«Պաշտոնական Թեհրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդություն ստանձնելու բանակցություններ է սկսել Բաքվի եւ Երեւանի հետ»: Այսպիսի անսպասելի լուր է տարածել Day.Az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նասիր Համիդի Զարեի՝ ANS TV-ին տված հարցազրույցը: Ըստ այդմ, դեսպանն ընդգծել է նաեւ, որ Թեհրանը ձգտում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ միջազգային իրավական նորմերի շրջանակներում եւ խաղաղ ճանապարհով:
ՀՀ ԱԳՆ-ում անուղղակիորեն հերքել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի միջնորդության վերաբերյալ Բաքվի եւ Երեւանի հետ Թեհրանի բանակցությունների վերաբերյալ վերոհիշյալ տեղեկատվությունը: Պատասխանելով «Արմինֆոյի» հարցմանը՝ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը հիշեցրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջերս արած հետեւյալ հայտարարությունը. «ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հարցի կարգավորման գործընթացի գործող ձեւաչափ է, որն ապացուցել է իր կենսունակությունը եւ վայելում է միջազգային հանրության աջակցությունը: Հիմնախնդրի կարգավորման բանակցությունները շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա եւ այդ ձեւաչափում»:
Իսկ մինչ այդ, թուրքական լրատվամիջոցները հաղորդումներ են տարածել այն մասին, թե արդեն իսկ որոշված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ամսաթիվը: Ըստ այդմ, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը նախ առանձին հանդիպումներ կունենա Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, այնուհետեւ, կողմնորոշաբար՝ սեպտեմբերի 25-26-ին նախարարները հանդիպում կունենան եռակողմ ձեւաչափով:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ից հաղորդել են, որ այդ հանդիպման արդյունքներով որեւէ համատեղ հայտարարություն չի սպասվում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, օրերս լրագրողների հետ ունեցած զրույցում Թուրքիայի ԱԳ նախարարը եւս մեկ անգամ անդրադարձ է կատարել հայ-թուրքական վերջին շփումներին, մասնավորապես, ասելով. «Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում դրական առաջընթաց է նկատվում: Հայաստանը դրական է վերաբերվել 1915թ. իրադարձությունների հետաքննման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին»:
Իսկ ահա թե «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում ինչ է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Որեւէ հանձնաժողով ստեղծելուց առաջ լավ կլիներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը: Այդ ժամանակ մենք կարող ենք ստեղծել տարբեր հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ՝ ցանկացած հարցով»: