Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Սեպտեմբեր 20,2008 00:00

Դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Երեկ քաղաքացիական վերաքննիչ դատարանում Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ պետք է լսվեր Վարդիթեր Եղիազարյանի, Ալիսա Շիրինյանի վերաքննիչ բողոքը: Վ. Եղիազարյանը Սասունցի Դավթի 13 հասցեի 245,41 քմ տարածքը ձեռք է բերել 2003թ.՝ աճուրդով: Մինչ աճուրդին մասնակցելն ու սեփականատեր դառնալը, Վ. Եղիազարյանն այդ տարածքն օգտագործել է որպես վարձակալ: Սեփականության իրավունքը ստանալուց հետո Վ. Եղիազարյանն իր տարածքից 84,9 քմ-ն վաճառել է Ալիսա Շիրինյանին: Վերջինս որպես բարեխիղճ գնորդ սկսել է տնօրինել տարածքը: Սակայն 2007-ին դատարան է դիմել Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հայրը՝ մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը եւ ապացուցել, որ աճուրդի դրված տարածքն իրենն է: Նա հաղթել է առաջին ատյանի դատարանում: Գործը «պտտվել» է վերաքննիչ դատարանում, ապա՝ ընդհանուր իրավասության:

Վերաքննիչ դատարանի կազմում նախագահող Նոյեմ Հովսեփյանը նիստը չսկսած՝ երեկ ինքնաբացարկ հայտնեց, քանի որ նախկինում եղել է այս գործով դատավոր: Ինքնաբացարկի հարցը կլսի ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահը՝ Էդիկ Մուրադյանը:

Ամերիկյան օժանդակություն

Սեպտեմբերի 19-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի արձանագրությունը եւ փոփոխությունների մասին համաձայնագիրը: Համաձայն սույն 7-րդ եւ 8-րդ փոփոխությունների՝ ԱՄՆ կառավարությունը 2,709,600 ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրի ՀՀ կառավարությանը՝ մի շարք ծրագրերի իրականացման համար:

Այս ֆինանսավորումը կնպաստի ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական լաբորատորիայի զարգացմանը, ՀՀ իրավապահ մարմինների համար հրաձգարանի կառուցմանը, «Փրոջեքթ հարմոնիի» ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացմանը, թրաֆիքինգի զոհերի օժանդակությանը: Նախատեսվում է իրականացնել ՀՀ անձնագրերի տպագրման համակարգի պաշտպանվածության հզորացման ծրագիր:

Շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետ, գնդապետ Արզուման Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Վերջինս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:

Գործ՝ Մարմարիկի գյուղապետի դեմ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ 2008 թ. հունիսի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի ղեկավար Զավեն Հունանյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով ուրիշի գույքը հափշտակելու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքի ղեկավար Զ.Հունանյանը 2005-2008թթ. ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով հափշտակել է համայնքի տարածքում գտնվող «Մարմարիկի ագրոֆիրմային» պատկանող մոտ 700 մետր երկարությամբ չուգունե խողովակներ: Զ.Հունանյանին առաջադրվել է մեղադրանք, եւ 27.08. 2008թ. քրգործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը եւ որպես պատիժ սահմանել տուգանք՝ 300.000 դրամի չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել