Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ը ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԵՏ ՇՊՐՏԵՑ ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"\"Դատավարության ընթացքը գնահատում են փաստաբանները

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Մարտի 1»-ի գործով պաշտպանել է դատարանի կողմից արդարացված Միսակ Հովակիմյանին, Մասիս Այվազյանին եւ այժմ շարունակում է իրականացնել Վարդգես Գասպարիի, Դավիթ Մաթեւոսյանի պաշտպանությունը: Մ. Շուշանյանի պաշտպանյալներին մեղսագրվել է 316 հոդվածի 1-ին մասը: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալների պարագայում կան միայն ոստիկան-վկաներ, իսկ տուժողներ չկան. «Գործ ունենք մի անհեթեթ իրավիճակի հետ, երբ անձին առաջադրված է մեղադրանք եւ դատարանի կողմից անձինք մեղավոր են ճանաչվում առաջադրված մեղադրանքում, սակայն բացակայում է տուժողը: Սա այն դեպքում, երբ խոսքը վնասվածք հասցնելու մասին է: Բացառությամբ Մ. Հովակիմյանի քրեական գործի՝ ես կարող եմ եզրակացնել, որ մյուս քրեական գործերով դատարանները պարզապես արդարադատություն չեն իրականացնում»: Իր գնահատականը հիմնավորելու համար Մ. Շուշանյանը բերեց հետեւյալ փաստերը. «Պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները դատարանների կողմից մերժվում են: Դրանք պատճառաբանված չեն: Վ. Գասպարիի քրեական գործի դատական քննության ժամանակ պաշտպանական կողմը հարուցել է շուրջ 25 միջնորդություն, որոնք ուղղված են եղել Գասպարիի խափանման միջոցը փոխելուն կամ վերացնելուն, նոր ապացույցներ պահանջելուն: Այս միջնորդություններից դատարանը բավարարել է միայն 2 միջնորդություն, որոնք վերաբերել են վկա-ոստիկանների նախաքննական ցուցմունքները հրապարակելուն: Ի դեպ, պաշտպանական կողմից մեծ ջանքեր են պահանջվել, որպեսզի դատարանն ի վերջո այդ միջնորդությունները բավարարի: Վկա-ոստիկանները դատավարություններում այնպիսի ցուցմունքներ տվեցին, որոնք հակասում էին նախաքննության ընթացքում տված ցուցմունքներին: Նման պայմաններում դատարանը չկարողացավ այդ 2 միջնորդությունները մերժել»:

Մ. Շուշանյանի գնահատմամբ՝ նախաքննական եւ դատաքննական մարմինները իրականացնում են երկրի քաղաքական ղեկավարության քաղաքական պատվերը՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով եւ անմեղ մարդկանց քաղաքական հետապնդմամբ. «Այս գնահատականը տալիս եմ՝ հիմնվելով այն մեղադրյալների քրգործերի տվյալների վրա, որոնց պաշտպանել եմ: Սակայն, կարծես թե, բոլոր գործերով պատկերը նույնն է»:

Չկան տուժողներ, բայց դատվում են

«Մարտի 1»-ի դատավարությունները, ըստ փաստաբան Սեդա Սաֆարյանի, փչացրին մեր իրավական եւ ոստիկանական համակարգերը. «Մարտի 1»-ը հարյուր տարի ետ շպրտեց մեր իրավաբանությունը: Այն փոքր իրավական դաշտը, որը ձեւավորվել էր՝ էլ չկա»: Վերլուծելով «Մարտի 1»-ի գործով դատավարությունները՝ Ս. Սաֆարյանը հայտնեց. «Դատական քննության առարկա են դառնում այնպիսի քրեական գործեր, որոնք չունեն հանցակազմ: Ոստիկաններն ինչ ձեւի էլ ցուցմունք տան, միեւնույն է՝ դատավորները որոշել են, որ ճիշտը նրանց ասածն է, այսինքն, ապացույցների մի մասին՝ ոստիկանների ցուցմունքներին գերապատվություն տալով, իջեցրել են մնացած մարդկանց տված ցուցմունքների ապացուցողական արժեքը, ինչի արդյունքում ունենք կողմերի հավասարությունը չպահպանող դատարաններ»:

Գաղութների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի եւ այլոց պաշտպանությունն իրականացրած Ս. Սաֆարյանը փաստում է, որ անհայտ ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար մեղադրանք չի կարող առաջադրվել, եւ քաղաքացին չի կարող դատապարտվել, ինչպես ստացվել է իր պաշտպանյալ Դավիթ Առաքելյանի պարագայում: «Մեղադրանքը գնահատելու համար պարտադիր է գնահատել երկու կողմերի գործողությունների համաչափությունը, որը ցույց կտա, թե ո՞վ է մեղավոր: Անվերապահորեն մեղավոր են ճանաչվում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները եւ որեւէ գնահատական չի տրվում մարտի 1-ին Ազատության հրապարակում եւ Մյասնիկյանի արձանի մոտ գործողություններ իրականացրած ոստիկաններին: Ի՞նչ է՝ ոստիկանները նման իրավիճակներում օրինազանցություններ չե՞ն արել: Նույնիսկ այսօր չգիտենք, թե ո՞վ է սկսել բախումը եւ ինչպե՞ս է սկսվել, ոստիկանի՞ց է սկսվել, թե՞ ժողովրդից: Այս ամենի հետեւանքների համար ո՞վ է պատասխան տալու: Ոստիկանները ցուցմունքներ են տալիս, որ հետապնդել են անձանց մինչեւ Մամուլի տուն՝ Արշակունյաց պողոտա: Հարցնում ենք, թե ինչո՞ւ ես հետապնդել, քո նպատակը չի՞ եղել Ազատության հրապարակը մաքրելը, մաքրել-պրծել էիր, էլ ո՞ւր էիր հետապնդում, այսինքն՝ ոստիկանը հետապնդել է, գնացել է բախման ու հիմա ասում է, որ այդ մարդը հանցագործ է: Այսպես ոչ մի երկրում չի լինում»,- նշեց պաշտպանը:

Ս. Սաֆարյանը հայտնեց նաեւ, որ պաշտպաններից շատերն այսօր խնդիրներ ունեն եւ հարվածի է ենթարկվել պաշտպանական մի ողջ համակարգ. «Ցավ եմ ապրում, քանի որ հայտնվել եմ երկրից դուրս գնացողների իրավիճակում: Առաջիկայում, եթե իմ շուրջն այսպիսի այլանդակություններ լինեն, ցանկացած երկրի կդիմեմ ու կհրաժարվեմ այն երկրից, ուր «մարտի 1», «ապրիլի 12» եւ «հոկտեմբերի 27» է լինում: Այսօր ժողովուրդը վախեցած է եւ այդ վախի մթնոլորտը երկար տարիներ շարունակվելու է: Մինչեւ 1999 թվականն իմ աշխատանքային գործունեությունն իրականացնելու համար խնդիրներ չեմ ունեցել, դրանից հետո մեզ վրա անվերջ մատ են թափ տալիս, անվերջ խնդիրներ ունենք, մեզ կանչում, ամենատարբեր զրույցներն են անում»:

Արամ Կարապետյանի գործը գնում է ոչ աջ, ոչ ձախ

«Իմ մասնակցությամբ «Մարտի 1»-ի դատավարությունները մեկ բառով կարելի է որակել՝ ֆարս». սա «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ Արամ Բարեղամյանի, Վարդան Ղավալբաբունցի, Քրիստափոր Էլազյանի, Սողոմոն Երիցյանի, Շանթ Հարությունյանի, Արմենակ Աբրահամյանի եւ այլոց պաշտպան Հարություն Բաղդասարյանի գնահատականն է: Վերջինիս փոխանցմամբ՝ իր պաշտպանյալների նկատմամբ հրապարակվել են միայն մեղադրական դատավճիռներ. 4 անձի նկատմամբ պայմանական փորձաշրջան է կիրառվել, մյուսները՝ դատապարտվել են, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի դեպքում, ինչպես հայտնի է, փոխվել է խափանման միջոցը, իսկ Շ. Հարությունյանի գործը շուտով կմտնի դատարան:

Հ. Բաղդասարյանն «Առավոտին» փոխանցեց. «Մեղադրանքները, որի հիմքում ընկած է հանրության համար վտանգավոր գործողություններ ծավալելը, ըստ էության, ապացուցված չեն: Մենք ինչո՞ւ ենք մեր պաշտպանյալներին քաղբանտարկյալներ համարում, քանի որ նրանց մեղքը հաստատված չէ, առաջադրված մեղադրանքներն էլ կրում են զուտ քաղաքական խնդիրներ: Նախաքննության մարմինն առանց ապացույցների գործերը բերել է դատարան, որոնք հաստատվել են: Անձին մեղադրանք են առաջադրում, որ ոստիկանին դիմադրել է: Ոստիկաններից որեւէ մեկը որոշակի ցուցմունք չի տալիս, որ իրականում տուժել է: Վկան ասում է, որ Ազատության հրապարակից է բերման ենթարկել, մինչդեռ իմ պաշտպանյալը ձերբակալվել է Աբովյան փողոցում: Տեսեք, ինչ զավեշտ է կատարվել իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտված Ս. Երիցյանի դեպքում. վկաներից մեկն ասում է, որ քաղաքացուն բերման են ենթարկել «Ժիգուլիով», մյուսը՝ «Ուազիկով», իսկ մեղադրյալը հստակ վկայում է, որ իրեն «Ֆորդով» են տարել: Նշեմ նաեւ, որ մենք չկարողացանք դատարանին ապացուցել, որ Ս. Երիցյանը 2 օր առանց կարգավիճակի հաստատման՝ անօրինական ձերբակալված է եղել»:

Հ. Բաղդասարյանը, խոսքն ուղղելով մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանների՝ հասարակական անվտանգությունը պահպանելու համար ծավալած «գործողություններին», հավելեց. «Համաձայն ՔՕ-ի 225 հոդվածի, անձի գործողությունները պետք է ուղղված լինեն հասարակական անվտանգությանը, այսինքն՝ նախաքննության մարմինը պետք է ապացուցեր, դատարանն էլ դատավճռով հաստատեր, որ իմ պաշտպանյալի գործողություններն ուղղված են եղել հասարակության դեմ, իսկ ոստիկանների գործողությունները դեռեւս օրենքով ապահովագրված չեն: Որեւէ ոստիկան դատարաններում կոնկրետ չի կարողանում ասել, թե ինքն ինչ ֆունկցիա էր իրականացնում Ազատության հրապարակում եւ Մյասնիկյանի արձանի մոտ: Նախաքննական եւ դատաքննական մարմինները եւս չեն հիմնավորում, թե ինչ գործողություններ էին իրականացրել ոստիկանները: Ի վերջո, ոստիկանները ցուցմունք են տալիս, որ մինչեւ իրենց գալը՝ ժողովուրդը հանգիստ կանգնած էր, խժդժություն առաջացավ իրենց գալուց հետո, այսինքն՝ ոստիկանները հրահրել են անօրինական գործողություններ: Նրանց գործողությունները նպատակ չեն հետապնդել հասարակական անվտանգությունն ապահովելու, այլ՝ հասարակության մի մասը զատել մյուսից: Դրա համար էլ ասում եմ, որ իմ պաշտպանյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքները անհիմն են: Ի դեպ, նախաքննության ժամանակ մեր բոլոր միջնորդությունները մերժվում էին»:

Հիշեցնենք նաեւ, որ Հ. Բաղդասարյանի պաշտպանությամբ այժմ վերաքննիչ դատարանում են գտնվում Ա. Բարեղամյանի, Վ. Ղավալբաբունցի, Ք. Էլազյանի գործերը: Ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ վիճակում է ՆԺԿ նախագահ Ա. Կարապետյանի գործը, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Նախաքննական մարմինը շարժվում է ոչ աջ, ոչ ձախ, որեւէ գործողություն չի անում: Ասում է. երբ գործողություններ անենք՝ կկանչենք»:

Դատարանները՝ նախաքննական մարմնի «կրիչ»

«Հանրային պաշտպանի գրասենյակի» պաշտպան Ամալյա Ավագյանն իրականացրել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն «գործադրած» Ավետիք Ներսիսյանի, Խաչիկ Գասպարյանի եւ Արմեն Ավագյանի պաշտպանությունը: Ա. Ավագյանի ներկայացմամբ՝ «Մարտի 1»-ի գործը քրեական չէ. «Դատական գործընթացները ֆարս էին, մեղադրանքները՝ կեղծ, շինծու, եւ իմ պաշտպանյալները՝ անմեղ: Գրած սցենարով ուզում էին մինչեւ վերջ «սաղացնել» այդ գործը, որը դատարաններում կոտրվում է: «Մարտի 1»-ը մի գործ է, բայց տարանջատելով՝ ուզում են այդպես կոտրել, որը, իհարկե, չի ստացվում: Իմ պաշտպանյալների գործերում ընդամենը ցուցմունք տվողները 3 ոստիկան են: Վկաներից մեկն իբր բերման ենթարկողն է, մյուսը այդ ամենը հեռվից տեսնողն է, վերջինն էլ՝ մատյանում լրացնողը: Մեղադրանքը հիմնավորող ոչ մի ապացույց չկա: Մինչդեռ, ըստ ԵԽԽՎ-ի սահմանումների, եթե ոստիկանների ցուցմունքներով է մեղադրանքը հիմնավորվում, ապա այն պետք է կարճել»:

Ըստ Ա. Ավագյանի, «Մարտի 1»-ի գործում հակաօրինական են գործել նախաքննական եւ դատաքննական մարմինները: «Իմ պաշտպանյալներին մեղադրել են 225 պրիմ հոդվածի 2-րդ մասով եւ 316 հոդվածի 2-րդ մասով: Սակայն նախաքննության ավարտին թողեցին միայն 316 հոդվածի 1-ին մասը: Ընթացքում քննիչները հատուկ բանակցություններ էին վարում, համոզման փուլ էր ընթանում: Եթե իմ պաշտպանյալներն իրենց մեղքն ընդունեին, հենց այդ պահին իրենց կալանքի սանկցիան կփոխվեր՝ ստորագրությամբ չհեռանալու մասին: Իբր թե ընդառաջում են, սակայն իմ պաշտպանյալներից ոչ մեկն էլ չհամաձայնեց: Դատախազությունը չի ուզում հանձնվել: Ընդհանուր իրավասության դատարանում արդարացված Ա. Ներսիսյանի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը նույնիսկ թողեց իր մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմը եւ սկսեց դահլիճի եւ դատավորների վրա աշխատել՝ ասելով, որ դատերի ժամանակ իրեն ճնշել են, վիրավորել, որից ազդվել է դատարանը: Կ. Փիլոյանը վերաքննիչ բողոքում անգամ չէր գրել, թե տվյալ դատավարության ո՞ր նորմն է խախտվել, որի հիման վրա կվիճարկեր այն: Միայն փոխել էր մեղադրական եզրակացության վերնագիրը եւ բերել դատարան»,- պատմեց պաշտպանը:

Դատարանների՝ վերեւներից կախման մեջ լինելը հիմնավորելու համար Ա. Ավագյանը բերեց հետեւյալ զավեշտալի փաստերը. «Մենք լսեցինք, թե ինչպես է Խ. Գասպարյանի դատավոր Ավետիսյանը միջանցքում մեղադրողին նյարդայնացած ասում, թե էս ի՞նչ եք բերել իմ վզին փաթաթել: Դատարանները նախաքննության փուլում էլ են աջակցել նախաքննական մարմնին, երբ խափանման միջոցի հարց էր լուծվում: Նրանք միայն բավարարում էին կալանավորմանը վերաբերող քննիչի միջնորդությունները՝ առանց դրանք հետազոտելու: Առանց պատճառաբանելու՝ ինձ մերժում էին գրավի միջոցով փոխել կալանքը: Ինձնից հետո մեր մյուս պաշտպան Կարեն Մանուչարյանը եւս մտնում է նույն դատավորի մոտ, նրան հարցնում են, թե դո՞ւ էլ ես միջնորդում, որ գրավ կիրառվի, Կարենն ասում է, որ իր պաշտպանյալը անվճարունակ է եւ դրա անհրաժեշտությունը չկա: Երբ Կարենը ստացավ որոշումը, վերջինի մեջ գրված էր՝ պաշտպանի գրավի միջնորդությունը եւս մերժվել է: Այսինքն՝ քննիչը ինչ կրիչով տալիս էր դատարանին, դատարանը միայն փոխում էր քննիչի միջնորդությունը իր որոշմամբ»: Ա. Ավագյանի ամփոփմամբ՝ դատարանները, գտնվելով ճնշման տակ, միայն հաստատեցին նախաքննական մարմնի թույլ տված սխալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել