Այդպես են «Գորիս» ՔԿՀ աշխատակիցները «բացատրում» Արթուր Այվազյանի խոշտանգումը
ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Այվազյանը (հայտնի է «Մանախ» մականունով) 2006թ. ապրիլի 28-ին ինքնասպանության փորձ էր կատարել՝ կտրելով ձախ ձեռքի զարկերակը: Նա տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին: Հաջորդ օրը, ըստ Ա. Այվազյանի. «Ինձ խցից հանեցին, անմիջապես ձեռքերս շղթայեցին եւ տարան զբոսահրապարակ, ուր խուզարկեցին ՀՀ ԱՆ ՔԿ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի անմիջական ներկայությամբ, որից հետո ՔԿ ծառայության աշխատակիցները՝ 20-30 հոգով, սկսեցին դաժան ծեծի ենթարկել ինձ»: Դատապարտյալը «Առավոտին» ուղղված նամակում հայտնում է նաեւ, որ ազատազրկվածներից մի քանիսը նույնպես դաժան ծեծի են ենթարկվել, քանի որ իրենց խցերից բողոքի ձայն են բարձրացրել իրեն ծեծելու դեմ: Ծեծից հետո Ա. Այվազյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է պատժախուց, որտեղ 4 օր քնել է գետնի վրա, քանի որ ՔԿՀ աշխատակիցները դիտավորյալ չեն բացել պատին ամրացված մահճակալը: Նրան պատժախցում պահել են 38 օր անընդմեջ, մինչդեռ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնադրությամբ արգելվում է 15 օրից ավելի պահել:
Ա. Այվազյանին բժիշկն առաջին անգամ այցելել է սպանության փորձից չորս օր հետո, երբ սպառնացել է, թե կրկին ինքնասպանության փորձ կկատարի: Միջադեպից հետո 42 օր գտնվել է հացադուլի մեջ: Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել՝ քննություն սկսել վնասվածքների պատճառման փաստի վերաբերյալ: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն եւ պարզվել էր. «Ա. Այվազյանի մարմնական վնասվածքները՝ քթի, մեջքի շրջանի սալջարդ վերքի, քթի ոսկրերի կոտրվածքի՝ քթային շնչառության խանգարումով, դեմքի քերծվածքների ձեւով, պատճառվել են բութ, կոշտ առարկայով(ներով) եւ պետք է որակավորվեն որպես առողջությանը միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով, նկատի ունենալով, որ վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետեւանքների տեւողությունը 21 օրից ավելի է»: 2006թ. հուլիսի 10-ին հարցաքննվելիս Ա. Այվազյանը ցուցմունք է տվել եւ մանրամասն նկարագրել իր դեմ կատարված բռնությունը եւ հայտնել ծեծի ու խոշտանգումների մասնակիցների, ինչպես նաեւ ականատես դատապարտյալների անունները:
2006թ. օգոստոսի 15-ին քննիչ Ա. Ասրյանը որոշում էր կայացրել դատապարտյալի նկատմամբ «քրեական գործից նյութեր անջատելու մասին», իսկ 06.09.2006թ. որոշմամբ էլ նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու եւ մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործի մասը կարճել էր՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ա. Այվազյանը հայտնում է նաեւ, որ «Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ա. Թումանյան) իր 30.07.07թ. համապատասխան որոշմամբ բավարարել է բողոքը եւ վերացրել քննիչ Ասրյանի որոշումը: Դատարանը գտել էր, որ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքը կիրառվել է թերի, չպատճառաբանելով օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրման պայմաններն ու սահմանները, այն է՝ հնարավոր չէ՞ր քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման ապահովումն այլ միջոցներով, ֆիզիկական ուժի գործադրումից առաջ նախազգուշացվե՞լ է տուժող-դատապարտյալը, բավարար ժամանակ տրամադրվե՞լ է տուժողին պահանջների կատարման համար, կոնկրետ ո՞վ եւ ի՞նչ ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց է գործադրել եւ արդյոք այն համաչա՞փ է եղել իրավախախտման վտանգավորության բնույթին ու աստիճանին, ցո՞ւյց է տրվել առաջին օգնություն, առողջությանը վնաս պատճառելու դեպքի մասին հաղորդվե՞լ է դատախազին»:
2007թ. օգոստոսի 10-ի նույն որոշման հիման վրա ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ «ՔԿՀ աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու ժամանակ Ա. Այվազյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ»: Այս քրգործը դարձյալ ընդունվել է նույն քննիչ Ա. Ասրյանի վարույթ:
Ա. Այվազյանը ճանաչվել է տուժող, իսկ փաստաբան Հ. Ալումյանը ներգրավվել է որպես տուժողի ներկայացուցիչ: Նրանք քննիչի դեմ բացարկ են հայտնել, ինչը ընդունվել է եւ գործը հանձնվել է մեկ այլ քննիչի: «Առավոտի» նամակագիրը գրում է. «Նոր քննիչն ինձ չի այցելել, ինձնից ցուցմունք չի վերցրել, գրավոր դիմումներիս, բողոքներիս եւ հայտարարություններիս չի պատասխանել: Վարույթն իրականացնող մարմնին եւ վերադասներին ուղղված բազմաթիվ բողոքներս մնացել են անպատասխան»: Եվ միայն 2008թ. մարտի 24-ին Ա. Այվազյանը քննիչից ստացել էր գրություն, որով հայտնում էր, որ Սյունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել իրեն տուժող ճանաչելու մասին որոշումը վերացնելու մասին: Այդ գրությունից պարզվել էր նաեւ, որ գոյություն ունի 2007թ. դեկտեմբերի 7-ին թվագրված մի որոշում՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին, որը Ա. Այվազյանին է հանձնվել այս տարվա ապրիլի 1-ին: Որոշման նկարագրական մասում քննիչը նշել էր, որ 2006թ. ապրիլի 29-ին իրականացվել է համընդհանուր կանխարգելիչ միջոցառում, մասնակցել են ՔԿ վարչության, ոստիկանության ներքին զորքերի եւ «Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցները, միջոցառման ընթացքում խուզարկություն է իրականացվել բոլոր 35 խցերում եւ զննվել են բոլոր դատապարտյալները. «Թիվ 8 խցի դատապարտյալ Արթուր Այվազյանը հրաժարվել է դուրս գալ խցից՝ պատճառաբանելով, որ խուզարկությունը անհիմն է եւ անօրինական, որից հետո նրան հագցրել են ձեռնաշղթա եւ դուրս բերել զբոսահրապարակ, որտեղ Ա. Այվազյանը կրկին չի ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին, հրաժարվել է խուզարկվելուց, սպառնացել եւ հայհոյանքներ է տվել աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հասցեին, որից հետո նախազգուշացվել է, որ շարունակելու դեպքում նրա նկատմամբ կկիրառվի ֆիզիկական ուժ եւ բավարար ժամանակ է տրամադրվել դրա համար, սակայն վերջինս շարունակել է չկատարել աշխատակիցների պահանջները, դիմադրություն է ցույց տվել, ինչից հետո նրա նկատմամբ կիրառվել են ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ: Զբոսահրապարակից պատժախուց տանելու ճանապարհին Արթուր Այվազյանը հարձակվել է միջանցքում կանգնած «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալ Գուրգեն Սիմոնյանի վրա եւ ոտքով հարվածել նրան, որից հետո ներկա 10-15 աշխատակիցները հարձակումը կանխելու նպատակով միջամտել են եւ Այվազյանի նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ՝ մասնավորապես՝ ռետինե մահակ, որի ընթացքում Այվազյանը երեսնիվայր ընկել է գետնին, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Դրանից հետո Ա. Այվազյանը տեղափոխվել է պատժախուց, որտեղ էլ նա հրաժարվել է բուժօգնությունից»:
Ըստ Ա. Այվազյանի, իր առողջական վիճակը այնպիսին էր (շատ արյուն էր կորցրել եւ վիրահատությունից հետո թույլ էր), որ չէր կարող շղթայված ձեռքերով լուրջ դիմադրություն ցույց տալ, մանավանդ որ, դեպքի վայրում գտնվում էին, ինչպես քննիչն է նշել, ՔԿ ծառայության, ներքին զորքերի եւ հիմնարկի մեծաթիվ աշխատակիցներ: Ըստ նրա, քննիչի որոշման մեջ գնահատական չի տրված գործով վկա հարցաքննված դատապարտյալներ Արկադի Ափյանի, Հրայր Նարիմանյանի, Գեղամ Վաղարշակյանի ցուցմունքներում նշված փաստերին, մինչդեռ վկաների ցուցմունքներում ասված է, որ երբ Ա. Ափյանը իր խցից բղավել է՝ դադարեցնել Այվազյանի նկատմամբ ծեծը, նրան նույնպես հանել եւ ծեծի են ենթարկել, իսկ այդ ծեծի հետքերը արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից:
Դատապարտյալ նամակագիրը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ «Ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վ. Ս. Դաղունցը իմ նկատմամբ իրականացված պատվիրված եւ կազմակերպված մահափորձի վերաբերյալ փաստը պարտակելու նպատակով, ելնելով խմբակային շահերից եւ անձնական կախվածության այլ հարաբերություններից, անձնուրաց կերպով կատարելով իմ կյանքի եւ առողջության դեմ ուղղված այդ ծանր հանցագործության վերաբերյալ առկա՝ «Պատիժ հայցի դիմաց» անվանմամբ քաղաքական պատվերի պահանջները, իր որոշմամբ կարճել է քրեական գործով վարույթը՝ «Գորիս» ՔԿՀ-ի, ՔԿ վարչության եւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով»: Ա. Այվազյանը որոշումը բողոքարկել է, սակայն առայսօր որեւէ պատասխան չի ստացել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ