Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆ ՈՒ ԳԱԶՕՋԱԽԸ ԲԵՐԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"\"Հիվանդ կնոջից խաբեությամբ կորզել են անձնագրային տվյալներն ու ապառիկ գնումներ արել

Գայանե Առաքելյանը տառապում է առաջին աստիճանի բարդության մտավոր հետամնացություն հիվանդությամբ: Ինչպես փաստում է նրա խնամակալությունը ստանձնած քույրը՝ Մելինե Առաքելյանը, Գայանեն խիստ անկայուն եւ անհավասարակշիռ բնավորություն ունի, արագ բորբոքվում է եւ կորցնում ինքնատիրապետումը: Նրա հոգեկան անկայունության մասին իրենց ստորագրություններով վկայել են նաեւ հարեւանները: Գայանեն բնակվում է քրոջ եւ վերջինիս հիվանդ, լսողությունը կորցրած որդու հետ՝ ընտանիքն ապրում է հիվանդ երեխայի թոշակով եւ նպաստով: Օգտվելով այն հանգամանքից, որ Մ. Առաքելյանը բացակայում է տնից, ինչ-որ մեկը (ըստ ամենայնի՝ հարեւանուհին) Գայանեին աշխատանքի տեղավորելու պատրվակով եկել է նրանց տուն ու խնդրել է անձնագիրը: Լինելով անկայուն հոգեկան վիճակում՝ Գայանեն միանգամից համաձայնել է, վերցրել է անձնագիրն ու անծանոթի հետ գնացել «Բյուրակն» կենցաղային տեխնիկայի խանութ-սրահ: Նրան հավաստիացրել են, թե հենց այդ խանութն է լինելու իր ապագա աշխատավայրը: Մինչ Գայանեն կուրախանար աշխատանքի տեղավորվելու հույսերով, օգտագործելով նրա անձնագրային տվյալները, 11.09.07թ. ստորագրել են եւ խաբեությամբ համաձայնություն ստացել ապառիկ եղանակով տեխնիկա գնելու համար: Ըստ ստորագրված ապառիկ առուվաճառքի պայմանագրի, Գայանե Առաքելյանն իբր ձեռք է բերել 187 հազար դրամ արժողությամբ LG մակնիշի լվացքի մեքենա, ինչպես նաեւ 142 հազար 800 դրամանոց գազօջախ: 329 հազար 800 դրամ ընդհանուր գումարի 20%-ի չափով վճարել է կանխավճար՝ 65 հազար 960 դրամ, իսկ ապրանքների արժեքների մնացորդը գնորդի կողմից պետք է վճարվեր 12 ամիսների ընթացքում: Բացի դա, պարտքի փաստացի մնացորդի վրա հաշվարկվել է նաեւ տարեկան 24% տոկոսադրույք: Լվացքի մեքենան եւ գազօջախը, իհարկե, Գայանեի տանը չեն հայտնվել, այլ գտնվում են «անհայտ վայրում»:

Գայանեի պարտավորությունների չկատարման հետեւանքով, գնման օրից 12 ամիս անց, նրա անվան դիմաց մնացել է 169.994 դրամ պարտք, որի բռնագանձման պահանջով այս տարվա մայիսի 7-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, որը «Բյուրակն» խանութ-սրահի հետ կնքած պայմանագրով հանդիսանում է պահանջատեր: 26.06. 08թ., դատավոր Ս. Ղազարյանի նախագահությամբ, դատարանը մերժել է բանկի հայցը: Ապացուցվել է, որ ապառիկ առուվաճառքի պայմանագիր Գայանեն չի կնքել: Բանկի կողմից պայմանագրին կցված Գայանե Առաքելյանի անվամբ տրված անձնագրի պատճենում՝ «անձնագրի տիրոջ ստորագրությունը» բաժնում կա միանգամից երկու ստորագրություն, որոնցից երկրորդը առկա է նաեւ առուվաճառքի պայմանագրում: Մինչդեռ, դատարան ներկայացված Գայանե Առաքելյանին պատկանող անձնագրի բնօրինակում բացակայում է երկրորդ ստորագրությունը: Այսինքն՝ բանկի կողմից որպես ապացույց ներկայացրած Գ. Առաքելյանի անձնագրի պատճենը չի համապատասխանում անձնագրի տվյալներին: Պատճենում կան բնօրինակին չհամապատասխանող ուղղումներ, ինչն էլ դատարանին հիմք է տվել եզրակացնելու, որ ապառիկ առուվաճառքի պայմանագիրը Գայանեն չի ստորագրել եւ այդ պայմանագրով որեւէ պարտավորություն չի ստանձնել:

Դատարանի վճռից դժգոհ է մնացել «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն եւ դիմել է վերաքննիչ դատարան: Վերաքննիչ բողոքով բանկն իր «զարմանքն» է հայտնել, թե ինչպես կարող էր դատարանը՝ հաշվի առնելով ստորագրությունների անհամապատասխանությունը, փաստել, որ Գայանեն առուվաճառքի պայմանագիր չի ստորագրել եւ որեւէ պարտավորություն չի ստանձնել: «Դատարանը ստորագրության անհամապատասխանությունը գնահատել է որպես պատասխանողի կողմից պայմանագիրը չստորագրած լինելու հանգամանքը հիմնավորող ապացույց, ինչը, մեր կարծիքով, հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի խախտում»,- նշված է բանկի վերաքննիչ բողոքում: Բնականաբար, բանկն իր բիզնեսի եւ գումարի մասին է անհանգստանում, բայց դա արդեն հարցի մյուս կողմն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել