Բազմանդամ ընտանիքին մերժում են բոլորը
Արմինե Փարսադանյանի բազմանդամ ընտանիքը 1975-ից ապրում է Նոր Նորքի 4-րդ զանգվածի 45 շենքի 44 բնակարանում: 9-րդ հարկի 3 սենյականոց անբարեկարգ բնակարանում ապրում է նրա քույրը՝ հաշմանդամ երեխայով, ամուսինը՝ 2-րդ կարգի զինվորական հաշմանդամ: Եղբոր կինն էլ՝ Լարիսա Հովհաննիսյանը մտավոր թերզարգացած է: Այս տանը գրանցված են նաեւ անչափահաս երեխաներ: Ամենափոքրը 2 ամսական է: Արմինե Փարսադանյանը, պայմաններ չլինելու պատճառով, իր երեք անչափահաս երեխաներին տեղափոխել է մանկատուն: Ամեն անգամ մանկատնից երբ տուն են գալիս՝ երեխաները ընդվզում են, լաց լինում. նրանք չեն ուզում վերադառնալ մանկատուն:
Երեխան, որը քնում է սեղանի տակ, իր դեմքը ծածկեց այսպես:
Ճաշասենյակի ամենօրյա վիճակը:
Փարսադանյանները՝ եղբայրն իր ընտանիքի անունից, քույրը՝ իր ընտանիքով, Արմինեն՝ միայնակ մոր կարգավիճակով, դիմել են Նոր Նորքի թաղապետարան՝ կարիքավոր ընտանիքների առաջնահերթ ցուցակում ընդգրկվելու համար: Թաղապետարանի բնակելի ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Ս. Սարգսյանը պատասխանել է. «Բնակարանային շինարարության եւ բնակելի տարածքների բացակայության պատճառով ներկայումս հնարավոր չէ լուծել ձեր բնակարանի հարցը»: Զինվորական հաշմանդամ եղբայրն իր հերթին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին: Այնտեղից էլ հայտնել են. «Ներկայումս բնակելի տարածք չունենալու պատճառով չենք կարող ձեզ հաշվառել եւ բավարարել ձեր խնդրանքը»: Իսկ թաղապետարանի զարգացման ծրագրերի եւ բնակելի ֆոնդի բաժնի պետ Ս. Ռուշանյանն էլ օրեր առաջ կտրուկ տոնով հայտնել էր. «Հնարավոր չէ լուծել ձեր ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման հարցը»:
60-ամյա Վարսիկ Սուքիասյանը՝ Փարսադանյանների մայրը, տեղեկացրեց, որ այցելել է իրենց շենքին կից գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանի նախընտրական շտաբ. «Խնդրեցի, ասացի՝ քանի որ մեր բակում եք, բարձրացեք մեր բնակարան: Բացատրում եմ, որ պատուհանով եմ ելումուտ անում, որպեսզի սենյակի միջով չանցնեմ, չխանգարեմ այնտեղ քնած թոռնիկներիս: Սակայն պրոբլեմին ծանոթանալ չեն փորձում»: Աղոտ հույս էր տվել թաղապետարանի բնակֆոնդի աշխատակից Ռուբիկ Շահվերդյանը: Նա առաջարկել է գնել 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանի զուգարանը: Առաջարկվել է քառակուսի մետրի համար 27.500 դրամ: Արմինե Փարսադանյանը տոկոսով գումար է ճարել, սակայն այս հարցում էլ նրանց բախտը չի բերել. հանրակացարանի բնակիչները բողոքել են: