Լրահոս
Օրվա լրահոսը

18 ՄԵԴԱԼ ԵՎ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԱՅԻՆ 2-ՐԴ ՏԵՂ

Սեպտեմբեր 23,2008 00:00

Հայաստանի երիտասարդ ծանրորդները Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեցին 18 մեդալ: Տղաները թիմային հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը, իսկ աղջիկները՝ 10-րդ:

Նախորդ գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում զրուցեցինք մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ:

– Գո՞հ եք արդյունքներից:

– Նկատի առնելով, որ չմասնակցեցին օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը, որը Պեկինից վերջերս է վերադարձել, եւ էլի մի քանի շնորհալի մարզիկներ, մասնակցությունը գնահատում եմ գերազանց: 34 երկրների պայքարում մեր տղաները 550 միավորով զբաղեցրին 2-րդ տեղը՝ Ռուսաստանին զիջելով ընդամենը 54 միավորով: Իսկ երրորդ տեղը գրաված Ալբանիային ետ թողեցին ամբողջ 100 միավորով: Ինչ վերաբերում է աղջիկներին, նրանք ընդամենը երկու հոգով (ափսոս, երրորդը՝ Աննա Գովելյանը զրո ստացավ) նույնքան երկրների մեջ գրավեցին 10-րդ հորիզոնականը:

– Մրցաշրջան 2008-ում Հայաստանի ծանրորդները քանի՞ պաշտոնական մրցման են մասնակցել եւ քանի՞ մեդալ նվաճել:

– Եվրոպայի մեծահասակներ՝ 17 մեդալ, աշխարհի երիտասարդներ՝ 10, Եվրոպայի պատանիներ՝ 6, օլիմպիական խաղեր՝ 3, Եվրոպայի երիտասարդներ՝ 18: Ընդհանուր առմամբ՝ 54 մեդալ: Կներեք, բայց գույները ճշգրիտ արդեն չեմ հիշում:

– Սա Հայաստանի ծանրորդների վերջին ելո՞ւյթն էր այս տարի:

– Հավանաբար՝ ոչ: Ալբանիայում մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաները մեզ նախատեցին, որ իրենց հովանու ներքո անցկացվող միջազգային այլ մրցումների, ասենք, աշխարհի գավաթի խաղարկությանը չենք մասնակցում: Եվ պարտադրելու աստիճան առաջարկեցին, որպեսզի, բացի պաշտոնական առաջնություններից, տարեկան առնվազն երկու այլ ներկայացուցչական մրցաշարի էլ մասնակցենք՝ հատկապես պատանիների եւ երիտասարդների մրցափորձի կուտակման նպատակով: Ու դա համընկավ այդ երկու ֆեդերացիաների 2009 թվականի օրացուցային պլանում՝ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդների նոր առաջնության հետ, որը կայանալու է հոկտեմբերին՝ Լեհաստանում:

– Աննա Գովելյանն ինչո՞ւ զրո ստացավ:

– Նա Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հանդես էր եկել 58 կգ քաշային կարգում, իսկ այստեղ մարզչի հետ որոշել էին մասնակցել 10 կգ պակաս քաշային կարգում: Այդքան քաշ գցելով՝ նա ուժերը վերականգնել չէր հասցրել ու ընկճված էր:

– Այս էլ որերորդ անգամ IWF-ի ու EWF-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում երիտասարդականի ավագ մարզչի դերակատարումն ստանձնում եք Դուք, Հոկսեն Միրզոյանը կամ Փաշիկ Ալավերդյանը: Այդպես երկա՞ր է շարունակվելու:

– Այո: Աշոտ Դանիելյանին արգելված է ներկա լինել այդ մրցումներին: Սխալ է, որ ողջ տարվա ընթացքում ծանրորդներին մարզած մարզիչը վճռորոշ պահին իր սաների հետ չէ: Մենք բոլորս նրան շատ ենք հարգում: Բայց խնդիրը պետք է լուծվի: Դա մեր ծանրամարտի շահն է պահանջում: Կամ պետք է կարողանանք հանել այդ արգելքը կամ, կարծում եմ, մինչեւ տարեվերջ հարկ կլինի նոր մարզիչ նշանակել: Խնդիրը քննարկելու ենք մինչեւ տարեվերջ՝ ֆեդերացիայում, այնուհետեւ, կարծում եմ, այն կտեղափոխվի ՀԱՕԿ ու նախարարություն, որտեղ էլ ինչ-որ ելք կգտնվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել