Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ճանաչել ԼՂ ինքնորոշումը»

Սեպտեմբեր 23,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հանրապետության ղեկավարն այս մասին ասել է սեպտեմբերի 20-ին մի խումբ միջազգային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հետեւյալ հարցին. «Ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ կողմերը պետք է գան որոշակի ընդհանուր հայտարարի: Այս առումով, ո՞րն է փոխզիջումների սահմանը, ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Հայաստանը երբեք չի անցնի: Եվ ընդհանրապես, Հայաստանը տեսականորեն պատկերացնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում՝ ֆեդերատիվ պետության կամ որեւէ այլ ձեւով»:

Հանրապետության նախագահն ասել է. «Մենք այդ գծի մասին հայտարարել ենք շատ վաղուց, առնվազն 14 տարի առաջ, երբ զինադադար էինք կնքում, եւ եւս մի քանի անգամ՝ դրանից հետո: Այդ գիծն այն է, որ պետք է ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այսինքն՝ խնդիրը կայանում է հետեւյալում. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել է այս տարածքում եւ հիմա պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնարավորություն ունենա շարունակելու իր անվտանգ գոյությունը այդ տարածքի վրա: Այն ժամանակաշրջանը, իսկ դա խորհրդային ժամանակաշրջանն էր, երբ Ղարաբաղը գտնվել է Ադրբեջանի կազմում, ցույց է տվել, որ անհնար է Լեռնային Ղարաբաղի անվտանգ գոյակցությունը Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է տեսական տարբերակին՝ կարո՞ղ է ինչ-որ կերպ Ղարաբաղը լինել Ադրբեջանի կազմում կամ ոչ, ես կարող եմ պատասխանել, որ դա կարելի է որոշել հանրաքվեի միջոցով՝ հարցնել ղարաբաղցիների կարծիքը: Բայց ես համոզված եմ, որ գոնե մոտ ժամանակներս, ինչ էլ լինի, ցանկացած հանրաքվե միայն մի արդյունք կունենա՝ ղարաբաղցիները չեն ցանկանա լինել Ադրբեջանի կազմում: Ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ եթե ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ լրջորեն հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղի անվտանգ կյանքի ու ապագայի հարցերում, թող ներդրումներ կատարեն, լուրջ ներդրումներ կատարեն Լեռնային Ղարաբաղում, ապացուցեն, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրումներ անելու եւ համոզելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Ադրբեջանը կարող է երաշխավոր լինել իրենց անվտանգությանը: Գուցե դրանից հետո հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները ցանկություն հայտնեն լինելու Ադրբեջանի կազմում: Եթե մի օր հրաշք պատահի եւ Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, շատ կարճ ժամանակ անց այնտեղ ոչ մի հայ չի մնա»: Կարդացեք նաեւ՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել