Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ

Սեպտեմբեր 24,2008 00:00

Այսպիսի ընտրություն է սպասվում Նոր Նորք համայնքի բնակիչներին

Սեպտեմբերի 28-ին տեղական ինքնակառավարման մարմինների՝ թաղապետի եւ ավագանու ընտրություններ են լինելու նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքում:

Այս համայնքում թաղապետ դառնալու երկու հավակնորդ կա՝ արդեն երրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած գործող թաղապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանն ու Մելիք Գասպարյանը (չշփոթել նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի հետ)՝ էլի ՀՀԿ անդամ: Ընդ որում, ներկուսակցական պայքարի այս ինքնատիպ ձեւը Հանրապետական կուսակցության համար վերջին շրջանում «նորմա» է դարձել: ՀՀԿ-ում ասում են, թե իրենց կուսակցությունը «դեմոկրատական» է, եւ իրենք դեմ չեն, եթե ՀՀԿ անդամներից որեւէ մեկը որոշում է, օրինակ՝ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցել իր կուսակցի հետ: Հենց այդպիսի օրինակներ եղան, եթե հիշում եք, մասնավորապես, ՏԻՄ ընտրությունների ժամանակ Էրեբունի համայնքում: Այստեղ առաջադրվել էր երկու թեկնածու՝ ՀՀԿ խորհրդի անդամ եւ գործող թաղապետ Մհեր Սեդրակյանն ու նրա տեղակալ, ՀՀԿ անդամ Արմեն Հարությունյանը: Ու թեեւ Հանրապետականը պաշտոնապես էր հայտարարել, որ սատարում է Մ. Սեդրակյանին, այդուհանդերձ, վերջինս՝ ոչ առանց լուրջ պատճառների, ինքնաբացարկ հայտնեց: Հանրապետականների միտքը հասկանալու իմաստով ավելի բարդ էր իրավիճակը Արաբկիր համայնքում, որտեղ մրցակցում էին ՀՀԿ խորհրդի անդամ, գործող թաղապետ Հովիկ Շահինյանն ու անկուսակցական, բայց ՀՀԿ-ի մի ստվար հատվածի աջակցությունը վայելող, արդեն ընտրված թաղապետ Ալբերտ Երիցյանը: ՀՀԿ-ն այս դեպքում այդպես էլ չհայտարարեց իր նախընտրած թեկնածուի անունը, թողնելով, որ թեկնածուներն իրար լավ գզեն, վերջում ով հաղթեց՝ հաղթեց: Հիմա, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, միանգամից երեք ՀՀԿ-ականներ իրար հետ պայքարում են Արարատի մարզի Երասխ գյուղի գյուղապետի պաշտոնում ընտրվելու համար, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում երկու ՀՀԿ-ական թեկնածուներ են մրցակցում, եւ պարզ չէ, թե նրանցից որ մեկին է ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում:

Ահավասիկ համանման վիճակ է նաեւ Նոր Նորքում: Տարբերությունն այստեղ միայն այն է, որ ՀՀԿ-ն կոնկրետ դեպքում հստակորեն հայտարարել է, որ պաշտպանում է գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանի թեկնածությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ՝ կուսակցական կառույցների աջակցություն, վարչական լծակների կիրառում եւ այլն: Բայց մյուս թեկնածուն էլ միամիտ մարդ չէ: Նա, ով ժամանակին աշխատել է «Զվարթնոց» օդակայանի ոստիկանությունում (իսկ դրա եւ ՀՀԿ-ական լինելու մասին այս թեկնածուի բուկլետում ոչինչ ասված չէ), համայնքում հայտնի է «Մելո» անունով եւ «լավ տղու» համբավ ունի, անաջակից չի մնացել: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նրան մեծ մասամբ աջակցում են թաղի ԲՀԿ-ականները, առանձին շենքերի լիազորներ եւ, ինչպես պարզվում է՝ նաեւ փոստատարները, որոնք ընտրությունների ծանուցման թերթիկները բաժանելիս բնակչին հորդորում են՝ «լավ կլինի ընտրեք Մելիքին» եւ այլն:

Բայց որեւէ մակարդակի ընտրությունները միայն ներկուսակցական կամ ներիշխանական «սակարկություն» չեն նշանակում: Ընտրություններն, ի վերջո, ուզեն, թե չուզեն մեր իշխանությունները, նաեւ ենթադրում են ՀՀ քաղաքացիների կողմից կատարվող ընտրություն: Ասել, թե համայնքի բնակիչները գործող թաղապետից գոհ են այն աստիճանի, որ առանց երկմտելու նրան են ընտրելու՝ ճշմարտանման չի լինի, որովհետեւ ամբողջ համայնքը արդեն տարիներ շարունակ աղբի մեջ է, շինություններ եւ առանձնատներ են վեր խոյանում՝ որտեղ պատահի, հենց մայթերի վրա, ու այն կոռուպցիան, որի մասին սիրում են խոսել հայրենի իշխանություններն ու ՀՀԿ-ն, այս համայնքի թաղապետարանում էլ կա՝ բոլ-բոլ: Սրան հավելենք նաեւ այն, որ Դ. Պետրոսյանը եթե ոչ այսօր, ապա գոնե անցյալում թմրանյութերի հետ կապված պրոբլեմներ է ունեցել, որոնց մասին նաեւ հրապարակումներ եւ փաստեր են եղել: Մի խոսքով, մարդիկ նրանից հեչ էլ գոհ չեն՝ «էսքան ժամանակ ի՞նչ է արել որ» տարբերակով: Մյուս կողմից, դժվար է ասել, թե Նոր Նորքում բնակիչների ո՞ր հատվածն է, որ ծանոթ է թեկնածուներից մյուսի՝ Մ. Գասպարյանի կենսագրությանը կամ գոնե դեմքով նրան ճանաչում է: Փոխարենը այս մարդը հայտնի է ավելի լավատեղյակ ու քաղաքականապես ակտիվ մեր քաղաքացիներին այս տարվա փետրվարի 7-ի երեկոյան Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցած դեպքերի լույսի ներքո: Հիշեցնենք, որ այդ օրը քարոզչական նյութեր բաժանելիս ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գրիգորյանը, Գեւորգ Զաքարյանը եւ Աղվան Հակոբյանը դաժան ծեծի էին ենթարկվել: Տղաների պատմելով, թռուցիկներ փակցնելիս իրենց էր մոտեցել 33 UU 335 պետհամարանիշի «Նիսան առմադա» մակնիշի մի ջիփ, որից իջել էին նույն ինքը՝ «Մելոն» եւ նրա երեք ուղեկիցները եւ հարձակվել էին երիտասարդների վրա: Արդյունքում նրանք երեքն էլ տեղափոխվել էին հիվանդանոց, փաստի առիթով քրգործ էր հարուցվել, որն այդպես էլ, արդեն ավելի քան 7 ամիս, «բացահայտված» չէ, թեեւ հայտնի է, որ սույն ավտոմեքենան պատկանել է հենց «Մելոյին»: Այս «չբացահայտված» լինելու հանգամանքը, թերեւս, բացատրվում է նրանով, որ այս մարդու հարազատ եղբայրը ՀՀ ոստիկանության համակարգի աշխատակից է՝ քրեական հետախուզության սպա: Հիշեցնենք նաեւ, որ այն ժամանակ «Մելոն», ըստ ԶԼՄ-ներում եղած հրապարակումների, Նոր Նորքի 4-րդ զանգվածում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր։

Ի դեպ, եւս մի հետաքրքիր փաստ: «Առավոտի» տեղեկություններով, 38-ամյա Մ. Գասպարյանը Կենտրոնի գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանի մորաքրոջ թոռն է: Նա ժամանակին Նոր Նորքի թաղապետարանում զբաղեցրել է առեւտրի բաժնի պետի պաշտոնը: Պաշտոնապես ոչ մի տեղ չաշխատող այս թեկնածուն, ըստ մեր աղբյուրների, Նոր Նորքի 7-րդ զանգվածում հացի փուռ ունի:

Մի խոսքով, Նոր Նորքի բնակիչներին դժվար ընտրություն է բաժին հասել՝ ընտրություն կատարել իրենց խոսքերով՝ վատի ու վատթարագույնի միջեւ, ու այս պարագայում թեկնածուներին մնում է գնահատել ոչ թե նրանց քարոզչական բուկլետներում գրված գեղեցիկ խոսքերին, հրամցվող ծրագրերին ու ճոխ-ճոխ նկարներին հավատալու, այլ միայն՝ բուկլետի ճաշակով արված դիզայնի տեսանկյունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել