Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱԵՐԻԶԸ ՄՈՆՏԱԺՎԱ՞Ծ Է

Սեպտեմբեր 23,2008 00:00

«Առավոտի» «Հայտարարել եք՝ հասարակական հանձնախմբի տարածած մարտի 1-ի տեսաերիզը մոնտաժված է, մինչդեռ այդ նույն հայտարարության մեջ նկատել եք, որ նոր է նշանակվել փորձաքննություն» երեկվա հարցին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Այս հարցը անհարկի շահարկվեց եւ որքան էլ տարօրինակ է՝ լրատվամիջոցների կողմից: Տարածված ֆիլմում օգտագործվել են հատվածներ տարբեր ժամանակահատվածներում կատարված նկարահանումներից, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից: Նեղ մասնագիտական գիտելիքներ ունենալն ամենեւին էլ պարտադիր չէ, լրագրությանը եւ հատկապես հեռուստառադիոլրագրությանը քիչ թե շատ ծանոթ մարդը պետք է տեղյակ լինի, որ անգամ հեռուստառադիոռեպորտաժները պատրաստվելու ընթացքում տեղի է ունենում որոշակի մոնտաժ, այլ հարց է՝ մոնտաժի արդյունքում կադրերը աղճատվո՞ւմ, կեղծվո՞ւմ, խեղաթյուրվո՞ւմ են, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է տարածված ֆիլմին, ապա նշել եմ, որ ֆիլմում օգտագործվել են կադրեր՝ տարբեր ժամանակներում եւ անձանց կողմից կատարված նկարահանումներից եւ ակնհայտ է, որ կատարվել է մոնտաժ՝ քաղաքական հստակ ուղղվածությամբ: Օրինակ՝ քարոզչական այդ ֆիլմում օգտագործվել են կադրեր Լ. Տեր-Պետրոսյանի 2007թ. աշնանն ունեցած ելույթից, նախկինում այն տպագրվել է նաեւ մամուլում եւ ավելի ծավալուն էր, քան ֆիլմում օգտագործված հատվածը: Տվյալ ֆիլմի հեղինակին անհրաժեշտ է եղել օգտագործել արտահայտված միայն մեկ միտքը, ինչը եւ արել է, կամ օգտագործվել են բռնության կադրեր, բայց չեն երեւում դրան նախորդող եւ հաջորդող իրադարձությունները: Ստեղծագործական աշխատանք է, որտեղ տարօրինակ ոչինչ չկա եւ եթե լրագրողները կարող են հուշել, թե ուրիշ ինչպես կարելի է հեռուստառադիոռեպորտաժ, առավել եւս ֆիլմ պատրաստել առանց մոնտաժի, շնորհակալ կլինեմ: Իսկ թե ինչու պարզունակ այդ հարցը շահարկվեց՝ մի քանի թերթերի կողմից նույնաբովանդակ մեկնաբանությամբ, այլ հարց է: Ինչպես արդեն նշել եմ՝ այդ ֆիլմն ուսումնասիրվել է եւ, նկատի ունենալով, որ այնտեղ օգտագործվել են նաեւ կադրեր մայրաքաղաքում մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժի վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է նախաքննական մարմնին դրանք դարձնել քննության առարկա: Եվ նշանակված փորձաքննությունը չի վերաբերում միայն մոնտաժված լինել-չլինելուն. կան կադրեր, որտեղ արտացոլված պատկերները փորձագետների կողմից պարզաբանման կարիք ունեն: Քննության արդյունքները կներկայացնենք հանրությանը»:

ՄԱՀԱՑԵԼ ԷՐ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Վանաձորի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի 35-րդ բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու՝ 67-ամյա Լարիսա Ղարագյոզյանի դին:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել