Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԿԱՏԵԼԻ ԵՆ

Սեպտեմբեր 23,2008 00:00

\"\"Շուտով կլրանա «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հիմնադրման 4-րդ տարին։ Ընկերությունը, սակայն, այս կարճ ժամանակաընթացքում զգալի աշխատանքներ է կատարել Վանաձոր քաղաքի եւ շրջակա 16 գյուղերի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ծառայությունների մատուցման որակը բարելավելու ուղղությամբ։ Համակարգի արագ վերականգնում, 24-ժամյա ջրամատակարարում, խմելու ջրի որակի բարձրացում եւ անվթար ջրահեռացում. սրանք են ընկերության աշխատանքային գործունեության առանցքային սկզբունքները։ Ընկերությունը իրավիճակը ճիշտ գնահատելով՝ դանդաղ, բայց հստակ քայլերով գնում է առաջ։ Դրանում մեծ է հայ-գերմանական վարկային ծրագրի դերը, որը ֆինանսավորվում է KFW բանկի կողմից։ Այս չորս տարիների ընթացքում, խորհրդատուի հետ ուսումնասիրելով համակարգը, կազմվեցին նախագծանախահաշվարկային փաստաթղթեր, շինարարների հետ կնքվեցին պայմանագրեր եւ իրականացվեցին ջրամատակարարման համակարգի վերակառուցման լայնածավալ աշխատանքներ։

«Վերջին տարիները ընկերության համար առաջընթացի տարիներ էին, թեպետ ունեինք շատ լուրջ խնդիրներ։ Սողքերի հետեւանքով վնասվեցին ընկերության ջրատարները՝ Ծովասար, Լեռնապատ, Մայմեխ, Նովոսելցովո: Մեծ խնդիր էր նաեւ ձմռանը սառնամանիքի պատճառով ջրատար խողովակների սառցակալումը, որի հետեւանքով քաղաքի շատ թաղամասեր զրկվել էին ջրից: Ընկերությունը ջրկիր մեքենաներով ջուր էր հասցնում նրանց, բայց շատ արագ կարողացանք դուրս գալ այդ իրավիճակից: Մեր աշխատակիցների համառ ջանքերի շնորհիվ կարողացանք ամեն ինչ կանոնակարգել շատ կարճ ժամանակամիջոցում, հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Նախորդ տարի անցանք վարձավճարների հավաքագրման բանկային եւ փոստային համակարգին, ներդրեցինք բաժանորդների սպասարկման «մեկ պատուհանի» գաղափարը։ Շահագործման տնօրինությունում արձանագրեցինք ջրի քանակի ավելացման հստակ աճ։ Նովոսելցովոյի ջրատարի վրա առկա էին տարիների խնդիրներ՝ բացթողումներ, վթարներ։ Ձեռնամուխ եղանք նաեւ այդ վթարների վերացմանը եւ կարողացանք քաղաքի ներսում տնտեսել վայրկյանում 20-25 լիտր ջուր, արդյունքում որոշակի ժամաքանակներ քաղաքի տարբեր հատվածներում ավելացան»,- ասում է ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Գինոսյանը։ Ծրագրի շրջանակներում իրականացվեց «Լոռի- ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վարչական շենքի, արհեստանոցների, ավտոտնակների, պահեստների հիմնանորոգման, կաթսայատան կառուցման եւ տարածքի բարեկարգման գործընթացը։ Արդյունքում ընկերությունն արդեն ունի եվրոստանդարտներին համապատասխան վարչական շենք։

Վանաձորի Տարոն թաղամասում ջրամատակարարման համակարգը ծայրահեղ քայքայված վիճակում է։ Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մետաղական խողովակների արագ շարքից դուրս գալու պատճառը տեղանքի հողի թթվայնության բարձր մակարդակն է։ Դրանից ելնելով, ընկերությունը որոշեց «Լոռու մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» հայ-գերմանական ֆինանսական համագործակցության ծրագրի ներդրումային փուլի մեկնարկը տալ այս թաղամասում եւ այժմ Տարոն թաղամասի ջրամատակարարման համակարգի հիմնանորոգման ու վերակառուցման գործընթացն իրականացվում է մեծ թափով։ Թաղամասը սնող Լեռնապատի գլխավոր ջրատարի մաշված հատվածները նույնպես այժմ փոխարինվում են նոր մետաղական խողովակներով։ Այն հատվածները, որոնցում առկա են ապօրինի միացումներ՝ եւս փոխարինվում են նոր խողովակներով, կառուցվում է Վանաձոր քաղաքի համար նախատեսված օղակաձեւ ջրատարի պակասող հատվածները եւ 2 ջրամբար, ներքին ցանցում տեղադրվում են պոլիէթիլենային բարձրորակ խողովակներ, որոնք իրար են միանում հատուկ տեխնոլոգիայով եւ ունեն շահագործման ավելի քան 50 տարվա հուսալիություն։

Օրերս եռօրյա աշխատանքային այցով «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում էր «Լոռու մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» հայ-գերմանական վարկային ծրագիրը ֆինանսավորող KFW բանկի վերստուգող աշխատանքային խումբը։ Այցի նպատակն էր տեսնել, թե ընկերությունն ինչպես է կազմակերպում վարկային ծրագրի գործընթացն աշխատանքային ժամանակացույցին համապատասխան։ Խումբը շրջեց բոլոր շինհրապարակներում, եղավ շինարարական պահեստում, ուսումնասիրեց նյութերի որակը, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, եղավ Տարոն թաղամասում կառուցվող ու վերականգնող ջրամբարում, խմելու ջրի մաքրման կայանում։ Բանկի ներկայացուցիչները փաստեցին, որ ծրագրի ձեռքբերումներն այս ընկերությունում ակնհայտ են, եւ այցն ամփոփվեց բանկի ներկայացուցիչների կողմից կազմված արձանագրությամբ, որտեղ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատանքը գնահատվեց դրական։

24-ժամյա ջրամատակարարում, բարձրորակ ջրամատակարարում, անվթար ջրահեռացում, բարձրորակ ծառայությունների մատուցում սպասարկման ողջ տարածքում. ահա «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գործունեության գերակա նպատակը։ Ընկերության նորագույն պատմության մեկնարկը տրված է։ Նոր օրեր են սկսվել ջրամատակարար այս ընկերության համար, որը բնության ամենաթանկ պարգեւը՝ ջուրը, հսկայական աշխատանքների ու մեծ ջանքերի շնորհիվ հասցնում է յուրաքանչյուր սպառողի ծորակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել