԱ փորձագետը հիշատակեց, թե 1999-ին, երբ դեռ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը՝ իրենք հետեւյալ մեխանիզմն էին առաջարկել. «Ասում էինք՝ օրենքում նշեք, որ գործող հեռուստաընկերություններն արտոնագրի ժամկետը լրանալուց այսքան ժամանակ առաջ կարող են դիմել ՀՌԱՀ՝ իրենց արտոնագիրը երկարացնելու: Եվ եթե ՀՌԱՀ-ը պարզում է, որ նախորդ 7 տարվա ընթացքում տվյալ հեռուստաընկերությունն օրենքի եւ արտոնագրի պայմանների խախտում թույլ չի տվել, չի ունեցել տույժեր եւ տուգանքներ՝ մեխանիկորեն երկարացնում է արտոնագրի ժամկետը եւ այլեւս չի հայտարարում մրցույթ: Իսկ եթե ունեցել է՝ բնականաբար, մրցույթ հայտարարվում է»: Այդ առաջարկը մերժվել էր: Իսկ հիմա արտոնագրի ժամկետը երկարացնում են առանց որեւէ նախապայմանի: Մինչդեռ, ըստ Մեսրոպ Հարությունյանի՝ «հեռուստաընկերությունները ե՛ւ արտոնագրի պայմաններն են խախտել անցած 7 տարիների ընթացքում, ե՛ւ օրենքի բազմաթիվ խախտումներ են թույլ տվել, որոնք նշել եմ ԱԺ լսումների ընթացքում»: Որպես ամենատարածված օրինախախտում՝ հիշատակեց հովանավորների անունը տալը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 15 հոդվածի համաձայն՝ բարեգործական հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում հովանավորողների մասին կարճ հայտարարություններ պիտի ներկայացվեն «միայն հաղորդման սկզբում եւ վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տեւողությամբ»: Իսկ իրականում՝ «ցանկացա՛ծ պահին, ե՛րբ ասես՝ հայտարարում են, թե մեր հաղորդման հովանավորն է….»: Եվ սա դեռ, ըստ փորձագետի, ամենահասարակ խախտումն է. «Այսինքն՝ հեռուստաընկերություններն այսքան տարի աշխատել են օրենք խախտելով՝ ինչ-որ մարդիկ տուգանվել են (իհարկե, էլի ընտրովի), տույժերի ենթարկվել ու հիմա պիտի դիմեն ու միանգամից 2 տարով նորից իրենց արտոնագիրը երկարացվի՞: Նորից եմ ասում՝ եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահի փոխարեն՝ կվիրավորվեի»:

Ի դեպ, ԱԺ հիշատակված լսումներից հետո խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների հեղինակությամբ շրջանառության մեջ դրվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մի նախաձեռնություն, որով հիմնականում սահմանվում են ՀՌԱՀ-ի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության մրցութային կարգի սկզբունքները: Մեր հարցին, թե այս նախագիծն արտացոլո՞ւմ է ԵՄԱ առաջարկները՝ պրն Հարությունյանը պատասխանեց, թե իրենց որոշ առաջարկներ իրոք ներառվել են. «Բայց փորձել են սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք ընդունելի չեն: Ստացվում է, թե ՀՌԱՀ անդամ դառնալու մրցույթը հավասարեցվել է քաղծառայության մրցույթին»: Ըստ նրա՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն արմատական փոփոխության կարիք ունի. «Այսպես չի լինի՝ միայն օրվա հարցեր լուծելով: Այս օրենքը պետք է ծայրից ծայր նորից գրվի: Ընդ որում՝ դեռ քանի՜ տարի առաջ ենք ասել, որ «Ինտերնյուսը» մշակել է նոր օրենքի ամբողջական հայեցակարգ: Այն բազմիցս ներկայացվել է ԱԺ խմբակցություններին՝ կարելի էր վերցնել, վերամշակել ու մի նորմալ օրենք գրել: Եվ ոչ թե այսպես «կարկատաններ» անել, ու հետո օրենքի փոփոխության մեջ նորից փոփոխություն կատարել, որ խելքը գլխին բան դառնա»:

Հ. Գ. ԵՄԱ փորձագետը կշտամբեց պատգամավորներին. «Օրենք եք ընդունել՝ ըստ էության, որեւէ քննարկում չանելով: Վեր են կենում՝ խոսում ամենատարբեր բաների մասին, թե փող ճարեին, չգիտեմ ինչ անեին…Դա խոսելուց առաջ՝ մի հատ կարդա, տես՝ ինչի՞ն ես կողմ քվեարկում: Գուցե եթե կարդար, ուղեղը շարժեր՝ կնկատեր, որ այստեղ գրված է՝ «հեռուստաընկերություն», ոչ թե «հեռուստառադիոընկերություն»: Բայց չեն կարդում: Այսպես ո՞նց կարելի է. իրենք իսկապես արժանապատվություն չունե՞ն: Իրենց ասել են՝ կոճակը սեղմե՛ք, սեղմո՞ւմ են: Վաղը կառավարությունը կարող է մի նախագիծ բերի, որտեղ գրված լինի, թե պատգամավորները պարտավոր են կողմ քվեարկել գործադիր մարմնի բոլոր նախաձեռնություններին: Իրենք էլ կողմ կքվեարկե՞ն առանց կարդալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել