Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՏԱՓՆՅԱՅՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ ՉԿԱ

Սեպտեմբեր 23,2008 00:00

\"\"Գյուղի բնակիչներն ապրում են գարշահոտության մեջ ու առնետների հետ

Արարատի մարզի Գետափնյա համայնքի ղեկավար Հակոբ Դալլաքյանը գյուղում այնպիսի ահ ու սարսափ է տարածել, որ բնակիչները «ռիսկ» չեն անում որեւէ տեղ իրենց դժգոհությունները հայտնել, քանի որ գյուղապետի որդիները բողոքողների հետ անպայման հաշվեհարդար են տեսնում: Իսկ ինչպես մենք համոզվեցինք գյուղ այցելելով՝ \"\"Գետափնյայում սոցիալական ու կենցաղային խնդիրները բավականին շատ են: Ոռոգման ջրի առվին են միանում մի շարք տների կոյուղաջրերը, որից փչող գարշահոտությունը բուրում է ամբողջ գյուղով մեկ: Աղբահանությունը նորմալ չի կատարվում, գյուղում տեղադրված գրեթե բոլոր աղբամաններից աղբը դուրս է թափվել ու տարածվել է փողոցներով: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեցին Գետափնյայի բնակիչները (որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում)՝ գյուղում անհավասար պայմաններ են ստեղծված: Օրինակ՝ ոչ բոլոր բնակիչներն են աղբահանության 500 դրամ վարձը վճարում: Կան մարդիկ, որոնց աղբի վարձից ազատում է գյուղապետի բարեկամ լինելու հանգամանքը: Բնակիչների խոսքերով. «Այսքանն էլ բավական չէ, մեր ոռոգման ջրերին է խառնվում նաեւ Աերացիայի կեղտի գործարանի ջուրը, մենք դրանով \"\"ինչպե՞ս կարող ենք մեր այգիները ջրել: Մի քանիսն այդ ջրով ջրեցին՝ ծառերը չորացան: Ստիպված խմելու ջրով ենք ծառերը ջրում, բայց այդ ջուրն էլ վստահելի չէ՝ հարեւաններից մեկի լվացարան առնետ էր մտել՝ կոյուղու խողովակի միջոցով: Արդեն 3 տարի դիմում ենք, որ գյուղի 12, 13, 14 եւ 15-րդ փողոցներում գազ անցկացնեն, սակայն հարցը չի լուծվում: Հակոբ Դալլաքյանը մեզ ասում է՝ աճուրդ եմ հայտարարել, որպեսզի հաղթող կազմակերպությունը գա խողովակներն անցկացնի, բայց մենք արդեն 3 տարի գազ չունենք: Նախագահական ընտրությունների ժամանակ ասում էր. ընտրեք Սերժ Սարգսյանին՝ գազի հարցը կլուծեմ: Մեր միջոցներով գազ էինք ցանկանում անցկացնել, իր տղաներին հավաքել-եկել էր՝ վրաներս մատ էր թափ տալիս, թե առանց իմ գիտության ինչպե՞ս եք համարձակվել դիմում գրել: Արդեն չենք էլ ցանկանում այստեղ ապրել, ուզում ենք մեր տները վաճառենք-գնանք: Բնակիչների մեծ մասը ջրի պատճառով հիվանդ է, խոցեր ունի»: Նշենք, որ գյուղը մանկապարտեզ, դպրոց ու հիվանդանոց չունի, եթե բնակիչները շտապօգնություն են կանչում՝ բժիշկները 5000 դրամ են պահանջում:

Այս տարի Գետափնյայում գյուղապետի ընտրություններ են: Առաջադրված միակ թեկնածուն Հակոբ Դալլաքյանն է: Այս անգամ էլ պարոն Դալլաքյանը Գետափնյայի բնակիչներին հորդորում է իրեն ընտրել: Ինչը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց հենց ինքը՝ Հ. Դալլյաքյանը, ասաց նաեւ, որ ոչ մեկին էլ չի ասել, որ Սերժ Սարգսյանին ընտրեն: Գյուղապետն ասաց, որ իրենց գյուղում աղբահանությունը 2 օրը մեկ է կատարվում, գյուղապետարանն էլ 50 հազար դրամ է վճարում դրա համար. «Մեր ոչ մի բնակիչ աղբի համար գումար չի տալիս»: Հարցին, թե ինչո՞ւ գյուղում գազի հարցը չի լուծվում, Հ. Դալլաքյանը պատասխանեց. «Գյուղում գազ կա»: Մեր պնդմանը, որ որոշ փողոցներում, այնուամենայնիվ, գազ չկա, նա ասաց. «Պետք է հայտարարություն տանք, մրցույթն ով շահի՝ կգան աշխատանքները կատարելու: Հայտարարությունը չեմ տվել, բայց խոստացել եմ, իսկ գյուղապետարանը նման կարգի գումարներ չունի»: Գյուղում մանկապարտեզ ու դպրոց չունենալը պայմանավորեց 1990-ականներին Գետափնյայի ու Գեղանիստի միավորված լինելով. «Հետո առանձնացան, բայց մենք մնացինք առանց մանկապարտեզ ու դպրոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել