Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք յոթերորդ

Գլուխ երկրորդ

 ՄՈՑԱՐՏԻՑ ՀԵՏՈ

Հիմա՝ մեր էս վերանորոգված ու վերակահավորված բնակարանում վերջնականապես եմ հասկանում ու համոզվում, որ կյանքում երջանիկ լինելու համար ամենեւին էլ էսքան շատ բան հարկավոր չի, ու էս ամենը հաջողացնում եմ մտածել ու հասկանալ, որովհետեւ արձակուրդի մեջ եմ. այսինքն, մի ամսվա չափ հանգստանալու եմ էլեկտրոնայինի խմբագրականներից եւ միայն էս վեպս եմ էսպես զոռով առաջ տանելու, եւ, ինչպես տեսնում եք, էս նորությունները՝ ներառյալ արհեստական ատամներս, ինձ համար լավ էլ թեմա են ու ահագին նպաստեցին, որպեսզի էս յոթերորդ գիրքս հունի մեջ մտցնեմ, բայց երեւի այլեւս բնակարանիս թեմային չանդրադառնամ, որովհետեւ քիչ առաջ կինս, որ հետեւողականորեն շարունակում է էս ձեռագրերս թաքուն կարդալ, խոհանոցից ինձ ձայն տվեց ու ասաց՝ «հերիք չի՞ մեր էս քոսոտ ռեմոնտի մասին գրես. կարդացողը կմտածի՝ եսիմ ինչ եվրոռեմոնտ ենք արել», եւ ես ասացի՝ «էդ գրածս մի տարուց հազիվ տպվի», եւ կինս քամահրանքով ասաց՝ «մի տարի հետո էս ռեմոնտից ոչ մի հետք չի մնա», եւ հիմա, երբ էս յոթերորդս արդեն հունի ու ընթացքի մեջ է, ես պարտավոր եմ մանրից վերադառնալ յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթ ու «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի խմբագրություն, մանավանդ որ՝ «Առավոտի» խմբագիրն անընդհատ հետաքրքրվում է, թե ինչ եղավ հետո, երբ Բժշկականի պարետի տեղակալ Վարոսը նրբերշիկները տարավ եփելու, բայց, նախքան Վարոսին ու Ախալքալաքցի Աշոտին վերադառնալս, պարտավոր եմ ինձ լրիվ կտրել շեղող հանգամանքներից, մանավանդ որ, էս պահի դրությամբ, տանս կերպարանափոխությունից ու արհեստական ատամներիցս բացի՝ եւս մի շեղող հանգամանք կա. բանն այն է, որ Վիոլետի հարցազրույցը տպագրելուց հետո Հրաչը «Panorama»-ի եւս մի համար տպագրել ու նույնպես արձակուրդ է գնացել, բայց էդ վերջին համարի առաջին էջի ճակատին լուսանկարս տպագրելով՝ լուսանկարիս տակ սեւով սպիտակի վրա ազդարարել է, թե՝ արձակուրդից անմիջապես հետո իրենց շաբաթաթերթի վերջին էջում երգիծական նյութերով հանդես կգա բանաստեղծ ու վերջերս նաեւ արձակագիր Արմեն Շեկոյանը, եւ թերթի ճակատին տպագրված էս անակնկալ հայտարարությունն էլ է հիմա ինձ իմ բուն նյութից ու բուն անելիքիցս շեղում, որովհետեւ դա ինձ համար չափազանց տհաճ անակնկալ է ո՛չ միայն էն իմաստով, որ հիմա կյանքին ու ամեն ինչին հումորով նայելու ո՛չ հավես ունեմ եւ ո՛չ էլ՝ հնարավորություն, այլեւ էն իմաստով, որ արդեն հինգ տարուց ավելի է՝ անունս ու ազգանունս բացառապես էս վեպիս վրա եմ գրում, իսկ էլեկտրոնայինի ու թերթերի նյութերը կամ կեղծանունով եմ գրում, կամ էլ՝ ընդհանրապես որեւէ անուն չեմ գրում, եւ Հրաչն էս կարեւոր հանգամանքը չիմանալով ու հաշվի չառնելով՝ իր արեւին ինձ լավություն ու ռեկլամ է արել, ու էս երեւույթը մեր կյանքում հաճախ պատահող բան է. մեկին ուզում ես լավություն անել, բայց հակառակն է ստացվում, եւ Հրաչի էս անակնկալ լավությունն ինձ հիմա շեղում է բուն նյութիցս եւ առժամանակ խանգարում է վերադառնալ անցած դարի յոթանասունվեց թվական ու «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի խմբագրություն, եւ չնայած արդեն հատորուկես է՝ տրամադրվում եմ վերադառնալ, վերադարձս ոչ մի կերպ չի ստացվում, եւ հիմա Հրաչի էս անակնկալ լավության մասին մտածելով՝ վերստին համոզվում եմ, որ կյանքում անբացատրելի ու անհասկանալի երեւույթները չափազանց շատ են, եւ առ էսօր ինձ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ էին էն թվերին ընդամենը հինգ հարյուր օրինակով տպվող բուհական թերթերը բազմատիրաժ կոչվում եւ ոչ թե, ասենք, նվազատիրաժ, եւ էս կյանքում չհասկացածս բաներից մեկն էլ էն է, որ, չգիտես ինչու, շատերին շարունակաբար թվում է, թե՝ ես երգիծանքի գծով պիտանի ու նույնիսկ անփոխարինելի անձնավորություն եմ, ու էս իմաստով Հրաչն առաջինը չի եւ, կարծում եմ, վերջինն էլ չի լինելու, որովհետեւ նախկինում է՛լ են ինձնից երգիծանք պահանջողներ եղել, եւ եթե էսպես գնա՝ հետագայում էլ երեւի կլինեն, մինչդեռ ինքս իմ մասին ավելի լուրջ կարծիքի եմ եւ շարունակում եմ կարծել, որ առավել լուրջ գործերի համար եմ պիտանի, բայց Հրաչն ու շատերն իմ մասին միանգամայն այլ կարծիքի են, եւ արդեն ասել եմ, որ անցած դարի յոթանասունվեցին էլ «Գարունի» Տաթեւիկն էր հետեւողականորեն ու համառորեն ինձնից երգիծանք պահանջում ու ակնկալում, եւ, թարսի պես, ինձնից երգիծանք ու հումոր ակնկալողներն ինձնից երգիծանք ու հումոր են ակնկալում հատկապես է՛ն ժամանակ, երբ կատակելու տրամադրություն հեչ չեմ ունենում, իսկ ինչ վերաբերում է երգիծանքի ու երգիծելու իմ շնորհքին, ես է՛ն կարծիքին եմ, որ ցանկացած մարդ ու քաղաքացի առնվազն իմ չափ հումոր ու հումորի զգացում պիտի ունենա, որպեսզի կարողանա դիմադրել ու դիմանալ կյանքի հրամցրած բնական ու արհեստական վիճակներին. այսինքն, կյանքի հրամցրած երեւույթներին ո՛չ միայն փիլիսոփայորեն պիտի նայես, այլեւ՝ հումորով, եւ, եթե կուզեք, գեղարվեստական գրականության մեջ էլ պիտի երգիծանքի ու հումորի որոշակի դոզա լինի, այլապես ընթերցողդ գրածիցդ շատ շուտ կհոգնի ու կձանձրանա, բայց եթե ժամանակ առ ժամանակ ընթերցողիդ ուրախանալու ու սրտանց հռհռալու առիթներ պարգեւես, ընթերցողդ չի հոգնի ու չի ձանձրանա գրածիցդ, որովհետեւ մեր կյանքում ու մեր կյանքով ուրախանալու առիթներն էնքան քիչ են, որ մարդիկ գրքերում ու կինոներում են ուրախանալու ու ծիծաղելու առիթներ փնտրում, եւ եթե գտնում են, գոնե ժամանակավորապես իրենց ուրախ ու լավ են զգում, եւ ուրախության ու խնդության էս մշտական դեֆիցիտն է պատճառը, որ հազար անգամ տեսել ու էլի շարունակում ենք նայել Իլֆի ու Պետրովի «Ոսկե հորթը» եւ հազարերորդ անգամ չենք զլանում ու հռհռում ենք նույն դրվագների վրա, բայց, այսուհանդերձ, էս ասածս բոլորին չի վերաբերում, որովհետեւ մարդու մի տեսակ կա, որը ո՛չ միայն ուրախանալ ու ծիծաղել չի սիրում, այլեւ անասելի տխրում է, երբ ուրիշներն են ուրախանում ու ծիծաղում, ու էս մարդիկ դեմքների լրջագույն արտահայտությամբ կարող են ժամերով Մոցարտ լսել, եւ եթե Մոցարտն իրենց տանը՝ հյուրերի ներկայությամբ են լսում, դեմքներին էնպիսի արտահայտություն են ստանձնում՝ ասես իրենց սեփականությունը ոչ թե Մոցարտի էդ սիդին է, այլ՝ Մոցարտի ողջ հանճարն ու ստեղծագործությունը, եւ երբ էդ մարդիկ Մոցարտին ֆիլհարմոնիայի, օպերայի եւ այլ դահլիճներում են լսում, էդ լսելու ընթացքում աչալուրջ փնտրում ու անպայման գտնում են դահլիճում նստած ու կողքինի ականջին ինչ-որ բան քչփչացող մեկին, որին հնարավոր լինի դիտողություն ու նկատողություն անել համերգը խանգարելու համար, եւ սրանց էդ նկատողությունն էնքան նկատելի ու լսելի է, որ իսկապես խանգարում է դահլիճում ներկա մյուսներին ու հատկապես Մոցարտին, ու էս ասածս իսկապես եղել է, ու էդ պահին սրտանց ափսոսացել եմ, որ ընկերս ոչ թե էդ քչփչացողն է, այլ՝ հենց դիտողություն ու նկատողություն անողը, եւ իմ դեպքում էդ նկատողություն անողը մշտապես ընկերս է՝ Կրիվոյի միակ գեղանկարիչ Վահրամը, որն իր հիմնական ժամանակը ոչ թե նկարակալի առաջ է անցկացնում, այլ՝ ֆիլհարմոնիայում, օպերայում եւ վատագույն դեպքում իր արվեստանոցում Մոցարտ լսելով, եւ իր շրջապատում Վահրամն առաջին հերթին հենց իր մոցարտասիրությամբ է հայտնի եւ ամեն անգամ մեկնումեկիս հետը քարշ է տալիս ֆիլհարմոնիա ու օպերա՝ Մոցարտ լսելու ու Մոցարտ սիրելու, բայց ես մշտապես խուսափել ու խուսափում եմ Մոցարտի էդ պաշտոնական ու հանդիսավոր տարբերակներից ո՛չ միայն էն պատճառով, որ գերադասում եմ մենմենակ ու մեկուսի Մոցարտ լսել, այլեւ էն պատճառով, որ ամեն անգամ, երբ Վահրամը որեւէ քչփչացողի դիտողություն ու նկատողություն է անում, ես ի խորոց սրտի փոշմանում եմ, որ դրսի հազար ու մի մոցարտներին թողած՝ եկել նստել ու մեր Ազգային օպերայի դահլիճում բանտարկված Մոցարտին եմ լսում, եւ առանձնապես 2007-ի ապրիլի վերջին ուրբաթ օրն էի էդ հանգամանքից սրտնեղած, որովհետեւ էդ պահի դրությամբ Ազգային օպերայի դահլիճն ամենաանհարմար վայրն էր Մոցարտ լսելու համար, մանավանդ՝ մեր էդ ամենավերջին կարգերից, որովհետեւ, մինչ Վահրամն էս միանգամայն նոր քչփչացողներին նկատողություն էր անում, ես լսողությունս լարած՝ ոչ թե Մոցարտի «Ռեքվիեմն» էի լսում, այլ՝ Նիկոլինը, եւ Նիկոլի ձայնն էդ վերջին կարգերից անհամեմատ հստակ էր լսվում, քան՝ հոբոյինը, եւ երբ Վահրամն ու քչփչացողներն իրենց ռազբիրատը վերջապես դադարեցրին, Նիկոլի ձայնն ավելի հնչեղ դառավ եւ խոսքն՝ ավելի հասկանալի, եւ, ինչպես երեւի կռահեցիք, էդ պահին Ազատության հրապարակում «Այլընտրանքի» հերթական հանրահավաքն էր, ավելի ճիշտ՝ Նիկոլի ուրբաթօրյա հերթական նախաձեռնությունը, եւ դահլիճի դռները կիսաբաց էին, եւ, ըստ երեւույթին, ֆոյեի լուսամուտներն էլ էին կիսաբաց, որովհետեւ Նիկոլի ձայնն ավելի լսելի էր, քան՝ հոբոյինն ու նույնիսկ վալտորնինը, մանավանդ որ՝ ես ավելի հակված էի Նիկոլին լսել, բայց, այդուհանդերձ, վալտորնիստն ինձ ավելի էր Մոցարտից շեղում, քան՝ Նիկոլն ու Վահրամի ռազբիրատը, որովհետեւ վալտորնիստը լենինականցի վալտորնիստ Սուրոյի աշակերտներից էր, եւ բազմիցս Սուրոյի ու էդ ջահելի հետ «Սկվազնյակում» սուրճ էինք խմել, եւ չնայած էս պահին Վալտորնիստ Սուրոյի էդ աշակերտի անունը մտքիցս թռել է, բայց շատ լավ հիշում եմ, որ ութսունութի Շարժման օրերին հենց էս ջահելն էր «Սկվազնյակում» Սուրոյին համոզում Լոս չգնալ ու մյուսներիս պես մնալ հայրենիքում, եւ էդ օրը Սուրոն իր էս աշակերտին կատակով ասաց՝ «ամենից շատ դո՛ւ պիտի իմ էրթալն ուզես», եւ նմանապես լենինականցի էս աշակերտը, որի անունը ոչ մի կերպ չեմ կարողանում տեղը բերել, Սուրոյին զարմացած հարցրեց՝ «ի՞նչըղ», եւ Վալտորնիստ Սուրոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ես օր էրթամ Լոս, դու մեկից կդառնաս Հայաստանի ամենաուժեղ վալտորնիստը», եւ չնայած Սուրոն էդ բանը կատակով ասաց, իրականում էդպես էլ եղավ, եւ ահա՝ երկու հազար յոթ թվականի ապրիլի վերջին ուրբաթ իրիկուն Սուրոյի էդ աշակերտը Հայաստանի թիվ մեկ վալտորնիստի պարտականությունները ճարահատյալ ստանձնած՝ ոչ թողնում էր Նիկոլին մարդավարի լսեի, ոչ էլ կարողանում էր Նիկոլին հաղթել, եւ քանի որ մշտապես ամենավերջին կարգերի տոմսերն էին իմ ընկեր Վահրամին հասու, եւ քանի որ էդ վերջին կարգերից հաշված՝ վալտորնիստի ու Նիկոլի հեռավորությունը գրեթե նույնն էր, մերթ Նիկոլի՛ ձայնն էր ականջներս քերում, մերթ էլ վալտորնն էր զգացնել տալիս, ավելի ճիշտ՝ ոչ թե վալտորնի՛ ձայնն էր մեր վերջին կարգեր հասնում, այլ՝ Սուրոյի երբեմնի աշակերտի ու հիմիկվա թիվ մեկ վալտորնիստի արդեն հասունացած ու կայացած դիմագծերն էին ժամանակ առ ժամանակ ինձ շեղում Մոցարտից, Նիկոլից եւ նույնիսկ Վահրամի ու էդ քչփչացողների ռազբիրատի վերջաբանի մոտալուտ տեսլականից, եւ որ ասում եմ՝ Նիկոլի ձայնն ականջներս քերում էր, ավելի շատ Նիկոլի ասածնե՛րը նկատի ունեմ, քան՝ ձայնը, քանի որ Սուրոյի աշակերտի վալտորնի ֆոնի վրա Նիկոլի ձայնը հստակորեն տեղեկացնում էր, որ երկիրն ու ժողովուրդը գտնվում են անդունդի եզրին, եւ դավաճան ու վախկոտ են բոլոր նրանք, ովքեր իրենց տներում փակված հանգիստ խղճով եւ կրավորական վիճակում սպասում են իրենց ու իրենց երկրի վերջնական վախճանին, եւ չնայած Նիկոլն օպերայի դահլիճում թաքնված «Ռեքվիեմ» լսողներին չանդրադարձավ, ես Նիկոլի էդ ասածներն ուղղակիորեն ինձ վրա էի վերցնում, մանավանդ որ՝ էդ ողջ ընթացքում ականջս իր ձայնին էր, եւ, ըստ երեւույթին, օպերայի հսկիչներն էլ էին իմ վիճակում. այսինքն, իրենք է՛լ էին Նիկոլին ավելի ուշադիր լսում, քան՝ Մոցարտին, այլապես դահլիճի դռները կփակեին, ու Նիկոլի ձայնը չէր խառնվի մոցարտյան ելեւէջներին, բայց օպերայի հսկիչները դռները չէին փակում, որովհետեւ, ի տարբերություն Կրիվոյի միակ նկարիչ Վահրամի, նախապատվությունը Նիկոլի՛ ելեւէջներին էին տվել, եւ ամենատարօրինակն էն էր, որ Վահրամին է՛լ ոչ թե Նիկոլի ձայնն էր խանգարում, այլ միայն՝ մեր դիմացի կարգում նստած էդ ջահելների քչփչոցները, չնայած Նիկոլի կշտամբանքներից միայն դահլիճի հսկիչներն էին անմասն, որովհետեւ նրանք, փաստորեն, աշխատանքի մեջ էին եւ հնարավորություն չունեին դուրս գալ ու անմիջականորեն գումարվել Նիկոլի անմիջական ունկնդիրներին, մինչդեռ ես կարող էի ու երեւի պարտավոր էի այդ անել, մանավանդ որ՝ էդ ամբողջ ընթացքում Նիկոլին ավելի ուշադիր էի լսում, քան՝ համերգը, չնայած, մյուս կողմից էլ, ես իրավունք չունեի էդ պահին մենակ թողնել Կրիվոյի միակ գեղանկարիչ Վահրամին էդ երկու քչփչացող ջահելների դեմհանդիման, մանավանդ որ՝ Վահրամի դիտողությունից ու նկատողությունից հետո էդ երկու ջահելներն ավելի աշխույժ էին քչփչում ու քթների տակ խնդմնդում, եւ, ի տարբերություն մյուսներիս, էդ քչփչացողներին ո՛չ Մոցարտն էր հետաքրքրում եւ ոչ էլ Նիկոլը, եւ արդեն զգացվում էր, որ էդ պահին իրենց միակ ցանկությունն էդ «Ռեքվիեմի» ավարտն էր, որպեսզի «Ռեքվիեմից» անմիջապես հետո Վահրամի հետ շարունակեին կիսատ մնացած ռազբորկան, եւ էլի էր պատահել, որ Վահրամի դիտողությանն արժանացածները համերգից հետո վրա էին տվել, եւ հենց ի՛մ շնորհիվ էր կանխվել անխուսափելի եւ անցանկանալի բախումն ու ծեծկռտուքը, եւ չնայած ամեն անգամ որոշում էի Վահրամի հետ այլեւս Մոցարտի չգնալ, ամեն անգամ էլի իր խնդրանքին ընդառաջ էի գնում ու վերստին ընկերակցում էի իրեն, բայց երկու հազար յոթի ապրիլի էդ վերջին ուրբաթ իրիկուն ինքս ինձ վերջնական խոսք տվի, որ էս վերջին անգամը կլինի, մենակ թե՝ համերգից հետո մեր ու էդ քչփչացողների անխուսափելի թվացող բախումը տեղի չունենար, որովհետեւ էդպիսի դեպքերում ուղղակի շիվարում էի ու կրակն ինձ վրա էի վերցնում, քանի որ երկու կողմին էլ հավասարապես էի հասկանում եւ հատկապես ու առանձնապես Վահրամին էի հասկանում. ինքը չէր կարող էդ քչփչացողներին դիտողություն ու նկատողություն չանել, որովհետեւ չափազանց լուրջ էր ընդունում Մոցարտին՝ վերջինիս համարելով կյանքի իմաստներից կարեւորագույնը, մինչդեռ, Վահրամի չար բախտից, այլ կերպ մտածողները քչություն չէին անում, եւ Մոցարտի համերգների ժամանակ քչփչացողներ միշտ էին պատահում, եւ, թարսի պես, էդ քչփչացողները միշտ Վահրամի մոտերքում էին քչփչում, եւ Վահրամին մշտապես թվում էր, թե էդ մշտական քչփչացողները կասկածելի մարդիկ են եւ մշտապես քչփչալով՝ իշխանությունների հանձնարարությունն են կատարում, եւ հատկապես Սովետի տարիներին էր էդպես կարծում. ավելին, Սովետի օրոք ինքը համոզված էր, որ էդ մշտական քչփչացողները բոլորն էլ անվտանգության համակարգի ծառայողներ են եւ հատկապես Մոցարտի համերգներին էդպես քչփչալով ու խնդմնդալով՝ հատուկ ծառայություն են կատարում, եւ էդ կասկածը Կրիվոյի միակ գեղանկարիչ Վահրամին մշտապես էր հետապնդում, որովհետեւ Վահրամը համոզված էր, որ մոցարտյան ազատությունն ու ազատամտությունը չափազանց վարակիչ են եւ չափազանց վտանգավոր իշխանությունների համար, եւ հատկապես Սովետի օրոք Վահրամի էդ կասկածներն էնքան խորն էին, որ ժամանակ առ ժամանակ ինքս էլ էի էդ տեսակ կասկածների գիրկն ընկնում, եւ որպեսզի Վահրամի կերպարը ձեզ համար առավել պատկերացնելի լինի, պիտի ավելացնելով ասեմ, որ Վահրամը Կրիվոյի միակ գեղանկարիչը լինելով՝ ծագումով գյումրեցի է եւ Մոցարտի անխառն ու զուլալ արվեստի մեծ երկրպագուն լինելով՝ Կրիվոյի իր արվեստանոց բնակարանը Սովետի օրոք իր արած խալտուրաների եկամուտներով էր առել, որովհետեւ, չնայած ինքն էդ արվեստանոց բնակարանն առնելու պահին էլ էր նկարիչների միության անդամ, իր անհաշտ ու բարդ բնավորության պատճառով միության ղեկավարության հետ միշտ խնդիրներ ուներ եւ նախընտրեց ի՛ր միջոցներով արվեստանոցի տեր դառնալ եւ ոչ թե՝ միության ղեկավարությանը արվեստանոցի դիմում ներկայացնել, մանավանդ որ, ի տարբերություն իր ու միության ղեկավարության հարաբերությունների, իր ու գեղարվեստի կոմբինատի ղեկավարության հարաբերությունները չտեսնված էին, եւ պատվերների պակաս չկար, եւ իրեն մնում էր կատարել ու հասցնել էդ պատվերներն ու խալտուրաները, եւ չնայած էդ «խալտուրան» իր ու մեր բոլոր նկարիչների բառն ու ինքնախոստովանությունն է, ես հատկապես Վահրամի արած էդ խալտուրաներն էի հավանում, եւ չնայած մյուս նկարիչների պես ինքն է՛լ էր իր էդ խալտուրաներին ընդգծված արհամարհանքով վերաբերվում եւ չնայած առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում իր մյուս՝ ազատ ու անկաշառ գեղանկարներին ու գրաֆիկաներին, ես իր խալտուրաներն ավելի էի հավանում, որովհետեւ էդ խալտուրաների մեջ ինքն ավելի կար ու ավելի ազատ կար, եւ իր էդ խալտուրաները հիմնականում բնանկարներ էին, եւ չնայած իր իսկականներն ու անկաշառներն էլ էին հիմնականում բնանկարներ, այդուհանդերձ, իր խալտուրաներն ավելի էի հավանում, որովհետեւ իր էդ խալտուրաները միանգամայն հորինովի էին. այսինքն, ի տարբերություն իր հիմնականների ու իսկականների, նատուրայից չէին արված եւ, իր ասելով, արված էին ձախ ձեռով, եւ քանի որ հորինովի էին, ավելի ազատ ու ինքնուրույն էին շնչում, եւ երբ էդ մասին իրեն ասում էի, շատ էր նեղվում ու խեղճանում, որովհետեւ ժամանակին իրար հետ Կոջոյանում ու Թերլեմեզյանում էինք սովորել, եւ ինքն ինձ չէր կարող մեղադրել նկարել չիմանալու ու մանավանդ նկարչություն չհասկանալու մեջ, եւ ընդամենն ասում էր՝ «էդ հավանածդ խալտուրեքը ձախ ձեռով եմ անում», եւ երբ մի անգամ կատակով ասացի՝ «կարող ա՞ ձախլիկ ես, բայց էդ մասին չես իմանում», ինքն իմ էդ կատակից շատ փիս նեղացավ ու խռովեց, եւ իր խռով պահելը շուրջ երեք տարի տեւեց, եւ էդ տարիները ութսունականների սկզբներն էին, ու եւս երկու տարի իմ Մոսկվայում սովորելու շնորհիվ մեր խռովությունն ավելացավ, եւ, փաստորեն, ընդհանուր առմամբ շուրջ հինգ տարի Վահրամից ու Մոցարտից ազատ էի, բայց Մոսկվայից հետո իմ ու Վահրամի ընկերությունը վերսկսվեց, որովհետեւ, ինչքան էլ ինձնից նեղանար, ես մանավանդ Կրիվոյում միակն էի, ումից ինքը կարող էր իր նկարների մասին կարծիք հարցնել, եւ, բացի այդ, իր բոլոր ընկերներն արդեն Մոցարտից լրիվ կուշտ էին, ու ես, ամբողջ հինգ տարի Մոցարտից հանգստացած, միանգամայն թարմ ականջ էի, եւ չնայած մշտապես հետեւում էի օպերայի շրջակայքի աֆիշներին ու մոցարտյան օրերին աշխատում էի Վահրամի տեսադաշտում չհայտնվել, բայց, ոնց էլ անեի, տարվա մեջ մի քանի անգամ Վահրամն ինձ բռնացնում ու քարշ էր տալիս օպերա կամ ֆիլհարմոնիայի մեծ ու փոքր դահլիճներ՝ Մոցարտի, բայց Նիկոլի միտինգին զուգահեռ ընթացող էդ համերգից հետո մենք վերջնականապես ընդհարվեցինք, եւ, ըստ ամենայնի, երբեւէ չենք բարիշի, որովհետեւ էդ իրիկուն իր երեսին շպրտեցի էն ամենը՝ որ մտածել ու մտածում եմ իր եւ էդ կարգի բոլոր մոցարտասերների մասին, քանի որ էդ իրիկուն մազ մնաց՝ էդ երկու քչփչացողների հետ տուրուդմփոցի մեջ հայտնվեինք, որովհետեւ էդ իրիկվա քչփչացողներն աղջկերքի հետ էին եւ համերգից անմիջապես հետո Վահրամին հաշվի կանչեցին, եւ չնայած Վահրամի դիտողություններն ու նկատողություններն ինձ վրա նույնքան էին ազդել, ինչքան՝ էդ քչփչացողների, այդուհանդերձ, ես պարտավորված էի Վահրամի կողմը պահել ու իրեն պաշտպանել, եւ չնայած իրենց երկուստեք հայհոյանքներն ահագին թունդ էին, ես միանգամայն խաղաղասիրաբար էի տրամադրված՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ տղերքը մեզանից անհամեմատ ջահել ու թափով էին, այլեւ էն պատճառով, որ էդ քչփչացողների հետի աղջիկներից մեկը բարեբախտաբար ինձ ճանաչեց, եւ, փաստորեն, իրենց կողմից էլ խաղաղասիրաբար տրամադրված մարդ կար, եւ երբ իրենց հետի էդ աղջիկն ինձ ասաց՝ «մի՛ թողեք կռվեն, պարոն Շեկոյան», ես անմիջապես հիշեցի ու տեղը բերեցի էդ սիրունիկ աղջկան, որովհետեւ դրանից ընդամենը երկու թե երեք օր առաջ Դվոյան Սիրանույշի կազմակերպած համալսարանական հանդիպման ժամանակ էդ սիրունիկն ամենից շատ էր ինձ հարցեր տալիս, եւ երբ սիրունիկն ասաց՝ «մի թողեք կռվեն, պարոն Շեկոյան», եւ երբ ապշահար իրեն նայելով՝ Դվոյան Սիրանույշի կազմակերպած հանդիպումն ու իրեն հիշեցի, սիրունիկն իր ընկերոջ թեւից քաշեց ու ականջին ինչ-որ բան քչփչաց, եւ ընկերն էլ մյուս ընկերոջ ականջին ինչ-որ բան քչփչաց, եւ չորսով ինձանից ու Վահրամից ներողություն խնդրելով՝ թողեցին ու հեռացան, եւ ես ու Վահրամն ապշահար ու շիվարած կանգնել մնացել էինք եւ չգիտեինք՝ ինչ խոսենք, եւ երբ անձրեւն ուժեղացավ, մտանք հրապարակի բացօթյա սրճարաններից մեկի ծածկի տակ եւ սուրճ պատվիրեցինք, եւ ահագին ժամանակ լուռ էինք, եւ ահագին ժամանակ անց Վահրամն ինձ հարցրեց՝ «էդ տականքների հետի աղջիկն ո՞վ էր», եւ ես ոչինչ չպատասխանեցի, եւ ինքն ասաց՝ «դրանց հետի աղջիկը քեզ ճանաչեց», եւ ես ասացի՝ «ավելի լավ կըլներ՝ չճանաչեր», եւ Վահրամն ասաց՝ «որ էդ աղջիկը քեզ ծանոթություն չտար, շատ մեծ կռիվ էր էղնելու», եւ ես ասացի՝ «քո պատճառով», եւ Վահրամը վրդովված հարցրեց՝ «այսինքն, ես էի՞ սխալ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Վահրամն ասաց՝ «որ սկսել ես՝ մտքինդ մինչեւ վերջ ասա», եւ ես ասացի՝ «խոսալու հավես չունեմ», եւ Վահրամն ասաց՝ «լավ էլ հավեսով ինձ սխալ հանեցիր», եւ ես ասացի՝ «ամեն մարդ իրա տեսակետից ա ճիշտ», եւ Վահրամը հարցրեց՝ «անձամբ քու տեսակետով ո՞րս էր սխալ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «տեսակետ չունեմ», եւ Վահրամն ասաց՝ «շատ վատ է, օր տեսակետ չունիս» եւ մի քիչ մտածեց, դառը ժպտաց ու ավելացրեց՝ «օր կռիվ ըլներ՝ կարող ա՞ իրանց կողմն անցնեիր», եւ ես քմծիծաղով ասացի՝ «շատ հնարավոր ա», եւ Վահրամն ասաց՝ «լրիվ լուրջ եմ հարցնում», ես ասացի՝ «որ կռիվ ըլներ՝ մենք էինք ծեծ ուտելու», եւ Վահրամն ասաց՝ «աչքիդ ա էրեւում» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «հինգիդ դեմ մենմենակ բոյ կուտայի», եւ ես ժպտալով հարցրի՝ «աղջկերքին էլ ե՞ս հաշվում», եւ Վահրամն ասաց՝ «իրար հետ էին. ի՞նչըղ չհաշվեմ», եւ ես ասացի՝ «դուխդ հելել՝ քեզ ուտում ա», եւ Վահրամն ասաց՝ «ըտենց է. օր մարդ ճիշտ կէղնի՝ դուխը հազար կհասնի», եւ ես ժպտալով ասացի՝ «քոնը միլիոն ա հասել», եւ Վահրամն ասաց՝ «որովհետեւ ճիշտ եմ», եւ ես ասացի՝ «իրանց տեսակետից էլ իրանք են ճիշտ», եւ Վահրամն ասաց՝ «ինձ քո՛ւ տեսակետն է հետաքրքիր»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել