«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված ընկերական խաղերի ֆուտբոլի միջազգային մրցաշարն ավարտվեց
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆուտբոլային թիմի հաղթանակով:
Աբովյան քաղաքի մարզադաշտում սեպտեմբերի 19-ին եւ 20-ին հանդիպեցին «Գազպրոմբանկ» ԲԲԸ, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ, «Գազ դե Ֆրանս Սուեզ» ընկերության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆուտբոլային թիմերը, որոնց կազմերում խաղում են միմիայն ընկերությունների աշխատակիցները:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի համոզմամբ, ֆուտբոլն այսօր ամենադիտարժան մարզաձեւերից մեկն է, որը ընկերության կորպորատիվ մշակույթում հանդես է գալիս ուժեղ ու միասնական գործոն, կարեւոր բաղկացուցիչ մաս:
«Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպումը գազային ընկերությունների միջեւ դարձել է շատ հայտնի ու գրեթե ավանդական: Այն ընկերություններին հաղորդում է մարզաձեւի զարգացում եւ ոչ պաշտոնական միջավայր գործընկերների հետ շփվելու համար»,- ասաց Կ. Կարապետյանը՝ նշելով, որ մրցաշարի շրջանակում ստեղծված շփումներն ավելի ամրապնդում ու նոր ազդակներ են հաղորդում ընկերությունների միջեւ գործընկերային հարաբերությունների բարենպաստ զարգացմանը:
Կարեն Կարապետյանն ուրախությամբ նշեց, որ ընկերական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպման մասին այս գաղափարը շարունակում է արձագանք ստանալ գազի բնագավառի գործընկերների մոտ: Դա նշանակում է, որ 2007թ. ֆուտբոլային մրցաշարը իրականում եղել է հետաքրքիր, եւ մեր հիշողությունում դեռ մնացել են անզիջում պայքարի վառ տպավորությունները, գեղեցիկ ֆուտբոլային կոմբինացիաներն ու գոլերը:
Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշարին, ապա «ՀայՌուսգազարդ» ընկերության ֆուտբոլի թիմը սեպտեմբերի 19-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Գազպրոմբանկ» թիմին:
«ՀայՌուսգազարդ» թիմը դուրս գալով եզրափակիչ՝ սեպտեմբերի 20-ին ուժերը չափեց «Գազպրոմ Էքսպորտ» թիմի հետ, որը մինչ այդ 2:1 հաշվով հաղթանակ էր գրանցել «Գազ դը Ֆրանս Սուեզի» նկատմամբ: «ՀայՌուսգազարդ»-«Գազպրոմ Էքսպորտ» խաղն ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ «ՀայՌուսգազարդի»:
Այսպիսով «ՀայՌուսգազարդի» թիմը դարձավ 2008թ. ֆուտբոլի միջազգային մրցաշարի հաղթող՝ արժանանալով 2008թ. Գավաթի եւ ոսկե մեդալների: Երկրորդ տեղը գրաված «Գազպրոմ Էքսպորտի» թիմը պարգեւատրվեց արծաթե մեդալով, «Գազպրոմբանկի» թիմը՝ բրոնզե մեդալով, «Գազ դը Ֆրանս Սուեզը»՝ հուշամեդալներով:
«Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Անդրեյ Պիմենովը հիշեցրեց, որ 2007թ. մրցաշարում իրենց թիմն էր դարձել հաղթող: Հյուրը շեշտեց ֆուտբոլի դերը կորպորատիվ կապերի զարգացման մեջ՝ ասելով, որ միջազգային գազային ընկերությունները երկար ժամանակ է, ինչ աջակցում են ֆուտբոլի զարգացմանը, սեփական թիմեր ունեն եւ ֆուտբոլի միջոցով նույնպես հեղինակություն են ձեռք բերում: