Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարությունը չի նվիրվում, այլ հաստատվում է օրենքով

Սեպտեմբեր 20,2008 00:00

Մահապարտների խնդիրը մնում է առկախ

Մինչեւ 1990-ականների կեսը, նորաստեղծ անկախ Հայաստանի Հանրապետությունը գտնվում էր մի կողմից տնտեսական շրջափակումների, իսկ մյուս կողմից՝ պարտադրված պատերազմական իրավիճակի մեջ: Ամբողջությամբ քայքայված տնտեսությունը, էներգետիկ ճգնաժամն ու համատարած աղքատությունը գրեթե ուժասպառ վիճակում էր պահում ողջ հայաստանյան բնակչությանը: Մինչդեռ պատերազմի եւ հետպատերազմյան շրջանում իշխանության որոշ օղակների մեջ զուգահեռաբար աճեց կոռուպցիան եւ ժողովրդավարության քողի տակ՝ «բեսպրեդելը»: Համատարած անարդարությունների, աղքատության եւ արտագաղթին համընթաց՝ աճեց ու զարգացավ կլանային ինստիտուտը: Եվ հենց այս անբնական ստեղծված պայմանների ժամանակահատվածներում էր, որ ՀՀ գերագույն դատարանները մահապատժի դատավճիռներ էին արձակում թվով 53 քաղաքացիների դեմ, որոնցից շատերի հանցանքն այն էր, որ ունակ չէին պահանջված գումարներով կաշառելու դատախազներին ու դատավորներին՝ չգործած հանցանքների համար: Իսկ ոմանք էլ իրենց գոյությունը մի կերպ քարշ տալու համար, ունենալով միայն չոր հացի խնդիր եւ ոչ թե ծանրագույն հանցանք կատարելու մոլուցք, ճակատագրի հեգնանքով հայտնվել էին դատաիրավական կոռումպացված մետաղանիվների արանքում, ընտանիքներին թողնելով անօգնական ու այլեւս «բոմժի» կարգավիճակում:

2003 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց ՀՀ նոր քրեական օրենսգիրքը, որում, որպես պատժի առավելագույն չափ, հաստատվեց ցմահ ազատազրկումը (ՀՀ քրօրի հոդված 49, մաս 10): Իսկ ցմահ ազատազրկումը բոլորովին նոր պատժատեսակ էր մեր իրականության մեջ: Սակայն նույն օրն էլ ընդունվեց նաեւ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքը, որն ուներ ավելի քան քաղաքական նպատակներ: Վերոնշյալ փաստաթղթի 6-րդ հոդվածը, որը ուղղված էր «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության մասնակիցների դեմ, այնուամենայնիվ, մինչ այդ դատապարտված 42 մահապարտների հանդեպ անարդար իրավիճակ ստեղծեց: Ստեղծված պարադոքսալ իրավիճակը անլուծելի խնդիրների առջեւ կանգնեցրեց ԱԺ-ին: Իսկ խնդիրն այն էր, որ 6-րդ հոդվածում նշված բացառությունը հակասում էր նույն Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածին, ինչը պահանջում էր պատիժը մեղմացնել բոլոր այն պարագաներում, երբ նոր Քրեական օրենսգրքում միեւնույն հանցանքի համար ավելի մեղմ պատիժ է նախատեսվում: Եվ քանի որ ցմահ ազատազրկումը հանդիսանում էր նոր պատժատեսակ, բացահայտորեն ոտնահարեց նաեւ 42 դատապարտյալների՝ կարծիք ու տեսակետ ունենալու, նոր պատժից առաջ իրենք իրենց պաշտպանելու տարրական իրավունքները:

2003թ. օգոստոսի 1-ին նոր ՀՀ քրեական օրենսգիրքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ՀՀ նախագահի «ներման» հրամանագրով իբրեւ բարելավում մահապատիժը փոխարինելով ցմահ բանտարկությամբ, ՀՀ գործող եւ չգործող օրենքներին համաձայն, դե-յուրե եւ դե-ֆակտո իրականացվեց պատժի խստացում: Մինչդեռ բարելավումը, համաձայն ՀՀ սահմանադրության, ունի հետադարձ ուժ: Ուստի նախագահի «ներումը» դե-ֆակտո իրականացված, օրենքից չբխող եւ պարտադրված դատավճիռ էր, որն առանց նախկին դատավճիռը բեկանելու՝ օգտվել էր միայն ու միայն ՀՀ Գերագույն դատարանին պատկանող իրավասությունից:

1995 թվականին ընդունված ՀՀ սահմանադրությամբ ամրագրվում էր նաեւ նախագահի՝ ներում շնորհելու բացառիկ իրավունքը: Իսկ Քրեական օրենսգիրքը թույլ էր տալիս ներման պարագայում մահապատիժը փոխարինել բացառապես 15 կամ 20 տարվա ազատազրկումով: 2003 թվականի օգոստոսի 1-ի նախագահի ներումը, նախ մի կողմից կոալիցիայի, մյուս կողմից էլ՝ ընդդիմության կողմից, հանրապետության նախագահի դեմ իրականացվող ճնշումների ու պարտադրումների արդյունքն էր: Հատկանշական է նաեւ այն իրողությունը, որ ելնելով «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության փաստից, ու դրա հանդեպ կամային մեկնաբանությունների ու վենդետայի կեցվածք ցուցաբերելու փաստի արդյունքում պիտի շրջանցվեին ու անտեսվեին մի շարք գործող օրենքներ, երբ սույն էմոցիոնալ ու աղավաղված գործընթացի հետ առնչություն չունեցող 42 այլ դատապարտյալների վրա այդ դիրքորոշումը ճակատագրականորեն բացասական եւ լուրջ ազդեցություն էր ունենալու։ Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ օրենքների որդեգրումն ու կիրառումը պետք է դուրս մնային սեփական ամբիցիաների շրջանակներից: ԱԺ մեծամասնությունը չպիտի թույլ տար, որ «Հոկտեմբերի 27»-ի սպանդը մի նոր սպանդի տեղիք տար: Իսկ 42-ի հանդեպ կատարվածը սպանդ էր…

Ներկայիս 42 ցմահ դատապարտյալները վստահ են, որ միայն ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող ուղղակի հսկողության եւ համապատասխան կարգադրությունների պարագայում կարող են վերականգնվել դատապարտյալների իրավունքները, արդարությունն ու որոշների պարագայում նաեւ՝ նրանցից բռնորեն խլված ազատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել