Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔԸ»՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԵՐԵՆՈՎ

Սեպտեմբեր 20,2008 00:00

Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» երաշխավորվել է տպագրության՝ Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի եւ «Իրավունք» հրատարակչության գիտական խորհուրդների որոշմամբ: «Դատաստանագրքի» Գ խմբագրությունը արեւելահայերենի է փոխադրել բանաստեղծ Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանը: Գիրքը անհրաժեշտ ձեռնարկ է ոչ միայն դատավորների եւ իշխանավորների, դասախոսների եւ ուսանողության, այլ նաեւ մեր եկեղեցու հոգեւոր առաջնորդների, քահանաների համար, քանի որ ժողովածուի մեջ հրապարակված են Ղուկաս Ավետարանիչի «Առաքելական կանոնները», որ մեր եկեղեցու ամենաարմատական կարգերն են, նաեւ Հայաստանի առաջին առաքյալ սուրբ Թադեոսի կանոնները, սուրբ Փիլիպոս առաքյալի եւ սուրբ Գրիգոր Լուսավորչի կանոնները:

«Եթե Վ. Բաստամյանցի հրատարակությունը համարվում է «Դատաստանագրքի» Բ խմբագրությունը, իսկ Խ. Թորոսյանի աշխատասիրությամբ հրատարակությունը՝ Ա խմբագրությունն է, ապա այս հրատարակությունը, որը բարեխղճորեն իրականացրել է Մաքսիմ Ոսկանյանը՝ «Դատաստանագրքի» Գ խմբագրությունն է:

Վերջինիս արժանիքներից է նաեւ այն, որ Գ խմբագրությունն առաջին անգամ է լույս տեսնում աշխարհաբար՝ ժամանակակից գրական հայերենով եւ լայն հասարակության համար պատեհ առիթ է հանգամանալից ուսումնասիրելու եւ ծանոթանալու հայ իրավունքի եւ իրավական մտքի «անգին գոհարին»,- ներածականում այսպես է գնահատում ժողովածուն գրքի գիտական խմբագիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել