Կենտրոն համայնքում սեպտեմբերի 28-ին կայանալիք թաղապետի ընտրությունների մասին ասում է գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը:
– Պարոն Բեգլարյան, արդեն երրորդ ժամկետի պաշտոնավարության համար եք առաջադրվում: Ինչո՞վ է ձեզ այդքան հրապուրել թաղապետի պաշտոնը, որ չեք մտածում առաջխաղացման մասին:
– Ես արդեն 6 տարի աշխատում եմ որպես թաղապետ եւ այդ աշխատանքը շատ սիրում եմ, որովհետեւ այստեղ միշտ ավելի լավ աշխատելու հնարավորություններ կան, դրանք անընդհատ ու շարունակելի են: Եթե անցնեք համայնքի բակերով՝ կտեսնեք, որ չկա այնպիսի բակ, բազմաբնակարան, բազմահարկ շենք, որտեղ թաղապետարանի աշխատանքը չի երեւում, թեեւ այն, ինչ ծրագրել էինք անել՝ դեռ ամբողջությամբ չենք հասցրել իրականացնել: Եթե մի տեղ հարթ տանիքը, շքամուտքը վերանորոգել ենք, դռները փոխել ենք, ապա չենք հասցրել, օրինակ՝ բակը լուսավորել եւ՝ հակառակը: Այսինքն՝ դեռ ծրագրած աշխատանքներ կան՝ համայնքը ցանկալի տեսքի բերելու համար, եւ ես մտադիր եմ այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին հասցնել: Հե՛նց սրանով է պայմանավորված երրորդ անգամ առաջադրվելու որոշումս: Մեր այս ծրագրերը չպետք է ընդհատվեն, եւ բնակիչն էլ դրանից չպետք է տուժի: Ես միշտ նախընտրել եմ ընտրովի պաշտոն, որովհետեւ նշանակովի պաշտոններում, երբեմն, որոշումներ ընդունելիս քեզնից ոչինչ կախված չի լինում:
– Կարծում եք, որ բնակիչները ձեզնից գոհ են ու էլի ձե՞զ կընտրեն:
– Բնակչի գոհ լինելը կերեւա սեպտեմբերի 28-ի ընտրության արդյունքում: Նրանց հետ հանդիպման ժամանակ ես միայն խնդրում եմ՝ անպայման մասնակցել ընտրություններին եւ գնահատական տալ իմ վեց տարվա աշխատանքին:
– Արդեն երրորդ անգամ թաղապետի պաշտոնում ընտրվելու համար դուք մրցակցում եք նույն թեկնածուի՝ Արարատ Զուրաբյանի հետ: Ե՛վ նա, ե՛ւ նրան աջակցող ուժերը հայտարարում են, որ Կենտրոնում կայանալիք ընտրությունները քաղաքական նշանակություն ունեն: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ ընտրություններին:
– Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտի որոշ առաջնորդներ պետք է ավելի բարոյական եւ անկեղծ լինեն: Նրանք անհիմն քաղաքականացնում են Կենտրոնի թաղապետի ընտրությունները: ՀՀՇ-ն եւ ընդդիմության առաջնորդներից ոմանք իրենց թեկնածուին առաջադրելով՝ լիովին ապացուցեցին, որ ինձ հետ անձնական խնդիրներ ունեն: Ես համբերատար սպասում եմ, որ ընտրությունների հաջորդ օրը այդ մարդկանց ու նրանց՝ իմ հասակակից տղաներին հարցնեմ, թե ի՞նչ խնդիր ունեն ինձ հետ։ Այս ընտրություններին քաղաքական երանգ տալով՝ նրանք փորձում են ժողովրդին թյուրիմացության մեջ գցել եւ հանուն դրա պատրաստ են անգամ դրանք ստվերել՝ իբր, հնարավոր կեղծիքների մասին իրենց հայտարարություններով: Ես այժմ ընտրակեղծիքների մասին խոսողներին, իսկ իրականում՝ ընտրակեղծիքների կնքահայրերին, պարզապես խորհուրդ եմ տալիս՝ լինել ավելի բարոյական եւ չխոսել ընտրակեղծիքներից:
– Ընդհանրապես մեր հասարակության մի ստվար զանգված, այդ թվում նաեւ Կենտրոնի բնակիչները վիրավորված են գործող իշխանություններից, որոնց ներկայացուցիչներից մեկն էլ դուք եք: Դա կարո՞ղ է ազդել առաջիկա ընտրությունների արդյունքի վրա: Ձեր մրցակցի ընդդիմադիր լինելու հանգամանքը, կարծում եք, ձեզ չի՞ խանգարի:
– Մեր ժողովուրդը շատ լավն է, շատ գիտակից է, սակայն կան նաեւ միամիտներ: Որոշ չափով կազդի ընտրությունների վրա, բայց ես գիտեմ, որ ժողովրդի գերիշխող մեծամասնությունը կանգնելու է երեք տարի առաջ իր ընտրած թաղապետի կողքին, որովհետեւ այդ թաղապետին առնվազն երկու անգամ ինքն ընտրել է: Ես կմնամ միշտ կոռեկտ եւ իմ ընդդիմախոսի հասցեին ոչինչ չեմ ասի, ամբողջ ճշմարտությունը չեմ պատմի: Ինչ որ ունեմ ընդդիմախոսիս ասելու՝ կպահեմ մեր անձնական զրույցի համար:
– Ձեր շրջապատում ասում են, որ ՀՀՇ-ի եւ ընդդիմության մեջքը ջարդելու համար մտադիր եք ձեր ընդդիմախոսին հաղթել 5-10 հազար ձայնի առավելությամբ:
– Հաղթողը միշտ ժողովուրդն է լինում: Ես հաղթել սիրում եմ, եւ երբ հաղթում եմ, մեծ շուքով տոնում եմ այդ հաղթանակը ընտրողների եւ համայնքի բնակչության հետ: Թե՝ կհաղթե՞մ եւ ի՞նչ առավելությամբ, կերեւա ամսի 29-ին: Այսօր ես միայն կարող եմ համոզված ասել՝ մարդիկ ճիշտ ընտրություն են անելու: Թաղապետի արժանի թեկնածուն, որպես կանոն, հանդես է գալիս իր ծրագրերով ու անցած ճանապարհի հաշվետվությամբ: Եթե նման ծրագիր կամ հաշվետվություն ներկայացնելու փոխարեն մյուս թեկնածուն փորձում է քաղաքականացնել ամեն ինչ, նշանակում է ժողովուրդը պետք է իր հետեւությունն անի: Թաղապետի ընտրությունները քաղաքականացնել պետք չէ, քանի որ դրանից տուժում են բնակիչն ու ընտրողը:
– Վերջին ՏԻՄ ընտրություններն այլ համայնքներում ճակատամարտի նմանվեցին: Ի՞նչ եք կարծում, Կենտրոնում նման ճակատամարտեր, որտեղ կլինեն ծեծվածներ եւ վիրավորներ, հրկիզված շտաբներ, ընտրակեղծիքներ եւ այլն, կարո՞ղ են լինել:
– Ես միշտ նման հարցադրումների պատասխանել եմ իմ լիազորության եւ ինձ վերապահված վարչական սահմաններից դուրս չգալով եւ դրանից դուրս ենթադրություններ չեմ անում: Կոնկրետ Կենտրոն համայնքի տարածքում ԱԺ ընտրությունների ժամանակ եղել են մաքուր ընտրություններ: Դա իրենք՝ իմ ընդդիմախոսներն էլ գիտեն: Նախագահի ընտրությունների ժամանակ էլ Կենտրոնում եղել են արդար ընտրություններ, որոնց ապահովումը, չգիտես ինչու, ընդդիմախոսները վերապահում են իրենց, ասելով, որ իրենք են ամեն ինչ արել, «պահել» են, որ ընտրությունները նորմալ անցնեն: Շնորհակալություն, բայց եթե պահող էիք, ապա պահեիք նաեւ այն տեղերում, որտեղ ասում եք՝ մաքուր ընտրություններ չեն եղել, նշանակում է՝ սրանցից մի դեպքում ստում են: Ուրեմն, Կենտրոնում ես եմ այդ մաքուր ընտրությունների կազմակերպիչը, ոչ թե իրենք: Իրենք թող որոշեն՝ ստի ո՞ր տարբերակն են ընտրում:
Ես համոզված եմ, որ առաջիկա ընտրությունները մաքուր եւ արդար են լինելու, եթե չլինեն սադրանքներ: Երեւի կզարմանաք, թե ինչպե՞ս կարող է ընդդիմության ներկայացուցիչը ընտրախախտումներ անել, սակայն հավատացեք, որ ՀՀՇ-ն այն կուսակցությունն է, որ ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն եղած ժամանակ կեղծիքներ է կազմակերպել ու դրա վարպետն է: Թույլ չեմ տա այժմ դա անել այս համայնքում, թո՛ղ դրա վրա ժամանակ չկորցնեն: Մեր թիմը ժողովրդին խոստանում է նորմալ, ազատ ընտրություններլ:
Մի քանիսը կան, որ ինչ սուտ ուզում՝ ասում են, հետո փողոցում նայում են աչքերիդ ու, իբր, արդարանում են՝ դա քաղաքականություն է: Սեպտեմբերի 28-ից հետո «դա քաղաքականություն է» մոտեցումը չի անցնելու: Պահեք ձեզ տղամարդու պես, հպարտ ու ճիշտ, որ ձեր շրջապատը, ձեր երեխաներն ու ձեր կանայք հարգեն ձեզ:
– Շա՞տ ծանր կտանեք, եթե թաղապետ չընտրվեք:
– Երբեք, որովհետեւ անկախ թաղապետ լինել-չլինելուց, ես սիրում եմ իմ քաղաքն ու ժողովրդին, եւ դեռ ապրելու ու աշխատելու եմ նրանց հետ: