Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՄ ԱՃՈՂ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"\"Ասում է պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը Հայաստանի 3-րդ նախագահի ընտրություններին հետեւում էր Ստրասբուրգից, ուր անդամակցում է Եվրախորհրդի սոցիալական պաշտպանության հանձնաժողովին: Զուգահեռաբար դասավանդում է նաեւ Շվեդիայի Ուփսալա քաղաքի համալսարանում, որպես սոցիոլոգիայի պատվավոր պրոֆեսոր: Ի՞նչ հետեւություններ արեց Եվրոպան Հայաստանի նախագահական ընտրություններից, ի զորո՞ւ է, արդյոք, Լեւոն Տեր- Պետրոսյանի առաջնորդած ընդդիմությունը լուրջ բարեփոխումներ թելադրել Հայաստանի քաղաքական դաշտում: Ի՞նչ դեր է վերապահված Հայաստանին մեր տարածաշրջանում՝ այդ ոչ միանշանակ ընտրություններից ու ռուս-վրացական հակամարտությունից հետո: Հարցերի շարք, որոնք Լյուդմիլա Հարությունյանին է ուղղել լրագրող Շուշան Ղազարյանը Երեւանում: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

– Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ես կատարեցի սոցիոլոգիայում վաղուց հայտնի Case Study ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ միտումներ են նկատվում Եվրոպայի վարքի մեջ՝ ընտրությունների հետ կապված: Իմ տպավորությամբ, Եվրոպան փորձում է չխառնվել իրավիճակին: Մինչեւ մարտի 1-ը նա կարծում էր, թե դա էլիտաների պայքար է, ընդամենը աթոռակռիվ: Ու կայունության ձգտող Եվրոպան առիթ ու պատճառ չուներ գործող իշխանության հետ գժտվելու, քանի որ նա համաձայնել է Եվրոպայի բոլոր պայմաններին, խոստացել, որ կլուծի Արցախի խնդիրը: Case Study-ում ես երեք դերակատարներ տարանջատեցի՝ Հայաստանի իշխանությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի Շարժումը եւ Եվրոպան:

– Եվ ի՞նչ պարզվեց:

– Որ իշխանությունը իրեն ցույց տվեց որպես ավտորիտար իշխանություն՝ իր ոճին վայել պրոպագանդայով: Ու երբ տեսավ, որ ձեռքից դուրս է գալիս ամեն բան, կրակեց, զոհեր տվեց ու շարունակում է իր ոճի մեջ աշխատել առ այսօր: Հայաստանի իշխանությունները ավտորիտար իշխանություններ են, որի բովանդակությունն ու էությունը պատրվակ էր փնտրում, որ նորից ու նորից արտահայտվի: Որեւէ նորություն չունի ասելու:

– Նախ խոսենք Լեւոն Տեր-Պետրոսյանի Շարժման մասին:

– Ես տեսա մի շատ լուրջ Շարժում, որը սոցիալական շարժման բոլոր կանոններով էր կառավարվում: Շարժումը կարողացավ իր մեջ միավորել բոլոր դժգոհ կամ խնդիր ունեցող խավերին: Եվ, վերջապես, շարժումը դարձավ ԻՐԱԿԱՆ Շարժում, երբ գտավ իր ԼԻԴԵՐԻՆ: Ի՞նչ էր լիդերի անունը, ո՞վ էր նա, ի՞նչ անցյալ ու կենսագրություն ուներ, համարյա թե ոչ մի նշանակություն չուներ: Այն պարզ պատճառով, որ շարժումները միշտ փնտրում են լիդերներ ու դառնում են Շարժում, երբ լիդեր են գտնում: Տեր-Պետրոսյանը գտնված լիդեր էր, վերադարձածի փաստն ինքը հաղթահարեց: Ինքը, անշուշտ, խնդիր ուներ հաղթահարելու իր անցյալը, բացատրելու Շարժմանը՝ իր ետ գալու պատճառները: Տարօրինակ է, բայց Շարժումը առանց դրա էլ կարող էր յոլա գնալ, քանի որ Շարժումը լիդերի կարիք ուներ: Ու Շարժումը շատ երջանկացավ, երբ Տեր-Պետրոսյանը լուծեց այդ խնդիրը, բացատրեց իր նախորդ վարքը, ներողություն խնդրեց իր սխալների համար եւ գնաց առաջ: Շարժումը հենց այդ էլ ուզում էր: Ամենահետաքրքիր պահն այստեղ այն էր, որ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ դրվեց մի կողմ: Տեր-Պետրոսյանը դա անում էր միտումնավոր, որպեսզի կարողանա տարբեր գաղափարախոսության տեր մարդկանց հավաքել մի ամբողջական շարժման մեջ:

– Եկեք վերլուծենք Շարժման վարքը:

– Շարժումներն իրենց պատմության ընթացքում միշտ իրենց ֆիքսված տարածքն են ունեցել: Հայաստանում այդ տեղը Ազատության հրապարակն է: Կառուցվել է 1960-ականների սկզբին: Հայաստանյան առաջին շարժումը Եղեռնի 60-ամյակի ոգեկոչության առիթով էր՝ 1965թ. ապրիլի 24-ին, որը տեղի ունեցավ այդ հրապարակում: Այդ ժամանակվա հեղափոխականների երիտասարդ սերունդը, ովքեր հայ ազատագրական շարժման մասնիկն են կազմել ու ազգային ազատագրական լոզունգներով են եկել հրապարակ, պայքարը ծավալել են հենց Ազատության հրապարակում: Այդ հրապարակում է ծավալվել 88-ի արցախյան պայքարը: Եվ այդ հրապարակը փաստորեն ԸՆԴԴԻՄԱԴԻՐ շարժման հրապարակ է: Ու կոմունիստներից մինչեւ այսօր՝ պայքար է գնում այդ հրապարակի համար: Սուրեն Հարությունյանը մի հետաքրքիր բան էր պատմում. «88-ին Մոսկվայից ինձ զանգում էին ու ասում՝ էդ հրապարակը գերի է ընկել, ինչո՞ւ չես գնում ազատես»: Հիմա այս իշխանությունն է ընդգրկվել այդ պայքարում: Ու էնքան ավտորիտար է, որ էդ մի փոքր հրապարակն էլ չի տալիս ժողովրդին: Եվ շատ հետեւողական է իր չտալու մեջ:

– Զավեշտական մի դեպք պատահեց վերջերս: Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի երիտասարդական թիմերի հանդիպումը՝ երբ ավարտվեց հայերի հաղթանակով, մեր խելոք իշխանավորները արագ փակեցին Ազատության հրապարակը, որ ժողովուրդը չհավաքվի: Խանդավառ ամբոխն էլ գնաց Հյուսիսային պողոտա ու միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի Շարժման նստացույցին: Ու ողջ գիշեր միասին տոնում էին հաղթանակը: Ով՝ որ կուսակցությունից էր, կարեւոր չէր: Հաղթանակը միավորել էր բոլորին:

– Ազատության հրապարակի համար այս իշխանությունը պայքարի մեջ ներքաշեց նույնիսկ բիզնեսմեններին, որոնք փոքրացրին հրապարակն ու դարձրին սպառման վայրի հրապարակ. կաֆեներ կառուցեցին, ռեստորան: Բայց բան դուրս չեկավ: Հրապարակը մնաց ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, քանի որ նա այդ խորհուրդն ունի իր մեջ: Նա ուզում է իր մշակույթի կողքին կանգնել: Նա պարփակված չէ, բաց է դեպի փողոց: Հիմա ընդդիմությունը նստել է Հյուսիսային պողոտայում միայն նրա համար, որ տեղափոխվի Ազատության հրապարակ: Եվ, վերջին հաշվով, վերադառնալու է այնտեղ: Իսկ իշխանության միտինգները տեղի են ունենում Հանրապետության հրապարակում: Ավտորիտար հրապարակը Լենինի հրապարակն է, իշխանության հրապարակը նա է:

– Տեր-Պետրոսյանը նոր որակով վերադարձավ: Լիդերային իր դերը նա փայլուն է խաղում:

– Ավելին, նա խաղում է իբրեւ ժողովրդական լիդեր: Ինքը պարում է ժողովրդի հետ: Օրինակ՝ Սադամ Հուսեյինն էլ էր պարում ժողովրդի հետ: Տեսաժապավեն է ուղարկում ժողովրդին: Դա անում էր Խոմեյնին: Այսինքն՝ ընդդիմադիր շարժման շատ միջոցներ օգտագործվում են եւ յուրացվում Հայաստանյան շարժման կողմից:

– Ուզո՞ւմ է, արդյոք, այդ Շարժումը իշխանություն:

– Անշուշտ՝ ուզում է: Բայց Տեր-Պետրոսյանն այնքան խելոք գտնվեց, որ կարողացավ այդ շարժման տենչը տեղավորել ժողովրդավարական լոզունգների ու սխեմայի մեջ: Օրինակ՝ «Ես գալիս եմ երեք տարով, գալիս եմ ընտրություններ անեմ ու գնամ: Ուզում եմ իմ երկիրը լինի ժողովրդավարական երկիր»: Կամ. «Իմ շրջապատից ես ոչ մեկին ինձ հետ չեմ բերելու իշխանություն»: Այսինքն՝ Շարժման մեջ դրվում է ժողովրդավարության ոգին: Տեր-Պետրոսյանն ասում է նաեւ, որ Շարժումը նոր, լիբերալ-ժողովրդավարական հեղափոխություն է: Ես կարծում եմ, որ սա սկիզբ չէ, այլ շարունակությունն է 1988-91 թթ. Հայաստանում տեղի ունեցած ազգային ազատագրական հեղափոխության:

– Միգուցե սա 1996-ի հեղափոխության շարունակությո՞ւնն է:

– Ոչ: 1996թ. Հայաստանում հեղափոխություն չի եղել: Եղել է ԸՆԴՎԶՈՒՄ: Բայց այդ ընդվզումը չդարձավ հեղափոխություն եւ չի էլ կարող կապվել նախորդ էտապի հետ, քանի որ ԼԻԴԵՐ չուներ:

– Վազգեն Մանուկյանն էր լիդերը:

– Վազգեն Մանուկյանը չդարձավ լիդեր, որովհետեւ ինքը իր վրա չվերցրեց ԼԻԴԵՐԱՅԻՆ ԲԵՌ. ավելին. նա շատ նեղացրեց խնդիրը՝ հասցնելով այն մինչեւ ընտրությունների ճանաչումը: Ինքը չընդարձակեց, չվսեմացրեց 96-ի խնդիրը: Միգուցե չէր կարող: Պատերազմը նոր էր ավարտվել եւ ինքը մասն էր կազմում այդ պատերազմի: Տեր-Պետրոսյանին հաջողվեց չկազմել մասը պատերազմի: Դա նրա շնորհքն է: Ինքը պետք է ճանաչի իր շնորհքը: Թեպետ ասում է, որ ինքն է տարել հաղթանակները: Բայց գնալիս ասաց՝ գնում է խաղաղության կուսակցությունը, գալիս է պատերազմի կուսակցությունը: Ինքը իրեն չի դարձնում պատերազմի մաս: Սերժ Սարգսյանն էլ իրեն չի դարձնում պատերազմի մաս: Ինքն էլ խաղաղություն է ուզում: Նա բոլոր խոստումները տվել է Եվրոպային: Այս առումով Եվրոպան այլընտրանքի կարիք չունի: Այստեղ Տեր-Պետրոսյանին մնացել է մի դեր՝ ժողովրդավարության լոկոմոտիվն առաջ տանողի դերը:

– Այդ պատճառո՞վ Եվրոպան միանգամից չընդգրկվեց Հայաստանի ընտրական պրոցեսների մեջ: Եկեք Եվրոպայի վարքը վերլուծենք:

– Վերադառնանք Եվրոպային: Case Study-ում ես Եվրոպայի վարքը վերլուծեցի մինչեւ վերջ: Ասացինք, որ մինչեւ մարտի 1-ը Եվրոպային թվում էր, թե դա էլիտաների կռիվ է: Ու ինքը չէր խառնվում, քանի որ լիդեր փոխելու կարիք չուներ: Մարտի 1-ին, երբ արյուն թափվեց, ու Տեր-Պետրոսյանը մեղադրեց Եվրոպային թափված արյան համար, Եվրոպան դիստանցիա ստեղծեց: Հեռացավ ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից: Ու փորձեց դատել որպես դատավոր. փաստահավաք խմբեր ուղարկեց, լուրջ բառեր ասաց, գնահատականներ տվեց, այս կերպ փորձելով հանել այդ մեղքն իր վրայից: Ու հիմա էլ սպառնում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ: Եվրոպայի վարքն առ այսօր ներքին պրոցեսին չմասնակցողի վարք է, նա հանդես է գալիս որպես դատող արտաքին ատյան: Բայց իրականում նա մասնակից է:

– Ի՞նչ կերպ:

– Եվրոպան իրեն հռչակել է ժողովրդավարական արժեքների ներմուծող, էքսպարտյոր: Բայց եւ արել է ճակատագրական մի սխալ: Նրան թվացել է, թե իշխանությունների հետ աշխատելով՝ կարող է ժողովրդավարությունը վերեւից ներմուծել երկիր: Տեր- Պետրոսյանի Շարժումը Եվրոպայի համար այդ գաղափարի կրախն էր: Նա ապացուցեց, որ որեւէ երկրում վերեւից ժողովրդավարություն չի ներմուծվում, մինչեւ այդ երկրում ՆԵՐՔԵՎԻՑ ՃՆՇՈՂ ՈՒԺ ՉԼԻՆԻ: Ժողովրդավարությունը Եվրոպայի ֆունկցիոնալ գոյության պայմանն է: Ու երբ նրան ասում ես, որ դու մենակ չես կարող էքսպարտյորի դեր կատարել, խարխլում ես նրա հիմքերը: Հայաստանի կամ շատ երկրների նմանօրինակ դեպքերը ապացուցել են դա: Հիմա եթե Եվրոպան հասկացել ու ընդունել է այդ փաստը, պետք է թույլ տա, որ Հայաստանում ներքեւի ռեքսը ուժեղանա: Եվ ինքն էլ իր հերթին վերեւից ազդի: Առայժմ Եվրոպան շատ դոզավորված է շարժվում, որ Հայաստանում ուժերի բալանսը չխախտվի: Այսպես էլի կձգի, կհոխորտա, անհանգստություն կհայտնի. սրանք փուչ բաներ են: Մեզ մոտ դրսից փրկություն սպասելու ավանդույթը դեռ շարունակվում է:

– Եթե ուժերի բալանս կա, կարելի է եւ երկխոսություն ակնկալել այդ ուժերի միջեւ:

– Իշխանությունն առանց այդ էլ անխոս դիալոգի մեջ է ընդդիմության հետ: Ընդդիմությունը հարցերի ցանկն ուղարկում է, հաջորդ օրը տեսնում ես՝ իշխանությունն այդ հարցերի մի մասը լուծեց: Սա դիալոգ է: Ուղիղ դիալոգ հնարավոր չէ նրանց միջեւ, քանի որ դիալոգի պայմանները երկուստեք մերժող են: Անուղղակի դիալոգն ավելի հարմար է իշխանությանը, դրա համար էլ պատանդներ է պահում բանտերում. դա է իշխանության միակ ռեսուրսը: Եթե իշխանությունը կարողանա գոնե այս ոճը պահել, իսկ ընդդիմությունը շարունակի ճնշումը, իսկ նրա ռեսուրսն ավելի մեծ է, Հայաստանում հնարավոր են որոշ տեղաշարժեր: Եթե, իհարկե, օլիգարխները թույլ տան: Նրանք իշխանության հերն էլ են անիծել, ընդդիմության էլ:

– Կուսակցությունները դեր չունե՞ն:

– Մի կողմ թողնելով դաշնակցականներին, մնացածները կուսակցություններ չեն, այլ ԴՐՈՒԺԻՆԱՆԵՐ: «Բարգավաճը» կուսակցությո՞ւն է: ԴՐՈՒԺԻՆԱ Է: Հայաստանը միջնադարին վայել շատ էլեմենտներ ունի. «Բարգավաճի» ղեկավարը երկրի մի մասի տիրակալն է. հողեր ունի, տարածքներ, հարստություն: Եվ դրուժինաներ պիտի ունենա, որ պահի իր ունեցվածքը: Ինքը դրա անունը դրել է կուսակցություն, որը որեւէ կապ չունի կուսակցության հետ: Կուսակցության է ձգտում Հանրապետականը, դեռ Աշոտ Նավասարդյանն է գաղափարախոսական հիմքեր ստեղծել: Հանձին նրա, լիդեր ունի, ունի կառավարման որոշակի ներուժ, պատմություն. կապված է եղել 60-ական թվականների ազատագրական շարժման հետ: Կարող է դառնալ կուսակցություն: Դաշնակցականներն ազգայնական գաղափարախոսություն են դավանում, ունեն իրենց կայուն տասը տոկոսը ժողովրդի մեջ, Սփյուռք ունեն եւ այլն: Ուրիշ կուսակցություն ես այսօր չեմ տեսնում:

– Իսկ Ազգային կոնգրե՞սը:

– Ազգային կոնգրեսն այսօր կարող է դառնալ կուսակցություն: Ինձ ապշեցնում է նրա զարգացման նմանությունը Հնդկաստանի հետ. Ներուն էլ այդպես կուսակցություն ստեղծեց. միգուցե Տեր-Պետրոսյանը սիրո՞ւմ է արեւելքը: Նրա Շարժումը կամաց-կամաց ընդունում է կուսակցության կազմակերպական ձեւեր եւ կորդեգրի լիբերալ դեմոկրատական գաղափարախոսություն, դա արդեն հայտ է: Սակայն, չորրորդ կուսակցության վակուումը կա Հայաստանում: Դա սոցիալ- դեմոկրատական կուսակցության վակուումն է: Բանն այն է, որ երկրում աղքատության տոկոսը մեծ է, աղքատները լիբերալ դեմոկրատական լոզունգներով չեն հետաքրքրվում, նրանց սոցիալ-դեմոկրատական լոզունգներ են պետք: Կոմունիստներն այլեւս շանս չունեն վերականգնվելու: Իսկ Հնչակները մտան Կոնգրես: Սոցիալ-դեմոկրատների տեղը թափուր է: Հայաստանի կուսակցական կառույցի մաքսիմումը սա է: Մեկ էլ կարող է բնապահպանները դառնան կանաչների կուսակցություն: Չորս- հինգ, ոչ ավելի:

– Ետընտրական իրադարձությունները փոքր-ինչ սթափեցրել են իշխանությանը: Կարծես փորձում է բարեփոխումներ անել:

– Իշխանությունը մոբիլ չէ, բարեփոխական չէ: Նա հատվածային գործելաոճ ունի, զորօրինակ՝ հարկային դաշտի առերեւույթ փոխատեղումները: Մինչդեռ իշխող ուժը համակարգային բարեփոխական ծրագրով պիտի գար իշխանության: Պիտի տեղյակ պահեր ժողովրդին իր ԳԼՈԲԱԼ ՌԵՖՈՐՄՆԵՐԻ մասին, խոսեր ժողովրդի հետ: Խոսեր ազնվորեն, նրա ցավերը դարմանող իր ճանապարհը ցույց տար: Դրանից օպոզիցիոն ռեսուրսը կպակասեր: Առավել եւս, որ ժողովուրդը ուզում է դա, կար այդ ակնկալիքը իշխանությունից: Ես անձամբ կոչ եմ անում այս Շարժումը կոչել Աճող ակնկալիքների հեղափոխություն: Դու չես կարող ժողովրդին անվերջ թմրեցուցիչներ ներարկելով՝ բավարարել նրան, ժողովուրդը զզվել է բյուրոկրատիայից, կաշառակերությունից: Անհրաժեշտ բարեփոխական քայլերը պիտի արվեն:

– Ո՞վ պիտի անի: Իշխանությունը գուցեեւ ուզում է, բայց կարծես ներուժ չունի, պրոֆեսիոնալ չէ: Տարածաշրջանում էլ, թվում է, դեր չունի:

– Տարածաշրջանում Հայաստանի հին դերակատարությունը ճգնաժամի մեջ է, նորն էլ չկա: Հին դերը Ռուսաստանի ֆորպոստը լինելն էր: Բայց դերն ավարտվում է՝ Հայաստանի դերի նկատմամբ նետված մարտահրավերի պատճառով: Ռուսաստանին աշխարհն ասում է՝ դու Կովկասում դեր չունես: Եթե Ռուսաստանը դեր չունի, նրա ֆորպոստը առավել եւս դեր չունի: Դրանով է բացատրվում Հայաստանի լռությունը վրացական դեպքերի կապակցությամբ: Հայաստանը հասկացել է, որ դեռ պետք է դեր վերցնի:

– Դեր չմնաց, բոլորը բաշխված են:

– Չէ, դեր կա: Կարող ենք ասել՝ մենք ռեգիոնի երկիր ենք. այստեղ արյուն ենք թափել, կյանք ենք դրել, կառուցել ենք: Պատերազմը սկսել է Ադրբեջանը, մենք պատասխանել ենք: Զոհ ենք եղել, Թուրքիան եղեռն է արել, ուզում ենք ճանաչի այն: Գրաված հողերը մեր ռեսուրսն է, ետ կտանք, երբ հաշտության պայմանագիր կնքվի: Ուզում ենք հարեւանների հետ նորմալ ապրել: Հայաստանը կարող է ռեգիոնալ տարբեր ծառայությունների կենտրոն դառնալ, միջազգային ճանապարհներն այստեղով ավելի կարճ են, կայունության երաշխավոր ենք, ունենք աշխատասեր ժողովուրդ եւ այլն: Բայց: Դրա համար Հայաստանի իշխանությունները ԳԼՈԲԱԼ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՌԵՖՈՐՄ պիտի անեն, երկիրդ մտնողը պիտի հավատա քո խոստումներին:

– Կարծում եմ՝ այդ հարցն իշխանություններն իրենք իրենց չեն տվել:

– Վեց ամիս բացակայել եմ երկրից, եկել-նայում եմ հասարակ հայ մարդուն: Ոչինչ չի փոխվել: Այդ հասարակ մարդը դեռ շարունակում է գոյատեւման խնդիր լուծել, նրանից ի՞նչ պահանջես: Պարզունակ, բիոլոգիական օրենքներով ապրող մարդուց սոցիալական օրենքներ, սոցիալական վարք կարելի՞ է պահանջել: Նա հազիվ իր երեխայի սնունդն է ապահովում: Այսինքն՝ այս երկիրը հասարակ մարդիկ չեն կարող շտկել: Շտկելու են մասնագետները, տեղեկատվական դաշտը: Ուրիշ ճար չկա: Իշխանությունը կամ չի ուզում, կամ ռեսուրս չունի: Օրինակ՝ ես մասնագետ եմ, ունեմ անալիտիկ մտածողություն, միշտ վերլուծել եմ երկրի վիճակն ու հասկացել, թե որտեղ եմ պետք: Ես կարիք ունեմ այս երկրում իմ տեղը իմանալու, իմ դերն իմանալու: Ես ու իմ նմանները իմ երկրում գործի դրված պիտի լինեինք, ոչ թե օտար համալսարանների մոմը վառեինք: Ռեֆորմը պիտի սկսել դպրոցից, դպրոցն է բարոյալքված, փողը մտել է դպրոց, կրթություն չեն տալիս: Բարոյականությունը պիտի դառնա արժեք: Ոգի, խանդավառություն ու նվիրում, հավատ պիտի մտնի ժողովրդի վարքի մեջ: Ահա այս տարրերն են գերակա՝ օպոզիցիոն շարժման մեջ: Այդ շարժման մեջ նստած է ԿԱՄՔԸ, ՈԳԻՆ: Եվ այդ ոգին չի կարելի կոտրել:

– Որը չվհատվեց անգամ մարտի 1-ի դեպքերից հետո:

– Հետաքրքիր մի բան լսեցի հեռուստացույցով: Օսեթներից մի տղամարդ պատմում է, թե հարցրել է այն կողմի վրացի զինվորին՝ այ տղա, էդքան զենք կա վրադ կախած, ինչո՞ւ ես էդպես դողում, բա կրակի՛, է՞: Ու եզրակացրեց՝ ոգի չուներ, դուխ չուներ, դրա համար չէր կրակում:

Այ, էդ ՈԳՈՒ, ԿԱՄՔԻ մասին է խոսքը: Այդ ոգու տեր մարդիկ են նստած օպոզիցիայում: Նրանց «Մարտի 1»-ով չես կոտրի: Ոգու հեղափոխության անհրաժեշտություն կա: Այդ շարժման մասնակիցները հավատում են իրենց ուժին եւ ուզում են դեր ունենալ այս երկրում: Նրանց խեղդել է կաշառակերությունն ու բյուրոկրատիան, իսկ դատարանները կնիքով վավերացնում են անարդարությունները: Իշխանությունն էլ գալիս՝ կրակում է նրանց վրա: Խեղճությունը, 5000 դրամով քվե վաճառելը հո ազգային որակ չէ, դա սոցիալական որակ է, որ ձեռք էր բերվել ռեպրեսիաների միջոցով: Ստալինի ժամանակ հարյուրավոր ազգեր նույն որակն են ցուցաբերել: Մեր երկրում էլ նույնն է այսօր: Եվ եթե իշխանությունները, թեկուզ ավտորիտար, ուզում են փրկվել, նրանք օր առաջ պիտի սկսեն գլոբալ ռեֆորմները: Եվ ընդդիմությանը, եւ առհասարակ մեզ բոլորիս պիտի դիմեն պարզ, հասարակ հայերենով. ուզո՞ւմ ես ռեֆորմներ, ուզո՞ւմ ես փոխենք մեր երկիրը, արի, կանգնիր կողքիս, միասին քրտնենք, ես քո կարիքն ունեմ, քո խելքն ու միտքը պետք է քո երկրին: Ապագայի վերաբերյալ բոլորով միասին պիտի խոսվի: Բայց, կրկնում եմ, դա միայն մի դեպքում. երբ իշխանությունը ասի՝ ես գլոբալ հեղափոխական ռեֆորմներ եմ անում: Մինչդեռ առայսօր այդ քայլը չի երեւում, եւ իշխանությունը իր այդօրինակ վարքագծով օր օրի ավելացնելու եւ վառ է պահելու օպոզիցիոն ուժերի ռեսուրսը:

– Ավարտենք մեր զրույցը: Ի՞նչ պետք է անի օպոզիցիան, որ հարկադիր ռեֆորմներ արվեն Հայաստանում:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի Շարժումը չպիտի կանգ առնի: Երբ Շարժումը դառնա կուսակցություն, պայքարն ավելի կլրջանա ու գաղափարական դաշտ կտեղափոխվի: Շարժման բարոյական ռեսուրսը կհերիքի շարունակելու պայքարը: Իսկ մասնագիտական ռեսուրսի ուղղությամբ շատ պիտի ջանք թափեն, որ չկրկնվեն անցյալի սխալները: Եվրոպան էլ իր հերթին վերեւից պիտի ճնշի: Այդ դեպքում միայն արդյունք կարելի է ակնկալել: Տեր-Պետրոսյանի Շարժումը պիտի շարունակվի: Քանի որ ՈԳՈՒ, ՀՈՒՅՍԻ, ԱՃՈՂ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ժողովրդական հեղափոխության գնացքը Հայաստանում արդեն Շարժվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել