Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտիկի դեմ

Սեպտեմբեր 20,2008 00:00

Օրեր առաջ «Առավոտը» տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցվել Վրեժ Եգորյանի նկատմամբ: Նա մեղադրվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ամին Ասքարի Ֆառահանից առանձնակի խոշոր չափի գումար հափշտակելու համար: Ըստ նախաքննության մարմնի, Ամինը «Հավատք» կազմակերպության նախագահ Վրեժ Եգորյանին պայմանագրով 40 տոննա սոխ էր հանձնել, որի գումարը Եգորյանը չէր վճարել իրեն: Եգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Երեկ տեղեկացանք նաեւ, որ Եգորյանն ունի իր ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը պաշտպանում է նրա շահերը դատական մարմիններում:

Պարզվեց, որ քրեական գործին զուգընթաց, Ամին Ֆառահանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Վրեժի հետ կնքած «նախավճարի ներքին պայմանագիրը» չեղյալ հայտարարելու պահանջով: Ըստ հայցվոր իրանցու, Վրեժի հետ նա կնքել էր պայմանագիր, որի համաձայն՝ Վրեժը նրան պետք է տրամադրեր իր «Շեւրոլետ» մոդելի 1995թ. արտադրության ՏC 050853, 10 ԼՏ 722 պետհամարանիշի ավտոմեքենան: Հայցվորի պնդմամբ, փոխադարձ համաձայնությամբ մեքենայի գինը սահմանվել էր 14 000 դոլար: Սակայն, իրանցու վկայությամբ, ինքն այդպես էլ չէր կարողացել մեքենան տիրապետել. «Պատասխանողը չէր կատարել ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը»: Ի դեպ, քրեական գործով այս դրվագն էլ է «անցնում», նախաքննության մարմնի համաձայն՝ Վրեժը «կազմակերպել» է մի քանի անձանց հետ մեքենայի փաստաթղթերի հափշտակումը:

Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ թե ի՞նչ ելքով է ավարտվել դատական ատյանում իրանցու հայցը, Վրեժ Եգորյանը տեղեկացրեց, որ դատարանը չի բավարարել այն: Ըստ Եգորյանի, իր եւ իրանցու միջեւ երբեք ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր չի կնքվել, իրեն Ամինը 14 000 դոլար չի վճարել, հետեւաբար՝ իրանցու նշած հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում: Մեր տրամադրության տակ գտնվող պարսկերեն պայմանագրի հետ կապված հարցրինք, թե Եգորյանը տիրապետո՞ւմ է այդ լեզվին: Վերջինս տեղեկացրեց, որ պարսկերեն չի իմանում, գիտե անգլերեն, եւ իր բոլոր գործարքներն այդ իսկ պատճառով կատարում է այդ լեզվով:

Նշենք, որ Վրեժ Եգորյանը հայազգի անվանի ծանրամարտիկ է, Խորհրդային միության եռակի չեմպիոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել