Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՌ 3 ԱՄԻՍ ՈՒՆԵ՞Ն

Սեպտեմբեր 23,2008 00:00

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է տարածել նաեւ «Առավոտի» հրապարակած այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը դեռ չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված իր պարտավորությունները, մասնավորապես չի վճարել փոխհատուցման գումարը: Մինչ հերքումը մեջբերելը՝ նկատենք, որ արդեն ավանդույթ է դառնում, որ այս նախարարությունը փորձում է ներկայանալ ԵԽ-ից ավելի իրազեկ՝ ԵԽ դիրքորոշումների վերաբերյալ: Նախ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի մարտի 17-ի փոփոխությունների հեղինակներից է, հայտարարել էր, թե փորձագետներին կհամոզի, թե դրանք եվրոպական կոնվենցիայի շրջանակներում են: Առանց նախարարի անունը տալու՝ այս պատմությունն օրերս «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում վերհիշեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Հետո ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման մասին արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե նա համաձայնել է, որ ԵԽԽՎ 1620 բանաձեւի կատարման առումով «ձեռնարկված միջոցները համահունչ են բանաձեւում ամրագրված դրույթներին», ինչը հարուցեց Համմարբերգի բուռն դժգոհությունը: Իսկ հիմա էլ ԱՆ-ն հաղորդել է, թե փոխհատուցման գումարը վճարվում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ կետի համաձայն՝ վերջնական դառնալուց հետո 3 ամսվա ընթացքում. «Վճիռը վերջնական է դառնում վճռի կայացման պահից 3 ամիս հետո, եթե կողմերից որեւէ մեկը չի բողոքարկում այն Մեծ Պալատ»: Եվ հաշվի առնելով այն, որ «Ա1+»-ի գործով վճիռը կայացվել է հունիսի 17-ին՝ այն վերջնական է դարձել սեպտեմբերի 17-ին, ու փոխհատուցման գումարը պիտի վճարվի մինչեւ դեկտեմբերի 17-ը. «Հետեւաբար ՀՀ կառավարության կողմից վճռով սահմանված իր պարտավորությունների չկատարման վերաբերյալ խոսք լինել չի կարող»: Այսուհանդերձ, դարձյալ մեջբերենք, որ սեպտեմբերի 17-18-ին ԵԽ Նախարարների կոմիտեի անցկացրած հանդիպման օրակարգային հարցերի հավելվածներից մեկում՝ https://wcd. coe.int/ViewDoc.jsp?Ref=CM/Del/OJ/ DH(2008)1035&Language=lanEnglish&Ver=prel0006, ի շարս 252 գործերի, որոնց դեպքում պետությունը ՄԻԵԴ սահմանած տուգանքը չի վճարել կամ զգալիորեն ուշացրել է՝ նշված է «Ա1+»-ի գործը: Ստացվում է, որ ԵԽ-ն տեղյա՞կ չէ, որ այդ վճիռը դեռ վերջնական ուժի մեջ չէ, բայց այդ մասին գիտի մեր արդարադատության նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել