Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույնները պարգեւատրվում են

Սեպտեմբեր 23,2008 00:00

Դպրոցականները՝ մրցանակներով, ուսանողները՝ կրթաթոշակներով

Սեպտեմբերի 19-26-ը ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում եւ Բյուրականի աստղադիտարանում անցկացվում է ԱՊՀ երկրների դպրոցականների XI աստղագիտական օլիմպիադան, որը նվիրված է Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին: Օլիմպիադայի ծրագրում կան տեսական, գործնական եւ դիտողական փուլեր, գիտամշակութային էքսկուրսիաներ, դասախոսություններ, դիտումներ: Հանձնաժողովի համանախագահներն են՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը եւ դպրոցականների աստղագիտության միջազգային օլիմպիադաների հանձնաժողովի նախագահ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ա. Գավրիլովը: Հաղթող դպրոցականները կպարգեւատրվեն:

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում էլ երեկ տեղի ունեցավ «Բարեկամություն» անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որոնք սահմանել է Մոսկվայի «Կրթություն» կրթաթոշակային հիմնադրամը: Վերջինիս հիմնադիրներն են ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի անդամ Ա. Տեր-Ավանեսովը եւ «Ռոսկոմնեդվիժիմոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Պողոսյանը: Գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակները հանձնեց պրոֆեսոր Հ. Պողոսյանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ու Հրանտ Պողոսյանի ղեկավարած «Գիտության, կրթության եւ առողջապահության զարգացումը Հայաստանում» հիմնադրամի միջեւ ստորագրվել էր պայմանագիր, ըստ որի՝ ԵՊՀ-ում սովորող մագիստրոս եւ ասպիրանտ 50 ուսանողներ, ովքեր բացարձակ գերազանցիկ են, կստանան ամսական կրթաթոշակ. մագիստրոսները՝ $100, իսկ ասպիրանտները՝ $200: Այն ասպիրանտներն էլ, ովքեր ԵՊՀ-ում կամ ՀՀ ԳԱԱ-ում կզբաղվեն գիտական գործունեությամբ, ամսական կստանան $500:

Ընդհանուր առմամբ կրթաթոշակ է տրամադրվել 214 ուսանողի, որից 50-ը՝ ԵՊՀ, 48-ը՝ ԵՊՃՀ, 11-ը՝ ՀՊՏՀ, 7-ը՝ ԵՃՇՊՀ, 7-ը՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական, 7-ը՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական, 15-ը՝ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանների, 10-ը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, 5-ը՝ Գեղարվեստի ակադեմիայի, 5-ը՝ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, 5-ը՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի, 10-ը՝ Ագրարային, 8-ը՝ Սլավոնական համալսարանների, 25-ը՝ ՀՀ ԳԱԱ-ի եւ 1-ը՝ Հարավ-Ռուսական պետական տեխնիկական համալսարանի ուսանողներին:

Իրենց հետ կնքված պայմանագրի որեւէ կետ խախտելու դեպքում ուսանողները ստիպված կլինեն վերադարձնել կրթաթոշակի տեսքով իրենց ստացած ողջ գումարը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քալյանը եւ այլք: Գ. Քալյանը նախ բացատրեց՝ «Սովորելը պետք է մարդու համար դառնա երկրորդ ծննդի պես մի բան», ապա Հ. Պողոսյանին պարգեւատրեց Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ոսկե մեդալով՝ ապագա բժիշկների եւ բժիշկ գիտնականների սպասարկման բնագավառում բարեգործական գործունեության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել