Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարիտոնի երրորդ այցը

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"\"Կանադահայ երգիչ Կարո Նշանյանը նպաստում է հայաստանցի վոկալիստների ճանաչմանը

Ծնունդով՝ Պոլսից, 1962թ. Կանադայում հաստատված եւ բեմական գործունեությունը այդ երկրում շարունակող երգիչ Կարո Նշանյանը, որը պոլսահայ ճանաչված շարականագետ Ավագ քահանա տեր Հուսիկի որդին է, շուրջ 50 տարի պրոֆեսիոնալ բեմում է: Առաջին անգամ հայրենիք է այցելել 1997թ., որին հաջորդել են հայաստանյան երկու մենահամերգները՝ 2003-ին եւ 2005-ին: Այսօր կրկին ճանաչված բարիտոնը հայրենիքում է: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ 80-ականների սկզբին հայ օպերային արվեստի ճանաչված անուններ Էլլադա Չախոյանի, Բարսեղ Թումանյանի եւ մյուսների ընկերակցությամբ Մոնրեալի «Էքսպո» թատրոնում մասնակցել է Տիգրանյանի «Անուշ» եւ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաների ներկայացումներին՝ կատարելով Մոսիի եւ Թաթուլի դերերգերը: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում սեպտեմբերի 25-ին «Մոնրեալ-Երեւան երաժշտական կամուրջ» համերգային ծրագրով երգիչը բեմ կբարձրանա Ազգային օպերային թատրոնի եւ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի երիտասարդ մեներգիչների հետ:

Կ. Նշանյանին խնդրեցինք ներկայացնել նշված նախագիծը: «1960-ականներից մինչ օրս Մոնրեալում, երկու տարին մեկ, դաշնակահարները, ջութակահարները, թավջութակահարները եւ վոկալիստները մասնակցում են երիտասարդ երաժիշտների հեղինակավոր միջազգային մրցույթին: 2005թ., երբ Հայաստանում էի, այս մասին տեղեկացրի վոկալիստներին եւ ութ երգիչ 2007-ին մասնակցելու համար Մոնրեալ ուղարկեցին իրենց ձայնագրությունները: Ցավոք, ոչ մեկին չհաջողվեց մասնակցության իրավունք ստանալ: Նշեմ, որ բոլոր ֆինանսական ծախսերը հոգում են մրցույթի կազմակերպիչները: Ի դեպ, մոնրեալյան մրցույթում հայ երաժիշտներից 1970-ականներին մասնակցել եւ փայլել է միայն ջութակահար Ռուբեն Ահարոնյանը: Պարոնյանի թատրոնում տեղի ունենալիք համերգին կներկայանան այն վոկալիստները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու 2009-ին կայանալիք մոնրեալյան մրցույթին: Ժյուրիին ներկայացվող ձայնագրությունները պետք է լինեն ոչ շտկված, ասել է թե՝ հնչյունային ռեժիսորը չի կարող դիմել տեխնիկայի օգնությանը՝ «սարքելով» այս կամ այն ստեղծագործության չհաջողված կտորները»,- հայտնեց արվեստագետը:

Մեր զրուցակցին փոխանցեցինք «Առավոտի» հետ զրուցած ինչպես հայաստանցի, այնպես էլ արտերկրացի երաժիշտների կարծիքը, հաճախ էլ՝ հիմնավոր հավաստիացումները միջազգային մրցույթներում տեղի ունեցող անարդարությունների մասին: Կ. Նշանյանը, դրանք բացառելով մոնրեալյանի «մասով», հայտնեց հետեւյալը. «Տարբեր տարիներ ժյուրիի կազմում եղել եւ այն գլխավորել են Բերգոնցին, Քրաուզը, Վերեթը, Միլզը եւ այլ աշխարհահռչակ անուններ: Չեմ կարծում, որ նրանք առիթ տային տարբեր խոսակցությունների: Բերեմ, թեկուզ, 2007 թվականի օրինակը. երբ կապվեցի մրցույթի կազմակերպիչների հետ՝ ոչ թե բարեխոսելու, այլ պարզապես իմանալու, թե հայաստանցի 8 երգիչներից, այնուամենայնիվ, ո՞վ է լավ տպավորություն թողել, նրանք ինձ սիրալիր պատասխանեցին, թե ներկայացվող CD-ի վրա խիստ գաղտնի է երգչի անունը»: Մեզ հետ զրույցի ավարտին Կ. Նշանյանը տեղեկացրեց նաեւ, որ վերջին տարիներին ինքը զբաղված է նաեւ հասարակական գործունեությամբ, կազմակերպում է բարեգործական համերգներ եւ հայաստանցի որոշ անուններ իր օգնությամբ են ներկայացել կանադացի հանդիսատեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել