Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը:
Ըստ «Ա1+»-ի, նա դատական նիստի հենց սկզբում ներկաներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով եւ հավաստիացրել, որ հաջորդ տարի այդ օրը նշելու են միասին, «ողջ ժողովրդով, իրար հետ, նոր Հայաստանում»:
Երեկ դատարանում ցուցմունք են տվել գործով անցնող ոստիկանության երկու աշխատակից վկաներ՝ ՀՀ ոստիկանության 5-րդ վարչության տեսուչ Արսեն Աղանիկյանն ու 3-րդ վարչության աշխատակից Տիգրան Կարապետյանը: Եթե առաջին վկան դատական նիստի ընթացքում այդպես էլ չհիշեց, թե կոնկրետ ո՞ւմ հրամանով էին դուրս եկել «զինված անձանց զինաթափելու», ապա երկրորդ վկան նշեց, որ հրաման են ստացել կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանի կողմից: Վկա Տ. Կարապետյանը փաստեց, որ օպերացիան իրականացնելիս ՎԱԶ 21-010 մակնիշի ավտոմեքենայի մեջ եղածների կողմից որեւէ դիմադրություն չի եղել, իսկ մյուս մեքենայի մարդկանց մասին հետագայում լսել է, որ եղել է. «Ես առաջ եկա, որ Վարդան Ջհանգիրյանին բռնեմ, ոտքս վիրավորվեց, ու հետ եմ եկել: Վարդանը ծնկաչոք էր, ձեռքերը առաջ»: Վկա Ա. Աղանիկյանն էլ ցուցմունք տվեց, թե Վ. Ջհանգիրյանը դիմադրել է, իսկ ավելի ուշ նշեց, թե ծնկի էր իջած: «Բա ծնկի իջած ո՞նց էր դիմադրում»,- հեգնեց Գ. Ջհանգիրյանը: Դատական նիստը հետաձգվեց:
Ավելի ուշ «Առավոտը» ստացավ Գագիկ Ջհանգիրյանի, իր ձեւակերպմամբ՝ «քաղաքական պատանդի» հայտարարությունը, որում մասնավորապես ասված է. «Ուղիղ 7 ամիս է, որ հանիրավի պահվում եմ անազատության մեջ: Ամբողջ մեղքս այն է, որ այլեւս չհանդուրժելով ապօրինություններն ու անարդարությունները, օգտվելով կարծիք ունենալու եւ այն ազատորեն արտահայտելու սահմանադրական իմ իրավունքից, փետրվարի 22-ի ընդդիմության հանրահավաքին հայտարարել եմ, որ չնայած իշխանությունների գործադրած բռնություններին, մասսայական կեղծիքներին ու խախտումներին, նախագահական ընտրություններում հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, «27-ի» վերաբերյալ քրեական գործի անջատված մասի վարույթը կարճվել է օրենսդրության խախտումներով:
Հաջորդ օրն իսկ ես ապօրինի ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից եւ զրկվել դասային աստիճանից: Նույն օրը, մի քանի ժամ անց, իմ նկատմամբ սպանության սադրանք է իրականացվել, ինձ ու եղբորս ապօրինի բերման են ենթարկել, խոշտանգել, ձերբակալել ու կալանավորել, հարազատներիս նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցել:
Մինչ այժմ պաշտոնեական կամ արդարադատության դեմ ուղղված այլ ծանր հանցագործություններ կատարած եւ ոչ մի պաշտոնատար ու շարքային չեն կանչվել քրեական պատասխանատվության, ընդհակառակը՝ իմ ու եղբորս «քրեական գործերով» նրանցից ոմանք ներգրավվել են որպես տուժողներ ու վկաներ, ավելին, նրանց նման վարքագիծը օրենքը կիրառող պետական մարմինների կողմից խրախուսվում ու հովանավորվում է:
Ահա թե ինչու ես, ռեժիմի պատանդ իմ ընկերները, համաժողովրդական շարժումը, ՀՀ բոլոր գիտակից քաղաքացիները Հայաստանն ուզում են տեսնել իրական անկախ, ազատ ու ժողովրդավար պետություն:
Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության անկախության հասունության 18-րդ տարեդարձը տոնելու ենք միասին, ողջ ժողովրդով, նոր Հայաստանում»: