Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչը՝ մեղադրողների պաշտպան

Սեպտեմբեր 23,2008 00:00

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած վճիռը՝ 4 տարի ազատազրկում, եւ ամբողջությամբ մերժեց պաշտպանության կողմի բողոքը:

Արդյունքում՝ Վանո Սիրադեղյանի նախկին վարորդ Վարդան Ղավալբաբունցը, ով մեղադրվում է մարտի 1-ին պետական իշխանությունը յուրացնելու եւ ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ, կշարունակի կրել պատիժը: Դատարանը որոշումը հրապարակել է առանց հարազատների մասնակցության, ըստ էության, նիստը եղել է դռնփակ: Շենքի մոտ հավաքված հարազատներին հնարավորություն չի ընձեռվել մուտք գործել դատարանի շենք: Վ. Ղավալբաբունցի պաշտպան Հարություն Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ ընդհանրապես ՀՀ վերաքննիչ դատարանը առաջին ատյանի որոշումներն անփոփոխ է թողնում, եթե դրանք բողոքարկում է պաշտպանական կողմը, կամ էլ՝ բավարարվում են միայն մեղադրող կողմի բողոքները. «Արմենակ Աբրահամյանի գործով դատախազի բերած բողոքը բավարարվեց, եւ պայմանական ազատազրկված Արմենակ Աբրահամյանին դատապարտեցին 3,5 տարվա ազատազրկման»:

Այս երկու գործերով զուգահեռներ անցկացնելով՝ փաստաբանը գտնում է, որ՝ «Վերաքննիչ դատարանն, ըստ էության, մեղադրող կողմի պաշտպանության ֆունկցիա է իրականացնում: Դատավճիռների մեղմացում չի նկատվում, հակառակը՝ մարտի 1-ի գործերով փաստացի խստացում է արձանագրվում: Նույնիսկ, ասենք, եթե վերաքննիչն ուժի մեջ է թողնում պայմանական դատապարտվածների առաջին ատյանի վճիռները՝ դրանք նույնպես անպայման քաղաքական ենթատեքստ ունեն: Համենայնդեպս, ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ի գործերով արդարադատություն իրականացնելը բավականին դժվար բան է, որովհետեւ քանիցս փորձեցինք ցույց տալ, որ մեր պաշտպանյալների գործողություններում առարկայական, Քրօր.-ի 225 հոդվածին բնորոշ գործողություններ չեն կատարվում. թե դա որքանով է դատարանին ընկալելի, ընդունելի, հասանելի, ի վերջո` կիրառելի, այլ հարց է»: Հարություն Բաղդասարյանը դատարաններին համարում է քաղաքական որոշումներով կաղապարված, այլապես որեւէ կերպ նա հնարավոր չի համարում այն ոստիկաններին արդարացնելը, ովքեր սուտ վկայություններ են տվել, մինչդեռ՝ «նրանցից շատերը կամ փախուստի մեջ են, կամ ապահով տեղերում պահված են, նույնիսկ այլ աշխատանքի են տեղափոխված: Սա շատ վտանգավոր բան է, որովհետեւ մարտի 1-ի գործերով հիմնականում տուժող եւ վկա են ոստիկանները եւ առարկայական չեն կարողանում նկարագրել դեպքը: Կոնկրետ Վարդան Ղավալբաբունցի գործով որպես տուժող հանդես եկող ոստիկան Մարատ Մանուկյանը նկարագրել է իրեն իբր ծեծի ենթարկելու մեկ դրվագ Արգիշտիի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում. քրեական գործում նկարագրում է, որ «ՎիվաՍելլի» շենքի մոտակայքում են իրեն ծեծել, նկարագրում է, որ Վարդանն իրեն խփել է այն ժամանակ, երբ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր վրայից վեր էր կենում, մինչդեռ հարց է՝ թե պատգամավորն իր վրայից էր ելնում, թե՝ այլ մարդու, իսկ տեսաերիզում ակնհայտ է, որ այդ ժամանակ Վ. Ղավալբաբունցը բավականին հեռու է: Մեղադրանքի հիմքում ընկած է Ղավալբաբունցի ինչ-որ մի դիրքը, բայց եթե իմ պաշտպանյալն այդ դիրքից խփեր, ուրեմն նրա ոտքի երկարությունը 4 մետր է»: Ինչեւէ, վերաքննիչի որոշմամբ էլ Ղավալբաբունցը դատապարտվեց 4 տարի ազատազրկման, որից մոտ յոթ ամիսն արդեն մեկուսարանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել