Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ՝ ԻՇԽԱՆԻՆ

Սեպտեմբեր 20,2008 00:00

Վախճանվեց Անդրեյ Վոլկոնսկին

Ծանր լուրը հասել է աշխարհի տարբեր անկյուններ. մահացել է իշխան եւ մեծ կոմպոզիտոր Անդրեյ Վոլկոնսկին: Նրան ճանաչած յուրաքանչյուր մարդու համար դժվար է հրաժեշտի խոսքեր գտնելը, քանի որ նա թե հզոր ներկայություն էր, թե հավերժին վաղուց ձուլված լեգենդ:

Երջանիկ բախտն եմ ունեցել իր մտերիմը լինելու՝ տասնամյակներ շարունակ՝ 60-ականներից սկսած։ Երկու օր առաջ զանգեցի նրան՝ Էքս-ան-Պրովանս (Ֆրանսիա), որտեղ ապրում էր: Պայմանավորվեցինք, որ պիտի այցելեմ իրեն եւ մի գիշեր իր հյուրը լինեմ: Այս առթիվ ուրախ էր, այս առթիվ ուրախ էի: Եվ ահա այս առավոտ (սեպտեմբերի 17-ի-խմբ.) ժամը 5-ին, երբ փորփրում էի «Эхо Москвы»-ի ինտերնետային կայքը, կարդացի, որ ինքն այլեւս չկա:

… Մեծ երաժիշտ էր, կոմպոզիտոր, կլավեսինահար: Մեծ էրուդիտ էր երաժշտության (եւ ոչ միայն երաժշտության) բնագավառում: Իր հետաքրքրությունները տարածվում էին Վերածննդի շրջանից մինչեւ այսօրվա ավանգարդ երաժշտությունը, եվրոպական դասականներից մինչեւ Արեւելքի մուղամների աշխարհը: Գիտենք, որ սովետական ավանգարդ երաժշտության սկզբնավորումն ու կայացումը իրագործած կոմպոզիտորների առաջին շարքում էր, եթե չասենք՝ առաջինն էր այդ շարքում: Նա նորագույն երաժշտության ամենավառ օրինակները ծնեց երաժշտության բնագավառում: Նրա «Musika Strikta»-ն, «Հայելիների սյուիտը» (Լորկայի բանաստեղծությունների հիման վրա), «Շչազայի գանգատը» կամերային կանտատը եւ այլ երկեր այսօր համարվում են նորագույն ռուս երաժշտության անանց արժեքներ, եւ աշխարհում չկա ռուս կամ սովետական երաժշտությանը նվիրված որեւէ փառատոն, որի ծրագրում ներկայացված չլինեն այս գործերից մեկը կամ մի քանիսը:

60-ականներին, երբ ծանոթացա իր հետ, զարմանքով հայտնաբերեցի, որ միայնակ անցել էր հայաստանյան բոլոր ճանապարհներով, գիտեր հայաստանյան բոլոր ճարտարապետական կոթողները եւ եկեղեցիները՝ անուն առ անուն: Եվ իր անսահման սերն էր հավաքել հանդեպ թե՛ Հայաստանի բնությունը, թե՛ մշակութային մեր հնագույն արժեքները:

70-ականներին դուրս եկավ Սովետական Միությունից (Հայաստանում եղած ժամանակ սիրում էր ասել՝ «շ ՈւտՈՐ», քանի որ 47-ին էր ներգաղթել Ռուսաստան Եվրոպայից): ԽՍՀՄ փլուզումից հետո քանիցս այցելել եմ իրեն Էքս-ան-Պրովանսում, եւ յուրաքանչյուր այցելությանս հիշել է Նորավանքը, խնդրել է, որ իր փոխարեն այցելեմ եկեղեցին եւ մոմ վառեմ նաեւ իր անունից:

Տարիներ շարունակ իր հետ երաժշտություն ենք լսել, եւ այդ պահերը ամենագեղեցիկն ու ամենաապրվածն են եղել մեր ընկերության մեջ։ Չեմ տեսել ուրիշ մեկին, որին երաժշտության ունկնդրելու վայելքը ապրումի այդպիսի խորքեր տանել կարողանար։

Անդրեյ Վոլկոնսկին մի քանի սերունդների համար ապրող լեգենդ էր, եւ այդ լեգենդին առնչվող մոսկովյան ամսագրերից մեկում տպագրված նյութերից մեկը ուղարկել եմ իշխանին՝ Էքս-ան-Պրովանս։ Նյութը հետեւյալն էր. դաշնակահարուհի Մարինա Յուդինան՝ Մոսկվայի կոնսերվատորիայի հսկան (միակը, որ սովետի տարիներին իրավունք ուներ կոնսերվատորիա մտնել հսկա խաչը կրծքին կախ) նամակ է գրում իր բարեկամ Բորիս Պաստեռնակին եւ, մեծ բանաստեղծի վերջին տարիների ծանր մեկուսացումը թեթեւացնելու համար, նրան առաջարկում է այցելել իրեն՝ լսելու շատ տաղանդավոր Անդրեյ Վոլկոնսկու նոր ստեղծագործությունը՝ իր կատարմամբ։ Դեռ այն տարիներից Վոլկոնսկու ստեղծածը այս շրջանակի մարդիկ ձեռքից ձեռք էին փոխանցում իբրեւ երաժշտության մեջ վեհ պոեզիայի եւ ազնվականության եզակի արտահայտություն ու մասունք:

Անդրեյ Վոլկոնսկու կորուստը մեծ ցավ է թե՛ իր երաժշտությունը գնահատողների, թե՛ նրա՝ շքեղ ասեմ, շռայլ ասեմ, ընկերությունը վայելած երաժիշտների եւ ոչ երաժիշտների համար:

Մի քանի օրից Ֆրանսիայի Նիցցա քաղաքից ոչ հեռու գտնվող Վոլկոնսկիների (Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի այն նույն Վոլկոնսկիներն են) գերդաստանի տոհմական գերեզմանոցում հողին կհանձնվի Անդրեյի աճյունը: Թող հողը թեթեւ լինի նրա վրա։ Լույս իջնի նրա գերեզմանին:

Անդրեյ, գիտեմ, հիմա մտքով քեզ հետ է աշխարհի տարբեր ծագերում ապրող, քո մտերմությունը վայելած ընկերների մի ամբողջ ընտանիք՝ Նատալյա Գուտմանը, Սոֆյա Գուբայդուլինան, Ալֆրեդ Շնիտկեի այրին՝ Իրինան, Արվո Պյարտը, Վալենտին Սիլվեստրովը, Գիա Կանչելին…

…Սիրելի Անդրեյ, ես դեռ չեմ կարողացել քեզ կորցնելու ցավը հոնգուր-հոնգուր լաց դարձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել