Լրահոս
Օրվա լրահոսը

LG-ն եւ «Արայը» սոցիալական ծրագրեր են իրականացնում

Սեպտեմբեր 23,2008 00:00

\"\"Շնորհիվ LG եւ «Արայ» ընկերությունների, մայրաքաղաքի 2 դպրոց, 2 մանկատուն եւ 1 տուն-ինտերնատ համալրվեցին ժամանակակից համակարգչային եւ կենցաղային տեխնիկայով:

\"\"«Արայ» ընկերության եւ հարավկորեկան LG ընկերության միջեւ հատկապես վերջին տարիների սերտ համագործակցության արդյունքում LG-ն Հայաստանն ընդգրկեց իր սոցիալական ծրագրերում: Առաջին անգամ Հայաստանում LG ընկերության օժանդակությամբ եւ «Արայի» շնորհիվ համակարգչային դասասենյակներով համալրվեց մայրաքաղաքի 2 միջնակարգ դպրոց, իսկ 2 մանկատուն եւ 1 տուն-ինտերնատ ունեցան ժամանակակից կենցաղային տեխնիկայով համալրված հանգստի սենյակներ: Շուրջ 500 աշակերտ ունեցող Երեւանի թիվ 151 դպրոցը, որը մինչ այդ ուներ ընդամենը 6 համակարգիչ, նվեր ստացավ հեղուկ-բյուրեղյա մոնիտորներով 20 համակարգիչ, 2 տպիչ, համակարգչային սեղաններ, հարակից սարքեր, ինչպես նաեւ արտապատկերիչ եւ էկրան: Դպրոցի տնօրեն Ջուլիետա Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխաների լիարժեք ուսուցման համար այդ տեխնիկան պարզապես անհրաժեշտություն էր. «Մինչ այժմ մեկ համակարգչի մոտ աշխատում էր 3-4 աշակերտ, հիմա արդեն կաշխատի 1, մաքսիմում՝ 2 աշակերտ»: Երեւանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցը, որտեղ սովորում է ավելի քան 300 աշակերտ, եւս համալրվեց նույնաքանակ համակարգիչներով, տպիչներով եւ հարակից սարքերով: Դպրոցի տնօրեն Թամարա Պետրոսյանի հավաստմամբ, իրենց աշակերտներն արդեն կարող են լիարժեք սովորել ու տիրապետել «տեխնոլոգիա» եւ «ինֆորմատիկա» առարկաներին:

Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը մեզ հետ զրույցում խիստ կարեւորեց նման ծրագրերի իրականացումը: Նրա խոսքերով. «Սա իսկապես նոր եւ շատ ողջունելի երեւույթ է Հայաստանի Հանրապետության համար, երբ բիզնեսը դեմքով շրջվում է դեպի կրթություն: Նման քայլերը ցույց են տալիս, որ դպրոցը պետք է լինի ոչ միայն պետության, այլեւ ողջ հասարակության հոգածության առարկան»:

Ծրագրի շրջանակներում LG եւ «Արայ» ընկերությունները նվեր մատուցեցին նաեւ մանկատներին ու ինտերնատներին: Մայրաքաղաքի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը, Հաղթանակ գյուղում գտնվող ավելի քան 250 բնակիչ ունեցող թիվ 1 տուն-ինտերնատը, ինչպես նաեւ «Զատիկ» մանկատունը ունեցան նոր հեռուստացույցով, սառնարանով, օդորակիչով, երաժշտական կենտրոնով ու հարմարավետ աթոռներով համալրված հանգստի սենյակներ: LG GULF նախագահ պարոն Փայկը վստահեցրեց, որ իրենց ընկերության կողմից իրականացվող նման միջոցառումները շարունակական են լինելու. «Մենք այսպիսի աշխատանք անելու ենք աշխարհում ամենուրեք, սա կարող է խելացի ու լավ սկիզբ լինել: Հետագայում մենք կցանկանանք ավելի շատ ներդնել եւ ցույց տալ մեր վերաբերմունքն ու գնահատականը Հայաստանի նկատմամբ»:

«Արայ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Պետրոս Դադայանը հավաստիացրեց, որ հետագայում ծրագիրն ավելի ընդգրկուն է լինելու. «Բնականաբար, ակցիաները կլինեն շարունակական: Մյուս տարի նախատեսվում է, որ մեծ ծրագիր իրականացվի նաեւ համալսարաններում: Սա բարի կամքի արտահայտություն է, պարզապես կազմակերպությունն ուզում է իր մասնակցությունն ունենալ իրենց հետ համագործակցող զարգացող երկրների երիտասարդների կրթության գործում»:

Նշենք նաեւ, որ աուդիո-վիդեո եւ կենցաղային տեխնիկայի մանրամեծածախ վաճառքում մասնագիտացած «Արայ» ՍՊԸ-ն հանդիսանում է LG ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել